Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԿԻՆՈՆ


 

Հերթական մտահոգություններ` ոչ հերթական հարցադրումներով

«Ոսկե ծիրանն» այս օրերին ոգևորել է հատկապես երիտասարդ կինեմատոգրաֆիստներին ու Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինո բաժնի ուսանողներին, ովքեր ներկայանալու հնարավորություն են ստացել, ովքեր վերջապես հայտնվել են փառատոնը կազմակերպողների ուշադրության կենտրոնում: Ուրախացել են նաև փոքրաթիվ կինոսիրողները, ովքեր առիթ կունենան դիտելու մի շարք ֆիլմեր, ծանոթանալու մասնավորաբար արևելյան կինոյում տեղի ունեցող տեղաշարժերին և նորահաստատումներին:

Իհարկե, «Ոսկե ծիրանը» դեռևս աշխարհի կինեմատոգրաֆիստների կողմից չի ընկալվում որպես լուրջ մրցավայր, դեռևս մեր մրցանակը տեղ չի գրավել հեղինակավոր մրցանակների շարքում, սակայն կիսատեղային նշանակության փառատոնն, այնուհանդերձ, այն օազիսն է, դեպի որը հատկապես ձգվում են հայ երիտասարդ կինեմատոգրաֆիստները: Պատճառն այն է, որ Հայաստանում մշակութային իրողությունների դաշտից արդեն տևական ժամանակ գրեթե դուրս է մղվել կինոն` մեր կենցաղից դուրս մղելով նաև կինո հաճախելու մշակույթը: Երբ ազգային կինոմրցանակաբաշխության կազմակերպիչներն ու պատասխանատուները հայտարարեցին մրցույթի ներկայացված ֆիլմերի ցանկը` շատերի մոտ գլխապտույտ առաջացավ: Շատերը զարմանքով տեղեկացան, որ Հայաստանում նկարահանվում են մեծ թվով ֆիլմեր, և, ի տարբերություն խորհրդային տարիների, այսօր ձևավորվել է երիտասարդ կինեմատոգրաֆիստների բազմամարդ սերունդ, որը ստեղծում է իր ֆիլմերը, ապրում ստեղծագործական որոնումներով, ինքնովի շփվում համաշխարհային կինոյի հետ` փորձելով այնտեղ գոյավորված առաջապահ միտումները մեկտեղել ազգային կինոյի առանձնաձևերին և գեղագիտական յուրահատկություններին: Սակայն նկարահանված բազմաթիվ ֆիլմեր ցուցադրվում են ընդամենը ընկերական շրջապատի համար, ապա պահվում գզրոցներում` այլևս որևէ մեկին պետք չգալու վստահ համոզմունքով: Եթե որևէ երիտասարդ կինեմատոգրաֆիստի բախտը բերի ու մասնակցի որևէ միջազգային կինոփառատոնի, ապա դա փրկություն կլինի, որովհետև ինչ-որ երկրում և ինչ-որ փառատոնի ժամանակ կիմանան բեմադրիչի ու նրա ստեղծագործության մասին: Իսկ հայաստանյան «լայն հանդիսատեսն» այդպես էլ անհաղորդ կմնա մեր կինոյին, երբեմն-երբեմն կդժգոհի, որ Հենրիկ Մալյանից ու Ֆրունզե Դովլաթյանից հետո ազգային կինեմատոգրաֆը կանգ է առել, որ անգամ այսօր դասական դարձած Ալբերտ Մկրտչյանն ու Արման Մանարյանն այլևս ֆիլմեր չեն նկարահանում...

Այս մտայնության և իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանում կինոթատրոն հասկացությունը շատ քաղաքներում իսպառ չգոյացել է: Մայրաքաղաքն էլ պարփակվել է «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոնների շրջագծերում, որոնք ունեն նաև կոմերցիոն շահեր ու խնդիրներ, հետևաբար չեն կարող անվերջորեն իրենց դահլիճները տրամադրել երիտասարդ կինեմատոգրաֆիստների հաճախ նաև զուտ փորձարարական ֆիլմերի ցուցադրությանը: Ուրեմն, իսկապես «պատային վիճակ», որից գրեթե ոչ ոք չի կամենում դուրս գալ, քայլեր ձեռնարկել, հանդես գալ նախաձեռնություններով:

Երբ ստեղծվեց Ազգային կինոկենտրոնը, նրա գաղափարախոսության և գործառույթների մեջ ընդգրկվեց նաև ցուցադրումների կազմակերպման խնդիրը, այսպես կոչված` կինեմատոգրաֆիական միջավայրի ձևավորման պարտականությունը: Սակայն կինոկենտրոնը վերածվեց կիսաբյուրոկրատական կառույցի, որը սկսեց զբաղվել իբրև թե կինոարտադրությամբ, միայն իրեն հատուկ «չափորոշիչներով»: Կարճ ասած` գրեթե կիսախորհրդային մի կազմակերպություն, որի դռները երբեք չեն բացվում համարձակ փորձարարության առջև, որը չի կամենում դառնալ իրապես պրոդյուսերական կենտրոն` նպաստելով ազգային կինեմատոգրաֆի հարստացմանը, նորարարական ձգտումների արմատավորմանը: Այստեղ հովանավորվում են գլխավորապես «ձեռներեց» բեմադրիչների ֆիլմերը, մինչդեռ շատերը հայտնվում են «արգելափակոցից» անդին: Կինոկենտրոնի տնօրինությունը «հարսանեկան գեներալների» տեսքով մասնակցում է տարբեր միջազգային կինոփառատոների` դրանք անհասանելի դարձնելով իսկական կինեմատոգրաֆիստների, տաղանդավոր երիտասարդության համար: Նույն կինոկենտրոնը չի կամենում, կամ` չի կարողանում լուծել կինոցուցադրումների կազմակերպման հարցը` պետական կառույցների և գործարարների հետ լուծելով կինոթատրոնների ձևավորման խնդիրը: Պատճառը ոչ արհեստավարժ վերաբերմունքն է, անտեղյակությունն է արտմենեջմենթից, հնացած ու արխայիկ մտածողությունն է: Հենց մայրաքաղաքում քիչ չեն կիսալքված տարածքները, որոնք կարելի է փոքր կինոդահլիճների վերածել, կազմակերպել ցուցադրություններ` ապահովելով նաև ներդրողների եկամուտները: Հանրապետության մյուս բնակավայրերում ևս կարելի է կազմակերպել կինոցուցադրություններ, ձևավորել այնպիսի մթնոլորտ, որ կինոսիրողը գնա կինոդահլիճ` այսպես գեղագիտական հաճույքը դարձնելով նաև բիզնես շահույթի միջոց այդ դահլիճների տերերի համար: Սա պետք է արվի կինոկենտրոնի ջանքերով` ամեն ինչ տեղավորելով կինոյի ազգային ծրագրի մեջ, որը, ինչպես պարզեցինք, տակավին գոյություն չունի: Այսինքն, տարերային գործունեություն` ամեն ինչ հպատակեցված մեկ-երկու անհատի (հիմնականում` ոչ կինեմատոգրաֆիական կրթությամբ) քիմքին ու քմահաճույքին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ