Մենաշնորհային լաբիրինթոս


Ժողովուրդը սպասում է բջջային կապի երրորդ օպերատորին` հուսալով, որ մրցակցության արդյունքում կիրագործվեն սակագնի իջեցման, կապի որակի բարձրացման և ծառայությունների բազմազանացման ակնկալիքները: Եվ էական էլ չէ, թե որ երկրից է մեր ռեսուրսի ենթակառույցը տնօրինողը. կարևորը տվյալ առաջին անհրաժեշտության հանրային այդ ծառայության որակի, գնային բարեխիղճ քաղաքականության ապահովումն է: Ուստի, ի սկզբանե հարկ է ծայրաստիճան զգոնությամբ թույլ չտալ, որ ստեղծվի 2-րդ «ԱրմենՏելը»` մինչ օրս չդադարող կամայականություններով: Մենաշնորհի, մասնավորապես գնային չարաշահումների շարունակականությունը արգելելու համար, պետության վերահսկողությունը խստացնելու, ի՞նչ նոր ծրագրեր կան. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն ՍԱՐԳՍՅԱՆԸ հավաստիացնում է. - Եթե խոսքը գնային քաղաքականության մասին է, ցավոք սրտի, դա մեր նախարարության իրավասությունների մեջ չէ, բայց իհարկե պետությունը նման առաքելություն ունի և պետք է վերահսկի այդ խնդիրները: Պետական անկախ երկու հանձնաժողովներ են ստեղծված` այդ հարցերը կարգավորելու համար և, բնականաբար, մեր լիազորութ յունների սահմաններում համագործակցում ենք նրանց հետ: Օրինակ, բջջային կապի գները, բոլորս տեսնում ենք, որ իջնում են: Երկաթուղու Բաթումիի գծի մասին, խոսում էին, թե մեզ համար վնասաբեր է լինելու, սակայն մենք պահպանեցինք նախկին գները: - Վերջերս «Արմինկո» ընկերությունն ընդվզեց` հայտարարելով, որ իր հաշվարկներով ֆիքսված հեռախոսակապի րոպեավարձը 5-ի փոխարեն կարող է 0,5 դրամ լինել: Բացի այդ, երթուղային միկրոավտոբուսների գծատերերը առիթը բաց չեն թողնում, որպեսզի ուղեվարձի թանկացման հարցը ծառացնեն: Շրջանցելով ֆիքսված հեռախոսակապի րոպեավարձի հետ կապված անտրամաբանական երևույթը` Գուրգեն Սարգսյանը նշում է. - Տրանսպորտի հետ կապված` մենք հետամուտ ենք լինելու հիմնականում տեսչական խնդիրներին, որովհետև բազմաթիվ բողոքներ կան տրանսպորտի աշխատանքներից: Ասեմ, որ վերջին երկու ամիսների ընթացքում խախտումների վերաբերյալ կազմվել է 408 արձանագրություն, որը կազմում է 6,5 միլիոն դրամ: Այդ ուղղությամբ մենք լուրջ ծրագրեր ունենք` վերակազմավորելու տեսչական համակարգը, որն ավելի արդյունավետ կգործի: - Իսկ ավելի շահեկան չի՞ լինի արդյոք, որ պետությունը նման եկամտաբեր ճյուղերում իր մասնաբաժինն ունենա. այդ դեպքում և° նրա ներկայությունը զսպաշապիկ կհանդիսանա, և° այդ շահույթը կհարստացնի պետբյուջեն: - Ես չեմ բացառում նման մասնակցության ճիշտ լինելը. դա տարբերակներից մեկն է: «ԱրմենՏելի» պարագայում պետությունը ուներ որոշակի դեր: Չգիտեմ` լիազորությունը ճիշտ են իրականացրել, թե՞ սխալ: Համենայն դեպս, այն ժամանակ, երբ պետությունը կար` լավ չէր, հիմա պետությունը չկա` լավ է: Արդյո՞ք դա ուղղակի կապ ունի պետության մասնակցության հետ, թե ոչ` չգիտեմ: Դա միակ մեր փորձն է, որը ցույց տվեց, որ սխալ է եղել: Առանց երկմտելու կարող ենք հավաստիացնել, որ պետության` բաժնետեր դառնալը միանշանակ օգտակար կլինի Հայաստանի համար:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ