Շնչում և ապրում եմ Հայաստանի արևով


Լենա Քոչարյանն ուսանում է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի Grenoble 2 համալսարանում: Հայկական մշակութային տան վարչական խորհրդի ամենաերիտասարդ անդամն է: Նրա ակտիվ մասնակցությամբ և նախաձեռնությամբ խորհրդի կողմից բազմաթիվ հայանպաստ միջոցառումներ են իրականացվել, մեծ ջանքեր են ներդրվել, որոնք նպատակաուղղված են աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, հայոց պատմությունը, ավանդական մշակույթը, ազգային երգն ու պարը, հարուստ ավանդույթները նրանց ճանաչելի դարձնելուն:

- 3 տարի սովորել եմ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, ապա տեղափոխվել Ֆրանսիա` այնտեղ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով: Գրեթե 5 տարի է` ապրում եմ Գրենոբլում: Grenoble 2 համալսարանում հոգեբանություն եմ ուսումնասիրում,- ասում է զրուցակիցս:

- Ուսմանը զուգահեռ Դուք նաև ակտիվ մշակութային կյանքով եք ապրում…

- Գրենոբլում բնակություն հաստատելուց հետո սկսել եմ այցելել Հայկական մշակութային տուն: Մեկ տարի մասնակցել եմ վարչական խորհրդի բոլոր նիստերին, հետևել գործունեությանը, քննարկումներին: 2014-ի հոկտեմբերից վարչական խորհրդի ամենաերիտասարդ անդամն եմ: Երգում եմ Grenoble gosΘel singers երգչախմբի կազմում: Մենք` երգչախմբի երեք հայ անդամներս, միջոցառումների շարք կազմակերպեցինք` «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» խորագրով` նպատակ ունենալով երգչախմբի անդամներին ներկայացնելու հայկական մշակույթը: Մեծ հետաքրքրություն ցուցաբերելով, խանդավառությամբ ծանոթանալով մեր մշակութային արժեքներին` նրանք հայկական երգեր կատարելու ցանկություն հայտնեցին: Մենք էլ սիրով օգնեցինք: Մեր երգչախմբի ղեկավարի կինը հետաքրքրված էր հատկապես «Դլե յամանով»: Երգը սովորելու ընթացքում նա մասնակցել էր հոգեհանգստյան արարողության, որտեղ լսել էր հանգուցյալի թոռնուհու կատարումը և տպավորվել: Օրեր անց համերգային ծրագրի շրջանակներում բոլորիս համար անակնալ նա երգեց «Դլե յամանը»` ասելով, որ արդեն հասկացել է` ինչի մասին է երգը: Մենք, իհարկե, թարգմանել էինք, սակայն երգի խորությունը չէր պատկերացրել: «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» միջոցառումների շարքն արդեն գեղեցիկ ավանդույթի է վերածվել: Չափազանց հաճելի է, երբ օտարերկրացին հետաքրքրվում է քո պատմությամբ, մշակույթով: Նրանց ոգևորությունն այնքան մեծ էր, որ անգամ համացանցում Հայաստանի մասին պատմող տեսանյութեր էին գտնում և փոխանցում միմյանց:

- Օտար միջավայրում հայապահպանության խնդիրը, ցավոք, մշտապես արդիական է: Հատկապես դեռահասները կանգնած են ազգային նկարագիրը կորցնելու, արմատներից հեռանալու վտանգին հանդիման: Վարչական խորհուրդը, լինելով տեղի հայությանը համախմբող յուրահատուկ օղակ, ի՞նչ խնդիրներ է լուծում այս առումով: Ի՞նչ բնույթի միջոցառումներ են կազմակերպվում:

-Վարչական խորհուրդը բազմաբնույթ մշակութային ծրագրեր է իրականացնում` ձգտելով երիտասարդ սերնդին ճանաչելի դարձնել մեր պատմությունը, ազգային արժեքները: Կազմակերպվում են հայոց լեզվի և ազգային պարերի դասընթացներ: Ֆրանսիայի հայկական համայնքների հետ մեր համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, ինչի մասին վկայում են պարի խմբի հաճախակի շրջագայությունները տարբեր քաղաքներում. երեխաները ներկայացնում են հայկական ազգային պարը: Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մենք մեծ միջոցառումներ և երթ ենք կազմակերպում դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Վերջին տարիներին նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել երիտասարդները: Միջոցառումներն իսկապես բազմաբնույթ են: Օրինակ, «Ապագան մենք ենք» խորագրով միջոցառման շրջանակներում երիտասարդներին ներկայացրել ենք ջարդերի ժամանակ որբացած, հարազատներին կորցրած հայ մանուկներին փրկած ու աջակցած բոլոր հայկական և միջազգային կազմակերպությունների պատմությունները: Վերականգնել ենք 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայկական ընտանիքի մոդելը, ներկայացրել նիստուկացը, բնակարանի կահավորումը, տարազը` նպատակ ունենալով ավանդական ընտանիքի ինստիտուտը ևս ճանաչելի դարձնել երեխաներին: Բազմաթիվ հանդիպում-քննարկումներ ենք կազմակերպել, որոնցից ուշա-գրավ է Ֆրանսիայում մեծ ճանաչում վայելող «Թուրքիան և հայկական ուրվականը» գրքի հեղինակների հետ հանդիպումը: Նրանք հինգ ֆրանսիացի լրագրողներ են, ովքեր Անատոլիայում ուսումնասիրություններ են իրականացրել և բավական ուշար-ժան բացահայտումներ արել, որոնք հօգուտ հայերի են:

- Հայկական հարուստ մշակույթը, ավանդական պարերը, երգերն անդիմադրելի ուժ ունեն, ինչին հաղորդակցվելուց հետո պարզապես անհնար է հեռանալ դրանից: Բայց որքան էլ այդ արժեքները ճանաչելի դարձնելու ջանքերը մեծ լինեն, այնուամենայնիվ, ձգտումը, պետք է երկկողմանի լինի … Ֆրանսիական քաղաքում ապրող հայ պատանին ձգտո՞ւմ է ճանաչել հայկականը:

- Փորձում ենք մեր լուման ներդնել, սակայն ընտանիքը ևս պետք է օգնի: Մենք երեխաների հետ խոսում ենք բացառապես հայերենով, սակայն ծնողները նախընտրում են ֆրանսերենով հաղորդակցվել` մտածելով որ այդկերպ կնպաստեն նրանց ինտեգրմանը հասարակությանը: Մենք ձգտում ենք երիտասարդ սերնդին մոտեցնել հայկական արմատներին, և վստահ եմ, որ մեր ջանքերն ապարդյուն չեն: Մեր պատմությունները մեծ հետք են թողնում նրանց ներաշխարհում: Միայն երեխաների պարտաճանաչ ներկայությունը դասընթացներին, հանդիպումներին շատ բանի մասին է խոսում:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ծրագրերը շատ են, բայց դրանցից ամենաուշագրավը երգչախմբի հետ է կապված: Մեր երգչախմբի անդամները, հետաքրքրված լինելով հայկական մշակույթով, ճարտարապետությամբ, երգարվեստով, ցանկություն են հայտնել լինել Հայաստանում: Պատկերացրեք` 60 օտարերկրացիներ, ովքեր մինչ մեզ հանդիպելը շատ քիչ էին լսել Հայաստանի մասին, ցանկանում են լինել մեր երկրում և ճանաչել այն: Հուսով եմ` կհաջողվի իրականացնել նրանց ցանկությունը:

-Լենա´, կվերադառնա՞ք Հայրենիք:

- Ես ոչ մի օր չեմ հեռացել հայրենիքից. շնչում ու ապրում եմ Հայաստանի օդով և արևով: Քաջատեղյակ եմ Հայաստանում տեղի ունեցող գրեթե բոլոր իրադարձութ յունների մասին: Ուսումս ավարտելուց հետո, անշուշտ, վերադառնալու եմ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ