ՄԵՐԿԱՑՎԵԼ ԵՆ ԿԱՇԱՌՔԻ ՓԱՍՏՈՎ


ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու փաստի մեջ մերկացվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ, ոստիկանության մայոր Սեյրան Պետրոսյանը: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Պետրոսյանը, ոստիկանության նույն բաժնի պարեկապահակային ծառայության ջոկի հրամանատար, ոստիկանութ յան ավագ Սարգիս Պարսամյանի, պարեկապահակային ծառայության վաշտի ոստիկաններ Հովհաննես Գրիգորյանի եւ Գրիգոր Հայրապետյանի միջոցով Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում ապրանքներ վաճառող եւ տարադրամի ապօրինի առքուվաճառքով զբաղվող քաղաքացիներից պարբերաբար շորթել է խոշոր չափերի հասնող կաշառք: Շուկայի տարածքում տեղակայված վերոհիշյալ աշխատակիցների հենակետ-տնակում զննությամբ հայտնաբերվել են տարբեր անձանց վերաբերյալ գրառումներ, ինչպես նաեւ երեք տետր, որոնցում 2007 թվականից ի վեր` ոստիկանների կողմից մուտքագրվել են ապրանքներ վաճառողների տվյալներն, ու ըստ օրերի նրանց դիմաց դրվել է «պլյուս» կամ «մինուս» նշանը, որտեղ պայմանականորեն երեւացել են գումարներ տվողները կամ չտվողները: Միաժամանակ` Սեյրան Պետրոսյանն իր գրպանից ներկայացրել է 412.000 կանխիկ դրամ: Պարզվել է նաեւ, որ շուկայի առևտրականներից գումարներ է շորթում նաեւ Գյումրու քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի մասնագետ Գևորգ Հակոբյանը: Շուկայի տարածքում հայտնաբերվել են նաեւ տարադրամի ապօրինի փոխանակմամբ զբաղվող Գյումրիի բնակիչներ Աշոտ Անտոնյանը, Նորայր Սահակյանը, Ռուբիկ Խաչատրյանը, Ռոբերտ Փոլադյանը, Արա Գրիգորյանը, Վարդան Յաղուբյանը և Աշոտ Խուրշուդյանը, որոնք իրավապահների պահանջով ներկայացրել են փոխանակման համար իրենց մոտ գտնվող գումարները` 3. 967. 000 դրամ, 3807 ԱՄՆ դոլար, 1.995 եվրո եւ 183.050 ՌԴ ռուբլի: Նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քր. օր.-ի 311 հոդ. 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության աշխատակիցներ Սեյրան Պետրոսյանը, Սարգիս Պարսամյանը եւ Հովհաննես Գրիգորյանը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն