ԲԱՐԵԽՈՍ ԼԻՆԵԼ ԲԱԼԵՏԻ ՀԱՄԱՐ


 

Մեր ազգային բալետը չի կարող զարգանալ, որովհետև չկան համապատասխան օրենքներ, չկան այս արվեստը խթանող ենթաօրենսդրական ակտեր: Այս կարծիքին են մեր բալետի ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ շատ արտիստներ, ում հետ զրուցեցինք այս օրերին:

Երիտասարդ տաղանդավոր պարողների` երկրից հեռանալու խնդիրների մասին բազմիցս է խոսվել: Նրանք հեռանում են` մշտապես պարապմունքների հնարավորություն ունենալու և բարձր վարձատրվելու համար: Մինչդեռ մեզ մոտ բալետի արտիստի աշխատավարձն ընդամենը 50 հազար դրամ է, այսինքն` 5 անգամ պակաս «Վիվասելի» կամ «Օրանժի» ցանկացած օպերատորի աշխատավարձից և չորս անգամ պակաս` Կենտրոնական բանկի հավաքարարի աշխատավարձից: Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի կորդեբալետի արտիստի աշխատավարձը կազմում է մոտ 400 հազար դրամ, մինչդեռ մեր թատրոնում վաստակավոր արտիստները ստանում են ընդամենը 131 հազար դրամ…

Բալետը դժվարագույն արվեստներից մեկն է, իսկ բալետի արտիստի աշխատանքը շատ վաղուց աշխարհում ներառված է դժվարին մասնագիտությունների ցանկում: Մեզ մոտ, հավանաբար, այս մասին կամ չգիտեն, կամ էլ չեն ուզում իմանալ: Եթե ցանկանային իմանալ, ապա տարեցտարի չէին բարձրացնի կենսաթոշակային տարիքը` այն հասցնելով 50 տարեկանի: Ի՞նչ պետք է անի 48-49 տարեկան բալետի արտիստը, ի՞նչ ճկունություն և վարպետություն պետք է ցուցադրի… Այս հարցին էլ չեն ուզում պատասխանել մեր խորհրդարանում, որտեղ տարիներ առաջ ընդունել են օրենքն ու չեն կամենում ականջալուր լինել հնչող բազմաթիվ մասնագիտական բացատրություններին և բողոքներին:

Ողջ աշխարհում բալետի արտիստների համար կենսաթոշակային տարիք է համարվում 40-ը, մինչդեռ մեր պատգամավորները, որոնց մի մասը երևի կյանքում բալետային ներկայացում չի դիտել և չգիտե, թե ինչ է բալետը` որոշել են սահմանել 50-ը: Կառավարությունն էլ որոշել է ընդամենը 50 հազար դրամ վճարելով` ունենալ բալետային խումբ: Այդ է պատճառը, որ այսօր մեր թատրոնի կորդեբալետում երիտասարդները 3-4 հոգի են: Ո՞վ կհամակերպվի աշխատել օրնիբուն և ստանալ այնքան ամսական աշխատավարձ, որքան, հավանաբար, ծախսում են այս որոշումն ընդունողները մեկ անգամ ճաշելու ժամանակ: Բալետի արտիստներին լավ սնվել է պետք, իսկ 50 հազար դրամով հազիվ թե կարողանան գոնե տասն օր կուշտ մնալ…

Լ.Մ.