Ոստիկանությունը ձեռնունայն հեռացավ


 

Նիկոլա Սարկոզիի դեմ հնչած մեղադրանքները հերքելու կամ հաստատելու «գործընթացը» կարծես սկսվել է: Երկու օր առաջ նրա տանն ու գրասենյակում խուզարկություն է կատարվել (հաղորդել է «Կոմերսանտ FM»-ը):

Հետաքննիչները եղել են Կառլա Բրունի-Սարկոզիի տանը (Փարիզի Մոնմորանսի թաղամասում), «Առնո, Կլոդ և գործընկերներ» փաստաբանական գրասենյակում (որի համասեփականատերն է Նիկոլան), ինչպես նաև էքս-նախագահին տրամադրված նոր գրասենյակում: Օրենքի պահապաններին, սակայն չի հաջողվել որևէ ապացույց գտնել առ այն, որ 2007-ին Սարկոզիի ընտրարշավը ֆինանսավորվել է ապօրինի միջոցներով:

- Ինչպե˜ս և սպասվում էր` խուզարկության ընթացքում ոչինչ չհայտնաբերվեց,- լրատվամիջոցներին տեղեկացրել է փաստաբան Թյերի Էրցոգը:

Ընդհակառակը, հայտնաբերված որոշ փաստաթղթերը լավագույն ապացույցն են, որ L&undefined;OreΖl-ի տիրուհու` տիկին Բետանկուրի հետ Սարկոզին որևէ գաղտնի հանդիպում չի ունեցել:

Խուզարկության պահին «կասկածյալ» Նիկոլան ոչ միայն տանն ու գրասենյակներում չի եղել, այլև բացակայել է Ֆրանսիայից. ընտանիքի հետ նա մեկնել էր Կանադա:

Արդյո՞ք այս խուզարկության արդյունքը կբավարարի իշխանություններին` հերքելու Ֆրանսիո նախկին թիվ 1 պաշտոնյայի հասցեին հնչած մեղադրանքներից մեկը: Ամեն ինչ հավանաբար կախված է նրանից, թե կա՞ դիտավորություն` Սարկոզիին անպայմանորեն պատասխանատվության ենթարկելու: Եթե այո` ապա երևի կգտնվի, հակառակ պարագայում Սարկոզին նորից կարող է բացակայել երկրից, ու ապացույցներ որոնողները նորից նրա տնից ձեռնունայն կհեռանան: