Իմաստուն պահանջ


 

Ո՞վ կարող էմեղադրել այն պետության ղեկավարին, ում երկրում արդյունաբերություն կա, այն էլ` ավտոարտադրություն, բայց պետական պաշտոնյաները պետբյուջեի միջոցներով արտասահմանյան մեքենաներ են գնում: Խոսքը ոչ թե անձնական օգտագործման, այլ ծառայողական փոխադրամիջոցների մասին է:

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն արգելել է արտասահմանյան արտադրության մեքենաներ գնել` պետական կարիքների համար:

- Մեզ մոտ մեր ավտոմեքենաներն են արտադրվում, իսկ նրանց պետք է «Մերսեդեսներ» մատուցել: Թող իրենց գրպանից առնեն: Անհապաղ արգելե´լ: Ինչ պետական միջոցներ են ծախսվում,- հայտարարել է նախագահն Աստանայում:

Նա հիշեցրել է, որ կառավարությանը հանձնարարել է ազգային ընկերությունների և պետմարմինների միջոցով ապահովել հայրենական արտադրության ավտոմեքենաների գնումը: Բայց`

- Անվտանգության ծառայությունից, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարություններից բացի ոչ մեկը պայմանագրեր չի կնքել: Շարունակում են տեխնիկա գնել արտասահմանում: Ե՞րբ կվերջանա այս այլանդակությունը, Քարիմ Քաժիմկանովիչ,- վարչապետ Մասիմովին շատերի ներկայությամբ դիմել է Նազարբաևը:- Որքա՞ն կարելի է այս մասին խոսել:

Իր տնտեսությամբ մտահոգ իշխանավորը մսխումները կանխելու այլ հիմնավորում էլ ունի.

- Արևմուտքում փոքրալիտաժներ են գնում: Իսկ մերոնք` հենց նոր հարստացած նախկին աղքատները կերթևեկեին տանկերով` եթե այդպիսի մարդատար մեքենաներ վաճառեին: Ասացեք խնդրեմ` ազդեցի˜կ է. բոլորը իրենց են նայում: Լիովին անկրթություն է և ցածր որակ,- եզրափակել է Նազարբաևը:

Նրա ելույթն անծպտուն լսող բոլոր ներկաները բուռն ծափահարել են: Ծափահարել են նաև պետական պաշտոնյաները: Երևի հասկացել են, որ ուրիշ ճար չունեն` այլևս ծառայողական մեքենաների արտասահմանյան շուքով իրենց վարկը չեն կարող բարձրացնել: