Մտավորականը հոգու վիճակ է


Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը` մղելով դեպի անդունդ: Ներկայիս բեմադրությունների ու մտավորականության մասին զրուցեցինք սիրված ռեժիսոր-բեմադրիչ Նորա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

- Տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կներկայացնեք այսօրը` որտեղից ուր ենք հասել:

- Ես շատ եմ աշխատում ինձ վրա, իսկ ամենից ավելի կարևորում եմ հորս` ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի գնահատականը: Եթե ժամանակին հայրս նույնիսկ թատերական ինստիտուտ չէր գալիս իմ քննությունները նայելու, այսօր մեծ դերասանական խումբ կարող է ինձ վստահել, իր բեմադրած ներկայացման պրեմիերան կարող է վստահել, երեխաների ուսուցումը: Դա ինձ համար ամենակարևոր գնահատականն է:

- Մի քանի խոսքով պատմեք, թե ինչպես որոշեցիք դառնալ ռեժիոր-բեմադրիչ:

- Կարելի է ասել` ես ծնվել եմ բեմի վրա: Սակայն մայրս դեմ էր իմ թատերական ընդունվելուն: Մայրս ուզում էր, որ ես իրավաբան դառնամ: Հերթական հայոց պատմության պարապմունքից հետո իմ դասախոսը զանգահարեց մայրիկիս և խնդրեց, որ ինձ չտանի.

- Մեղք է երեխան, գեները խոսում են, արյունը եռում է:

Այդ օրվանից մայրս ինձ ազատ թողեց, և ես էլ գնացի իմ ընտրած ճանապարհով: Ընտրելով ռեժիսորի մասնագիտությունը, ես հասկանում էի, որ միանգամից պետք է ստեղծեմ շատ կերպարներ, իսկ դերասանը մի կերպար է ստեղծում: Այդուհանդերձ, ներկայացումներում խաղալով` հասկացա, որ ռեժիսուրան ավելի մոտ է:

- Ինչպե՞ս են ծնվում Ձեր ներկայացումները, և ովքեր են աջակցում դրանց կայացման հարցում:

- Ներկայացումը ծնվում է պիեսին սիրահարվելուց մեկ վայրկյան անց... Չեմ թողնում որևէ մեկը խառնվի, սակայն դերասանի առաջարկը և միտքը միշտ լսում եմ: Ինձ աջակից լավագույն ընկերն ու օգնականը պրոֆեսիոնալ խումբն է: Խոսքս միայն դերասանների մասին չէ. նաև ձայնային և լուսային էֆեկտներն ապահովող մարդիկ:

- Արդյո՞ք հեշտ է աշխատել ներկայիս պայմաններում:

- Ես աշխատում եմ այնպիսի թատրոնում, որը տարիների և քրտնաջան աշխատանքի արդյունքում ձեռք է բերել մեծ համբավ, հարգանք ոչ միայն հայ, այլ նաև ուրիշ երկրների հանդիսատեսների շրջանում: Ասել, որ հեշտ է` ոչ, բայց իրավունք էլ չունեմ բողոքելու, որովհետև հնարավորություն ունեմ ստեղծագործելու, կերտելու, որոնելու… Իմ ներսում չկա բողոքի ոչ մի կաթիլ:

- Ձեր բեմադրած ներկայացումներից ո՞րն է ամենահոգեհարազատը:

- Ես իմ բոլոր ներկայացումներն էլ չեմ սիրում: Դա ինձ սովորեցրել է իմ վարպետ Ռուբեն Բաբայանը` կարողացիր ներկայացման պրեմիերայի մյուս օրն «ատել» ստեղծածդ... որպեսզի կարողանաս ստեղծել ավելի լավը: Չնայած դրան` մեծ հույսեր եմ կապում «Խնջույք ամառանոցում» ներկայացման հետ: Գերագույն հաճույք եմ ստացել գլխավոր կերպարների հետ աշխատելու ընթացքում: Այս տարի պիեսը ներկայացված է «Արտավազդ» մրցանակաբաշխությանը: Կցանկանայի, որ ներկայացումն արժանանար պատշաճ ուշադրության:

- Մտավորականի Ձեր բնորոշումը:

- Մտավորականը չունի բնորոշում: Մտավորականությունը աչքերի գույն չէ, ձեռքի շարժում չէ, ոչ էլ բնավորության գիծ: Մտավորական լինելը հոգու վիճակ է, որը կամ կա, կամ բացակայում է:

- Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

- Այո, ինչու ոչ: Ես տեսնում եմ երիտասարդ ռեժիսորների և դերասանների, տեսնում եմ ինձ, իմ ցանկություններն ու ձգտումները, նոր մտքերը և հասկանում եմ, որ մշակույթը լի է տաքարյուն և նոր մտքերով հարուստ երիտասարդներով, ովքեր պատրաստ են պայքարել, աշխատել և ստեղծել: Իսկ եթե չունենանք լավ վարպետներ, դասախոսներ` ոչինչ էլ չի ստացվի:

- Մի քանի խոսքով պատմեք ձեր հյուրախաղերի ու առաջիկա ծրագրերի մասին:

- Առաջիկա ծրագրերում «ծՏՎպՐ ր ՒՐցՍՑՈՎՌ» ներկայացումն է, որի պրեմիերան կկայանա հունիսի կեսերին: Նաև ունենք մեծ հյուրախաղեր Սիբիրով` ամբողջ թատրոնով: Թատրոնին աջակցել է ՌԴ Մշակույթի նախարարությունը: Ունենք մեծ պլաններ, որոնք իրականացնելու ենք փոքր բեմի վրա:

- Խոսք` ուղղված մեր բեմարվեստի ներկայացուցիչներին:

- Կուզենայի, որ երիտասարդ դերասանների, ռեժիսորների միջև լինեն այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իմ հոր ու իր գործընկերների հարաբերություններն են: Նա մինչ օրս գործընկերներին հրավիրում է իր պրեմիերաներին ու ինքն էլ անպայման փորձում է ներկա լինել նրանց պրեմիերաներին: Նրանք էլ միշտ հրավիրում են, հետաքրքրվում, լսում կարծիքներ: Դա միակ բանն է, որ պակասում է երիտասարդ արվեստագետներին:

- Ո՞րն է Ձեր հորդորը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանը:

- Այսօրվա երիտասարդությանը խորհուրդ կտամ ոչ մի դեպքում չփոխվել: Շատ մեծ պոտենցիալ կա սերնդի մեջ: Ցանկանում եմ, որ չհուսահատվեն, միշտ ունենան նպատակ և փորձեն անել ամենը` հնարավորինին ու անհնարինին հասնելու համար: Իսկ նպատակին հասնելու գրավականը քրտնաջան աշխատանքն է: Չէ՞ որ անգործ մարդը միայն մեկ բան է լավ անում` բողոքում է:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ