Հեռատես դիվանագիտություն Իհարկե° ադրբեջանական


Շուտով ԵԱՀԿ-ում, որը համարվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր միջնորդը, նախագահելու է Ղազախստանը: Ադրբեջանում արդեն սկսվել են սիրաշահումները, բնականաբար` Ղազախստանին դրանք լսելի դարձնելու բարձրախոսությամբ: Դիցուք` Ադրբեջանի ու Ղազախստանի համագործակցությունը ճակատագրի բերումով է, ինչին նպաստում է «մեր ազգային մշակութային, լեզվական մոտիկությունը: Մենք մեկս մյուսի կարիքն ունենք»: Այսպես արտահայտվողն այս անգամ Ղազախստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լյաթիֆ Ղանդիլովն է: Հատկապես Ղարաբաղի առնչությամբ իրեն ուղղված «դիվանագիտական» երկու հարցերին նրա պատասխաններից երևի թե թույլ սրտերը կմղկտային: - Ղարաբաղյան հակամարտության խնդրի առնչությամբ Ղազախստանը միշտ հայտարարել է, որ պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը: Ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ Ղազախստանը ՄԱԿ-ում չսատարեց Ադրբեջանի տարածքների բռնազավթման վերաբերյալ մեր բանաձևը: - Ես կարծում եմ, որ այդ թյուրիմացությունը մեզ կստիպի ավելի արդյունավետ աշխատել, որպեսզի մեր տեսակետը հասցնենք ղազախական կողմին: Բոլոր դեպքերում` այդ հանգամանքը չի կարող պղտորել մեր հարաբերությունները, քանի որ Ղազախստանն, ընդհանուր առմամբ, միշտ կողմ է եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականութ յանը, և դա բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներում: Կարծում եմ` իրավիճակը չարժե դրամայի վերածել: Մենք առաջ կընթանանք` շնորհիվ մեր տնտեսական հնարավորությունների: Եվ տնտեական համագործակցությամբ ավելի կամրապնդենք մեր քաղաքական փոխհարաբերությունները: Իսկ ի՞նչ ակնկալիք ունեն ղազախական կողմից` ԵԱՀԿ-ում նախագահելու ընթացքում: Դե, իհարկե, այս մասին նրանց բոլոր «երգերը» նույն տեքստը ունեն` «Ադրբեջանի տարածքային ամբողջականությո¯ւն»: Իսկ ազգի պատման հայրենիք կամ բնօրրան ասվածը ունայնամտության ընկալումներից դուրս է: - Գաղտնիք չէ, որ այս երկիրը միշտ հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին,- ինքն իրեն ու իր երկրի ղեկավարներին կրկնելով` ասում է Ղանդիլովը և արագ տրվում մտագարությանը. - Սա էթնիկ զտման բացառիկ դեպք է… Նրանք (այսինքն մենք` հայերս-խմբ.) խախտել են միլիոնավոր ադրբեջանցիների իրավունքը. նրանցից սկզբում մաքրել են Հայաստանը, որտեղ մեր հայրենակիցներն ապրել են դարերով, հետո` Ղարաբաղը: Իսկ հիմա խոսում են միջազգային իրավունքից: Մեկ անգամ կարելի է խաբել, բայց անվերջ դրանով զբաղվելը երեսպաշտություն է: Այո, հենց այսպես: Մարդիկ նեղացե¯լ են. իրենց երկրում հայերի արյունոտ սպանդը կամ չի եղել, կամ իրենք չեն կազմակերպել: Դարերով հայկական հողի վրա, ուրեմն միլիոնավոր ադբրեջանցիներ են ապրել. մի-լիո-նա-վոր… Իսկ տիպիկ ադրբեջանական երեսպաշտության դասական մի օրինակն էլ հետևյալ «հայտնագործությունն» է. - Հայ ժողովուրդն ինքնորոշվել է, ունի իր պետությունը: Մեր կողմից մենք, մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, ի վիճակի ենք ապահովել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների, ներառյալ հայերի, իրավունքները: Այդ սկզբունքը կիրականացվի` Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բարձրագույն աստիճանի ինքնավարություն ընձեռելով: