Անհաջող «գեղեցկության ներարկման» արդյունքում...


Մոսկվայի Տվերյան դատարանն անցյալ ուրբաթ երեք տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ճանաչված հեռուստահաղորդավարուհի Օքսաննա Պուշկինային անհաջող «գեղեցկության ներարկում» կատարած դիմահարդարին: Հելենա Ռիմարենկոն նաև 3 տարով զրկվեց բժշկությամբ զբաղվելու իրավունքից և տուժողին պետք է վճարի 670 հազար ռուբլի: Օ. Պուշկինան, իհարկե, ավելին էր պահանջել` 5 միլիոն ռուբլի` բուժման և 1 միլիոն` բարոյական վնասի համար: Այս պատմությունը 2004-ից է ձգվում: Պուշկինայի արտաքին տեսքը թարմացնելու համար, Ռիմարենկոն սրսկել է` քթաշրթնային ծալքերը հարթեցնելու: Այցելուհու դեմքին, սակայն, ուռուցքներ են հայտնվել… Դատը կայացել է դռնփակ, որովհետև վկաների շարքում եղել են նշանավոր անձինք: Ռիմարենկոյի փաստաբանը պատրաստվում է գանգատարկել դատավճիռը` փաստարկելով, որ փորձաքննությունը օգտագործված դեղորայքի բաղադրության մեջ կասկածելի ոչինչ չի հայտնաբերել: Ավելին, դատարանի վրա ճնշում է գործադրվել. - Մինչ մեղադրանքը, Պուշկինայի վարած քարոզչությունն ազդել է դատարանի վրա: Աստղերն իրենց այդպես չեն պահում: Ի միջի այլոց` նշանավոր վիրաբույժ-կոսմետո լոգների (դիմահարդարների) 99 %-ը համակրանք չի տածում տուժողի հանդեպ: