Տոն` ծիրանածին, ծիրանաբույր, ծիրանահամ


Ճիշտ այսպիսին է աշտարակյան գողտրիկ այգին` մտավորականների ձեռամբ հիմնված և նրանց հաճախ հյուրընկալող:

2002-ի նոյեմբերյան արևոտ մի օր բանաստեղծ, նկարիչ, «Մշակութային ֆոնդ»-ի տնօրեն Արևշատ Ավագյանը շուրջ 60 անվանի մտավորականների հրավիրեց դեռևս ծառազուրկ մի տարածք` 7 մուսաների այգու առաջին տնկիները հողին պահ տալու: Հիմա արդեն պտղատու հարուստ ծառաստան է այդ տարածքը, և դժվարանում ես գտնել քո տնկած շիվը: Ու դա կարևոր էլ չէ, որովհետև այգու իրական տերը հավաստիացնում է, որ բոլոր տնկիներն անխտիր աճել են, զորացել: Իսկ այգու իրական տերը նա է, ով երկյուղածությամբ խնամում ու մշակում է ամեն ծառ ու թուփ: Խնամում է` տարին մի քանի անգամ այնտեղ պտղատոն կազմակերպելու, գրչակից ու արվեստակից, գրասեր ու արվեստասեր իր ընկերներին բնության հետ հաղորդակցվելու վայելքը պարգևելու: Նախախնամության կամոք` հատկապես ա´յս հողակտորն է բաժին ընկել Արևշատին. այստեղ եղել է աշտարակցի հայտնի մտավորական, ուսուցիչ Նիկողայոս Թումանյանի այգետնակը, ուր հյուրընկալվել են հայ երևելիներից շատերը` Նիկողայոս Մառը, Լևոն Շանթը, Ավետիս Ահարոնյանը...…

Ինչպես Ա. Ավագյանն է ասում` հայրենի Աշտարակում, Քասախ գետի ափին այգի հիմնելու երազանքը միշտ ուղեկցել է իրեն: Ոչ թե սոսկ այգի, այլ` մրգաբույր մշակութային կենտրոն, արվեստների հովանավոր 7 մուսաների երկրպագուների հավաքատեղի: Արվեստագետի համար երբևէ դյուրին չի եղել երազանքն իրականություն դարձնել: Սակայն, երբ մեծ է ցանկությունը, և մղումն ազնիվ` մաս-մաս, կամաց-կամաց կերպ ու տեսք է ստանում երազանքը: Ամենակարևորը` այն չի ընդհատվում` անվերջ նորոգելով ու հարստացնելով ծրագրերը:

- Ուզում եմ, որ այս այգին դառնա մշակութային կենտրոն: Այստեղ բերքավորվում են Հայաստանում աճող պտղածառերի բոլոր տեսակները: Նաև` մեր երկրում վերջերս բնավորված արքայախնձորն է բերք տալիս,- հայրական խանդաղատանքով իր զավակ-ծառերին նայելով` ասում է հյուրընկալ տանտերը:

Ի դեպ, պտղատոների անխախտ ավանդույթ է ձևավորել նա. մայիսի վերջին կիրակին կեռասի օր է, հունիսի 2-րդ կիրակին` թթի, հուլիսի 1-ը ծիրանատոնն է: Հաջորդիվ` դեղձի, ապա` խաղողի, խնձորի օրերը: Առաջիկայում «արևշատյան տոնացույցում» կավելանա նաև ընկույզի օրը:

Պրպտուն միտքը չի կարող անվերջ չորոնել` եղածը կատարյալին մոտեցնելու, հարստացնելու, նախանշելու: Իսկ որոնողի հայացքն ընդգրկուն է: Հենց այդ հայացքով է նայում Ա. Ավագյանն իր մրգաստանին.

- Այգին գտնվում է Հայոց տառերի հուշակոթողի, Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքում, որտեղ հատկապես ամեն ուստարվա սկզբին ու ավարտին դպրոցականներ են այցելում: Գալիս են, բայց շրջակայքում չկա մի անկյուն, ուր կարող են նստել-հանգստանալ, մի բաժակ ջուր խմել և ինչու չէ, նաև աշտարակյան միրգ վայելել: Մեր այգին կարող է այդպիսի վայր դառնալ: Ուզում եմ, որ այստեղ նաև Մաշտոցատոն լինի, ստեղծվի մեծանուն մարդկանց թանգարան, 7 մուսաներին նվիրված տներ: Օտարերկրացի զբոսաշրջիկներին դա նույնպես կհետաքրքիր, իսկ մեր դպրոցականների համար ուսանելի կլինի: Պատկերացնո՞ւմ եք` որքան հաճելի կլինի սրբավայրի նման մի խորան հիմնելը. ոչ թե որևէ եկեղեցի, այլ… դիցուք` Տիեզերքի տիրոջ տաճար: Վաղնջական ժամանակներում այգու տարածքում եղել է կիկլոպյան ամրոց, որի հետքերը կան…

Մի խոսքով, 7 մուսաների` մարմին առած ոգեղեն համալիր է երազում Արևշատ Ավագյանը` տոնախմբություններով հագեցած: Մինչ նա պատմում է, ծառերի ստվերներում ծիրան ու ծիրանօղի և Ավագյան ընտանիքի հյուրասիրությունը վայելելով` հյուրերը շարունակում են երգել, արտասանել, նկարել ու լուսանկարել: Ակամա սկսում ես հասկանալ, թե ինչ է պետք մտավորականին` գոնե մի պահ շտկելու հոգսերից ճկված մեջքը, մոռանալու անլուծելի դարձած խնդիրները. անկաշկանդ մթնոլորտ է, քո տեսակի ներկայությունը կողքիդ: Մի պատառ հոգևոր հաց… Ե՞րբ է երգն այսքան ինքնաբուխ հորդում. երբ տխրությունդ ու ուրախությունդ միախառնվում են քո «երամի» տրտմությանն ու խինդին:

***                                                                  

ՊՏՂԱՏՈՆԵՐԻ «նախանվագի» առաջին ակորդները միշտ «հնչեցվում» են Օշականում` Ուսուցչապետի շիրիմին խոնարհումով: Ապա Դպրատանը միասին սուրճ են վայելում, նոր միայն այգի գալիս: Այս անգամ այդ այցը երիցս նշանավոր էր Հայաստանի գրողների միության մի քանի նորաթուխ անդամների համար:

Ծիրանատոնին մասնակցելու հրավերը չմերժելով` Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հենց Մաշտոցի շիրիմի մոտ անդամատոմսեր հանձնեց Արագածոտնի մարզից նորերս ՀԳՄ շարքերն ընդունված Արտավազդ Նազարյանին, Վրեժ Սարուխանյանին, Արտակ Ավագյանին, Սիրեկան Հովհաննիսյանին: Ու դա պարտավորեցնող էր գրական անդաստանում արդեն ճանաչում ունեցող այս ստեղծագործողների համար:

Մուսաների այգում ամեն այցելուի ի´ր մուսան է ուղեկցում, և պտղատոների ընթացքում, դրանց նախապատրաստվելիս կամ դրանցով լցված` նոր երգեր, բանաստեղ ծություններ են ծնվում: Այդ ամենի առաջին ունկնդիրները նույն մտավորականներն են, ու երբեմն ջրից պապակվող ծառերը: Այս հուլիսի 1-ը, օրինակ, ոչ միայն նորածնունդ ծիրանաբառ բանաստեղծություններով էր հագեցած, այլ նաև երգի նորամուտով: Տանտիրոջ` Արևշատ Ավագյանի բանաստեղծությունն իսկապես ծիրանաբույր երգ էր դարձել` Արսեն Համբարյանի երաժշտությամբ.

Ծիրանածին, ծիրանագույն, ծիրանահամ տոն է մեր այգում,

Ծիրանածին, ծիրանագույն, ծիրանահամ  տոն է մեր Հայքում:

Երգի առաջին կատարողներն էլ հեղինակներն էին` բոլոր ներկաների ձայնակցությամբ: Եվ «մեր այգի» արտահայտությունը յուրաքանչյուրի շուրթերից հնչում էր այնքան անմիջական, որ չէիր կարող կասկածել` նրանք իրենց տեր են զգում Հայոց ոստանի այս գողտրիկ անկյունում, Ավագյան ընտանիքի ջերմ օջախում: Օջախ, որի ամենակրտսեր անդամներն անգամ, աշխարհի լավն ու վատը դեռ չհասկացած, գիտեն արվեստի արժեքը, ինչը նրանց է փոխանցվել ժառանգականորեն:

Գիտեն նաև, որ իրենց Արևշատ պապիկը սիրում է մարդկանց տոն նվիրել…