ՊԱՇՏՈՆԱԿԱՆ


q ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց ՀՀ ՊՆ նորակառույց համալիրում: Խորհրդակցությանը, որին մասնակցում էր ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ողջ ղեկավար կազմը, քննարկվեցին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման հետագա խնդիրներին, ապա շինարարական աշխատանքներ իրականացնող շինկազմակերպությունների պատասխանատուների հետ նաև` ՊՆ նորակառույց համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր: Այնուհետև ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, ծառայությունների և առանձին բաժինների ղեկավարները ծանոթացան իրենց հատկացվելիք աշխատանքային սենյակներին և պայմաններին: Խորհրդակցության ավարտին Ս.Օհանյանը հանձնարարականներ տվեց ՀՀ ՊՆ նորակառույց համալիրի շինարարության ավարտական աշխատանքների վերաբերյալ: q ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին և ռազմական կցորդ, գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց գնդապետ Բիժան Համզեիլ Հաշամեին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում: Այնուհետև դեսպանը նախարարին ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ահմադ Ռեզա Ալլահդադիին: Իր հերթին Ս.Օհանյանը շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները կթևակոխեն զարգացման որակական նոր փուլ` վերջինիս պաշտոնավարման ընթացքում` հաջողություն մաղթելով նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում: Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին տնտեսական ու քաղաքական ոլորտներում ունեցած լուրջ ձեռքբերումները, որոնց հիմքում ընկած են հայ և պարսիկ ժողովուրդների եղբայրական հարաբերությունները: Կողմերը հույս հայտնեցին, որ դարերի ընթացքում ձևավորված վստահության մթնոլորտը կշարունակի հիմք հանդիսանալ հետագա համագործակցության համար` ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ գոյակցության: Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը: