Շներն «ախտորոշում» են քաղցկեղը


Իրենց հոտառության շնորհիվ մարդկանց չորքոտանի այս բարեկամներն ունակ են զգալ ուռուցքաբանական հիվանդությունները` դրանց գոյացման վաղ շրջանում: Այսպիսի հայտարարությամբ հանդես են եկել ավստրալիացի գիտնականները:

Չարագույժ այդ հիվանդության զարգացումը կամ առկայությունը շները գուշակում են 97 տոկոս հավանականությամբ: Հանգամանք, որը հույսեր է արթնացնում` արագ հայտնաբերելու, բուժումները չուշացնելու և մարդկանց կյանքը փրկելու:

Անասնաբույժ Ռոբ Զամիթը փաստում է, որ շների հոտառությունը 10 հազար անգամ ավելի ուժեղ է մարդկանց հոտառությունից: Հենց դա էլ կենդանիներին հնարավորություն է տալիս զգալ այն հոտը, որ արձակում են քաղցկեղով վարակված նեխող հյուսվածքները: Իրականում շունը նաև գիտության տեսանկյունից է համարվում մարդու բարեկամը:

Քաղցկեղի դեմ պայքարի Ավստրալիական խորհրդի ղեկավար, պրոֆեսոր Յան Օլվերի հավաստմամբ` գիտական հետազոտությունները հաստատել են, որ շները գրեթե անսխալ զգում են թոքերի և կրծքագեղձի ուռուցքների առկայությունը` մարդու շնչառությունը հոտոտելով: (glunews.ru):

Ուրեմն, բազմապատկել է պետք այս կենդանիների հանդեպ սերը` նաև որպես ախտորոշող բուժակներ: