Հայրենասիրությունն սկսում է հպարտությունից


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Վոլոդյա Կարապետյանը 10 տարի ծառայում է ռազմական կրթօջախում: Նրա կարծիքով` մարդկային առաքինությունների հենքը ինքնահարգանքն է, իսկ դաստիարակության գլխավոր պայմանը` մարդասիրութ յունը: Գնդապետը համոզված է, որ կարճ ժամանակ անց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտներով համալրված զինվորական խավը դառնալու է մեր հասարակության ամենակիրթ, բանիմաց ու առաքինի շերտը: - Պարոն Կարապետյան, Ձեր կենսագրությունը թերթելիս հետաքրքիր փաստի հանդիպեցի. նախքան համալսարանի իրավաբանական ֆակուլտետ ընդունվելը, Ձեր ծննդավայր Կոռնիձոր գյուղում ակումբի վարիչ եք աշխատել և անձամբ ԽՍՀՄ մշակույթի նախարար Ֆորցևայի կողմից ստացել եք հանրապետության ակումբների փոխանցիկ դրոշը, փաստորեն, գաղափարախոսական-քարոզչական աշխատանքը Ձեր տարերքն էր: - Իրոք, խորհրդային շրջանում ակումբները գաղափարախոսական-քարոզչական-մշակութային օջախներ էին և հսկայական աշխատանք էին կատարում: Ակումբներն այսօր էլ գործում են ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ բանակում, սակայն, ցավոք, այդ ինստիտուտը չունի նախկին կարևորությունն ու կազմակերպական հնարավորութ յունները: Ակումբը գաղափարական-մշակութային կենտրոն էր և համայնքում տարածում-քարոզում էր երկրի պետական գաղափարախոսությունն ու արժեհամակարգը, կազմակերպում էր մշակութային միջոցառումներ, զվարճանքի վայր էր` ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդների համար: Մի խոսքով, ուղղորդում էր հասարակական միտքը, հուշում էր չափանիշներ ու վարքի նորմեր, գաղափարներ ու արժեքներ: Աշխատանքից հետո համայնքի բնակիչները ակումբում էին տեղեկանում աշխարհի անցուդար ձից, ընթերցում էին թերթերը, դիտում էին ցուցադրական քարոզչությունը, մասնակցում էին զանազան միջոցառումների` սկսած քաղաքական դասախոսություններից, բարոյագիտական զրույցներից մինչև զանազան միջոցառումներ: Այսինքն` մարդու ազատ ժամանակը բարձիթողի չէր: Ես կարծում եմ, որ դաստիարակության մեթոդը արդարացված է, երբ դու մարդուն առաջարկում ես այլընտրանք: Չես պարտադրում: Մարդը գիտակցաբար, համոզմունքով մոտենում է քո քարոզած գաղափարներին ու արժեքներին: - Դուք 18 տարի ծառայել եք քրեակատարողական հիմնարկներում և դարձյալ ղեկավարել եք դաստիարակչական աշխատանքները` եղել եք ուղղիչ-աշխատանքային հիմնարկի պետի քաղ. գծով տեղակալ, շփվել եք մարդկային համակեցության օրենքները խախտած, դատապարտված մարդկանց հետ: Ո՞րն է անառողջ,խեղված մտածելակեր պով հասարակության արժեհամակարգը փոխելու, բարձր գաղափարներ արմատավորելու բանալին: - Մարդասիրությունը, մարդու մեջ լավը տեսնելու մղումը, նրա հոգում լավը տեսնելու ցանկություն արթնացնելու կարողությունը: Մարդը միշտ յուրայինի, ընկերոջ, աջակցի կարիք ունի: Դաստիարակությունը պիտի լինի տողատակում, աննկատ, տակտով: Քո դավանած արժեքները, գաղափարները կարող ես փոխանցել դիմացինիդ, երբ վերջինս հարգում է քեզ, հավատում է, վստահում, ընդունում է քո մարդկային կերպարը: Նախատելով, պարտադրելով, կոպտությամբ, մերկապարանոց քարոզներով չես դասատիարակի: Այդ պատճառով ես մերժում եմ զոհաբերության ցանկացած դրսևորում, բանակում` առավել ևս: Զինվորը ազգի, պետության ամենաբարձր արժեքն է. նա հայրենիք է պաշտպանում: Ոտնահարելով զինվորի արժանապատվությունը` նսեմացնում ես հայրենի քո պաշտպանի կերպարը և հայրենիքի պաշտպանությունն իբրև գաղափար: - Դաստիարակության ի՞նչ խնդիր է իրագործվում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: - Բնականաբար, դաստիարակության հիմքում դրված է որոշակի արժեհամակարգ, որի ամենաբարձր հորիզոնականին հայրենասիրությունն է, հայրենիքի պաշտպանության գաղափարը: Մյուս կարևոր ուղղությունը բարոյահոգաբանական դաստիարակությունն է, այսինքն` մարդկային առաքինությունների արմատավորումը կուրսանտի մտածողութ յան, հուզաշխարհի և վարքի մեջ: Հաջորդը գեղագիտական դաստիարակությունն է` միտված գեղեցիկը տեսնելու, զգալու և ստեղծելու ունակությունը: Կարգապահությունը, ռեժիմին ենթարկվելու պատրաստակամությունը դաստիարակության գլխավոր նպատակներից է: Հայրենասիրական դաստիարակության կարևորության մասին շատերն են խոսում, սակայն, ըստ իս, դեռևս ամբողջական չէ հայրենասիրական դաստիարակության մեթոդաբանությունը: Մեր կարծիքով` հայրենասիրություն արթնացնելու համար պետք է առաջին հերթին մեծացնել անհատի սիրո տարածքը, ավելի մեծ թվով արժեքներ տեղավորել այդ տարածքում, դարձնել սրտամոտ, պաշտելի: Մարդն ասում է իմ ծնողը, իմ ընտանիքը, իմ երեխան… պետք է, որ նույնքան նրանը լինեն իր ազգի պատմությունը, իր ազգի մեծերը, մշակութային արժեքները, իր ծննդավայրը, գյուղը, քաղաքը, իր հայրենակիցները, այն ամենը, որ կոչվում է հայկականություն: Իսկ դրա համար նախ պետք է ճանաչի այդ արժեքները: Հայրենասիրությունն սկսվում է հպարտությունից: Մենք սիրում ենք այն ամենը, ինչով հպարտանում ենք, և չենք կարող սիրել մի բան, որը նվաստացնում է մեզ: Ռազմական ինստիտուտում ազգային արժեքների ճանաչողությունը նպատակային գործընթաց է: Միայն մեկ դրվագ հիշատակեմ. ամեն օր կուրսանտների համար ներքին ռադիոկապով ազգային մեծերին նվիրված ակնարկ է հնչում, պատմում ենք որևէ հայ գիտնականի, ռազմիկի, արվեստագետի, զորավարի մասին: - Ռազմական ինստիտուտ են ընդունվում տարբեր մտածելակերպի, դաստիարակության տղաներ` եկած տարբեր շրջաններից, տարբեր սոցիալական շերտերից: Եվ յուրաքանչյուրը բերում է իր ընտանիքի գաղափարախոսությունը: Ուսումնառությունն ավարտելիս նրանք դառնո՞ւմ են միասնական գաղափարախոսության կրող: - Մենք ունենք ապագա զինվորականի հստակ նկարագիրը, այսինքն` այն կերպարը, չափանիշները, բնավորության ու վարքի գծերը, որոնք բնութագրական են ապագա սպայի համար: Ողջ ուսումնառության ընթացքում դաստիարակության տարբեր մեթոդներով օտարվում են բնավորության, մտածելակերպի ու վարքի մերժելի դրսևորումները և արմատավորվում են այն հատկանիշները, որոնք հարիր են զինվորականի կերպարին: Ռազմական ինստիտուտն արդեն ունի իր դիմագիծը, իր պատկերացումները լավի ու վատի, ընդունելի և մերժելի հատկանիշների վերաբերյալ: Այսինքն` կա ձևավորված բարոյական արժեհամակարգ, և նոր ընդունված կորսանտները, առնչվելով այդ հասարակության անդամը, ակամա ապրում են նույն օրենքներով ու չափանիշներով: Նրանց կենցաղը, ռեժիմը, օրվա բոլոր պահերը կանոնակարգված են և հսկվում են: Այսինքն` օրվա յուրաքանչյուր րոպեն նրանք ապրում են ոչ թե սեփական նախաձեռնությամբ ու ցանկությամբ, այլ այնպես, ինչպես պարտավոր են` ըստ կանոնակարգի: - Իսկ ի՞նչ են պարտավոր անել` ըստ կանոնակարգի, կամ ինչ չե՞ն կարող անել: - Պարտավոր են ապրել ռեժիմով, լինել կարգապահ, պարտավոր են պահպանել անձնական հիգիենայի կանոնները, լինել մաքրակենցաղ, չկեղտոտել ինստիտուտի տարածքը, պարտավոր են հարգալից լինել միմյանց հանդեպ, սովորել դասերը, մասնակցել միջոցառումներին և այլն: Կանոնակարգված կենցաղը հետզհետե դառնում է սովորույթ, գիտակցված վարք: Մենք կուրսանտի գիտակցության մեջ արմատավորում ենք իր գործի բացառիկության գաղափարը և բնութագրում ենք այն կերպարը, որին պարտավոր է ձգտել: Մենք արժևորում ենք կուրսանտին, որպեսզի նա արժևորի ինքն իրեն: Կուրսանտը տեսնում է, որ ինստիտուտում ստեղծված են բոլոր պայմանները իր համար, ամեն ինչ նորոգ է, գեղեցիկ, ճաշակով, մաքուր: Որ ինքը լավ սնվում է, ստանում է բարձրորակ կրթություն, հարգվում է, բնականաբար բարձրանում է ինքնագնահա տականը և արթնանում է կատարելագործվելու, ավելի լավը լինելու մղումը: - Ինչո՞ւ են ինստիտուտի միջանցքներում սպաները մշտական հսկողություն սահմանում: Որքանո՞վ է դրա անհրաժեշտությունը հրատապ: - Հսկողությունից վնաս չկա: Ոչ մի կուրսանտ չպետք է դուրս մնա հսկողությունից: Չկա մի կուրսանտ, որի հետ անհատապես զրուցած չլինեմ: Ամբողջ կոլեկտիվն է աշխատում այդ ոգով: Վերջին շրջանում, երբ ինստիտուտի պետ նշանակվեց գեներալ-մայոր Գարեգին Գաբրիելյանը, հատկապես կարգապահությունն ու դաստիարակչական աշխատանքները նոր առաջընթաց արձանագրեցին, քանի որ գեներալը չափազանց խիստ էր և հետևողական և չէր անտեսում ոչ մի մանրուք, միայն մեկ դրվագ պատմեմ: Ավանդաբար` շրջանավարտները շարահրապարակով քայլելիս դրամ էին նետում` իբրև բարեկեցության, առատության խորհրդանիշ: Գարեգին Գաբրիելյանը ասաց. «Այդ դրամի վրա մեր պետության գերբն է»: Ու կուրսանտները հրաժարվեցին սովորույթից: Միայն մեկ նախադասությունը, որը բարձրացրեց պետությունը, գերբը, սովորերցեց հարգել պետության խորհրդանիշները: - Շատ չե՞ն քարոզչական պաստառները: Դրանք ինստիտուտի շեմից սկսում են խրատել քեզ ու ամենուր, ամեն քայլափոխի սովորեցնում են: - Սովորեցնում են սիրել հայրենիքը, ազգը, լինել ուժեղ, համարձակ, պատվախնդիր, առաքինի, ազնիվ… Այո, դրանք ամեն պահի կուրսանտի կողքին են ու մի տեսակ զգաստ են պահում: - Մենք կկարողանա՞նք ձևավորել զինվորականի այն կերպարը, որի մասին այդքան խոսում ենք` բազմակողմանի զարգացած, բարձր բարոյական նկարագրի տեր, անսահման նվիրված հայրենիքին ու ազգին… - Այս տարվա շրջանավարտները շահեկանորեն տարբերվում են նախորդներից ու այս միտումը պետք է շարունակական լինի: Մենք դասավանդում ենք այնպիսի առարկաներ, որոնք ընդհանուր զարգացություն են ապահովում կուրսանտի համար` մշակույթ, գրականություն, գեղագիտություն, բարոյագիտություն, սակայն չեմ կարող ասել, թե այսօր մեր կուրսանտն ունի այն մակարդակը, որին ձգտում ենք: Ունենք երգչախումբ, կուրսանտներին պարել ենք սովորեցնում, ասմունքի խումբ ունենք, թանգարաններ ենք տանում, մի խոսքով, փորձում ենք ճաշակ ձևավորել: բայց դեռ այդ ուղղությամբ բազում անելիքներ ունենք: Ամեն դեպքում ես համոզված եմ, որ կարճ ժամանակ անց ռազմական ինստիտուտի շրջանավարտները իրենց կրթությամբ ու մարդկային նկարագրով, իրոք, կլինեն օրինակ ու չափանիշ մյուս կրթօջախների համար:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ