Ընդդիմությունը միասնական թեկնածու կառաջադրի՞


 

Առաջիկա նախագահական ընտրությունների և այդ ընտրություններում ընդդիմության կողմից մեկ միասնական թեկնածուով հանդես գալու հավանականության վերաբերյալ  «Ավանգարդ»-ի հարցերին պատասխանում է Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ

Արմեն ԲԱԴԱԼՅԱՆԸ

- Նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն, և ակնհայտ է, որ քաղաքական դաշտն աստիճանաբար կենտրոնանում է այդ խնդրի վրա:

- Ես կարծում եմ, որ նախագահական ընտրությունների մասին խոսելը դեռ շատ շուտ է, և այդ մասին երևի ճիշտ կլինի խոսել նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին: Այդ ամիսներին պետք է թողնենք նաև ընդդիմության կողմից մեկ միասնական թեկնածու առաջադրելու կամ առանձին թեկնածուներով հանդես գալու մասին հարցերը: Առավել ևս, որ ո´չ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ո´չ Հայ ազգային կոնգրեսը, ո´չ Հայ հեղափոխական դաշնակցությունը, ոչ էլ «Ժառանգությունը» պաշտոնապես չեն հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Այդ մասին խոսել է միայն Հանրապետական կուսակցությունը: Կարծում եմ, որ մինչև նախագահական ընտրություններ թվարկված ուժերը շատ լուրջ անելիքներ ունեն ինչպես Հայաստանի ներսում` իրենց ընտրազանգվածի, այնպես էլ Հայաստանից դուրս` աշխարհաքաղաքական և ուժային կենտրոնների հետ կապված: Ինչպես ցույց է տալիս մեր վերջին 20 տարիների պատմությունը, հասարակությունը թեև գնալով թուլանում է, սակայն նա այնքան ուժ ունի, որ գնա և քվեարկի այն ուժի օգտին, որին ցանկանում է: Հնարավոր է` հասարակությունն այլընտրանքային թեկնածուին ձայն տա, բայց կկարողանա՞  տեր կանգնել իր ձայներին, թե՞ չի կարողանա, դա բավականին բարդ տեխնոլոգիական հարց է:

- Վերջին շրջանում ակտիվ շրջանառվում է խորհրդարանական ընդդիմության կողմից միասնական թեկնածու առաջադրելու հարցը: Դուք դա որքանո՞վ եք իրատեսական համարում:

- Ընդհանրապես, ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում այդ մոդելն այնքան էլ չի աշխատում, բացի բացառիկ դեպքերից, որովհետև ընտրազանգվածը ձայն է տալիս ոչ թե ընդդիմության թեկնածուին` որովհետև նա ընդդիմադիր է, այլ լրիվ ուրիշ սկզբունքներով: Ի՞նչ սկզբունք գտնել, որը բավարարի ընտրազանգվածի մեծ մասին. դա բավական բարդ հարց է, որովհետև վերացական սկզբունքները, ոչ շոշափելի նպատակներն այլևս չաշխատող են: Իմ կարծիքով` նախ պետք է շոշափելի նպատակներ գտնել, ինչը բարդ է, և երկրորդ` պետք է աշխատել սեփական ընտրազանգվածների հետ, որովհետև թե´ ԲՀԿ-ն, թե´ ՀԱԿ-ը, թե´ ՀՅԴ-ն, և թե´ «Ժառանգություն»-ն իրենց առանձին ընտրազանգվածն ունեն, որոնք մեկը մյուսից տարբեր են: Հիմա, պետք է տեսնել, թե այդ շոշափելի նպատակը որքանո՞վ է բավարարում տվյալ ուժերին և որքանո՞վ է համապատասխանում Հայաստանից դուրս գտնվող աշխարհաքաղաքական կենտրոնների շահերին: Դու կարող ես լավ նպատակ ունենալ, բայց այդ նպատակը կարող է չբավարարել, իսկ եթե չբավարարեց, դու աջակցություն չես ստանա այդ կենտրոններից. աջակցություն չստացար, չես կարող տեր կանգնել քո արդյունքներին: Այսինքն` դու պետք է տեսնես, թե քո այդ շոշափելի նպատակը որքանո՞վ է համապատասխանում դրսի քաղաքական ուժերի շահերի հետ, տեսնես, թե աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնի շահերին է դա ավելի շատ համապատասխանում և աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնն ունի ավելի մեծ շահ: Ինչպես տեսնում եք` բազմաթիվ հարցեր կան, և մինչև այդ հարցերը չլուծվեն, ԱԺ-ում գտնվող այն չորս ուժերը, որ ընդդիմություն են, եթե անգամ ասեն` եկեք միանանք և զուտ մեխանիկորեն առաջարկեն մեկ թեկնածու` այն հույսով, որ այդ թեկնածուն կստանա այնքան ձայն, որքան մայիսի 6-ին ընդդիմադիր բոլոր ուժերի ձայները միասին վերցրած` դա չի աշխատելու:

Նարե ՍՏԵՓԱՆՅԱՆ