ԱՅԼԵՎՍ` ՄԻԱՅՆ ԳՈՐԾՈՎ


Հետաքրքիր օրինաչափություն արձանագրեց ՀՀ գործող Նախագահի աշխատաոճը. գերատեսչություններ այցելություններն ու հանդիպումները ոչ միայն ոլորտային պատասխանատուների, այլև շարքային աշխատողների հետ: Նրա կառուցողական ծրագրերի իրագործելիությունն ակներև է դառնում` նման ամեն այցից հետո: Դիցուք` ճանապարհային ոստիկանության գործելակերպի փոփոխությունը: Բայց միայն ավտոտեսչությունով համակարգի խնդիրները չեն վերջանում. էլի շատ հիմքային արատներ կան, որոնց վերացումը պարզապես օրախնդիր է: ՀՀ ոստիկանապետ Ալիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ հավաստիացնում է. - Մենք այսօր աշխատում ենք բոլոր սողանցքները փակել, որպեսզի համակարգի աշխատակիցները չկարողանան տարբեր կամայություններ դրսևորել և ավելորդ քաշքշուկներ ստեղծել… Կարծում եմ` ոստիկանության աշխատակիցները քաջ գիտակցում են, որ որևիցե ոտնձգություն կարող է բիծ թողնել ինչպես Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքի, այնպես նաև` ոստիկանության հեղինակության վրա: Ինչ խոսք աշխատավարձը շատ ցածր է ոստիկանությունում, 2009-ի հունվարին այն կտրուկ կբարձրանա. ենթադրում ենք` մինչև 50 %: Հրաշալի է: Հասարակական կարգի պահպանմամբ մտահոգ որևէ մեկը չի կարող չողջունել այդ կարգի պահապանի բարեկեցությանը միտված քայլերը: Առավել ևս, որ աշխատավարձի բարձրացմամբ ոստիկանությունում հույսեր են փայփայում վերացնել կաշառակերությունը: Սակայն ամենաբարձր վարձատրությունն իսկ ի զորո՞ւ է կտրուկ արգելանք դառնալ հոգեբանական բարդույթ դարձած արատավոր պրակտիկայի: Ինչ խոսք, օրենքը նախատեսում էլ է` կոռուպցիա կոչվող երևույթի պարագայում հավասարա չափ մեղադրելի են մասնակից երկու կողմերը: «Մութ տեղը լույս տվող» «վերաբերմունքի» ներշնչանքը, սակայն, կողմերից մեկի համար ստիպմունք է. մարդը վստահ չէ, որ առանց լրացուցիչ «խրախուսանքի» օրենքն իր օգտին կաշխատեցվի… Իսկ ոստիկանական համակարգում ամենախոցելի գործելակերպը, թերևս եղել ու շարունակում է մնալ հանցագործությունների բացահայտումը: Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, շատ դեպքերում, բացահայտում կոչվածը դառնում է պատահաբար բռնված` «տանիք» չունեցող հանցագործի «մեղքերի կարկատան»: Այսինքն, «անտեր» մի գրպանահատի վերագրվում են, դիցուք ամիսներով չբացահայտված մի քանի գողություններ… Ինչևէ, համակարգի ղեկավարությունը, իսկապես, հակված է բարեփոխումների: Հասարակությունն էլ ուզում է հավատալ: Սակայն, «բոլորիս տառապանքը փորձ ունի» չգրված կարգախոսը մղում է` խոսքերով հիանալու փոխարեն գործնական արդյունքներ ակնկալել…

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ