ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՆԵՎՐՈՒՄ» Է


 

Երբ տարիներ առաջ ընդունվեց «ՀՀ օրենքը հասարակական կազմակերպությունների մասին»` շատերն իրենց դժգոհությունը հայտնեցին: Հատկապես ստեղծագործական միությունները բարձրաձայնեցին, թե` այդ օրենքով այլևս չգոյության են դատապարտվում իրենց կառույցները` հավասարվելով տարատեսակ հասարակական կազմակերպություններին: Ստեղծագործական միությունները, որքան էլ հասարակական կազմակերպություններ, այնուհանդերձ արհեստավարժ կառույցներ են, որոնք լուծում են ինչպես ստեղծագոր ծական, այնպես էլ սոցիալական խնդիրներ, սատարում արվեստագետներին, պաշտպանում նրանց շահերը, զբաղվում հրատարակչական, բեմադրական հարցերով, պատվավոր կոչումների ներկայացնում արժանավորներին, ձևավորում արհեստավարժության դասընթացներ, հաստատում միջազգային կապեր…

Համահարթեցման նպատակը ժամանակին արվեստի մարդկանց լռեցնելն ու եսազրկելն էր, հպատակեցնելը ՀՀՇ-ական վարչակարգին: Լորիս Ճգնավորյանի տխրահռչակ հայտարարությունները խթան հանդիսացան, որպեսզի իշխանություններն անմիջապես ստեղծագործական միությունները հայտարարեին կոմունիստական իրողություններ և դրանք դուրս դնեին օրենսդրական դատից: 2002 թվականից ի վեր այդ միությունները, որոնց արհեստականորեն «միավորում» անվանումը տրվեց, սկսեցին պայքարել իրենց ինքնության և օրենսդրական բարեփոխումների համար, այն բանի համար, որպեսզի արդեն գոյություն ունեցող օրենքում կատարվեն համապատասխան փոփոխություններ և լրամշակումներ: Սկզբում Արդարադատության նախարարությունը համառում էր, կեղծ փաստարկներ շրջանառում: Իսկ վերջին տարիներին, փոխելով մարտավարությունը, սկսել է խոստումներ տալ, թե արդեն պատրաստ է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը, թե այն շուտով ուղարկվելու է Ազգային ժողով…

Դժվար չէր պարզել, որ նման նախաձեռնություն ԱԺ չի հասել, որ խորհրդարանն ընդհանրապես մտադրություն չունի անդրադառնալու ստեղծագործական միությունների հարցին, որովհետև նման խնդիր ոչ ոք չի առաջադրել: ԱԺ-ից տեղեկացանք նաև, որ մերժելով «Թատրոնի մասին» ՀՀ օրենքի բոլոր նախագծերը, հիմա պատգամավորներից մի քանիսն են գրում այդ օրենքը:

Մեզ հետ զրույցում ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ազատ Գասպարյանն ասաց.

- Արդեն քանի տարի մենք սպասում ենք «Թատրոնի մասին» օրենքին, որպեսզի կարողանանք հստակեցնել թատրոնի դերն ու նշանակությունը, ճշգրտենք նրա իրավական սկզբունքները: Սպասում ենք նաև ստեղծագործական միությունների մասին օրենսդրական լուծումներին: Իհարկե, հարկավոր էր ստեղծել առանձին օրենք` միությունների մասին, բայց քանի որ մեզանում որևէ շահագրգռություն չկա, ուստի մեր հույսը կապում ենք հասարակական կազմակերպությունների մասին օրենքում կատարվելիք լրամշակումներին: Բայց դրանք էլ չկան: Թե ո՞ւմ է ձեռնտու այս վիճակը` չգիտեմ, բայց արդյունքում տուժում են ստեղծագործական միությունները:

Արվեստագետի միտքը` թե ում է ձեռնտու, մենք կարող ենք «ստուգաբանել». դժվար է ասել, թե ում է ձեռնտու, սակայն առայժմ կտրուկ հայտարարություններից ձեռնպահ մնալով, միայն ասենք, որ Արդարադատության նախարարությունը հատկապես վերջին մեկ-երկու տարում որդեգրել է մանևրելու ու, մեղմ ասած, խաբելու քաղաքականությունը: Հավանաբար գիտենալով, որ ստեղծագործող մարդիկ այնքան էլ տեղյակ չեն օրենքներից ու օրինաստեղծ գործընթացներից, որոշել են մարդկանց կերակրել սին հույսերով:

Ցանկացած երկրի գոյության ու կայունության հիմքերից մեկը արհեստավարժ արդարադատությունն է, ազնիվ արդարադատությունը, սակայն Հայաստանում այս նախարարությունում որոշել են պայքար հայտարարել արհեստավարժությանն ու առաջնորդվել «կոոպերատիվ օրենսդրությամբ»:

Լ.Մ.