Ակամա նպաստելով իշխանության հեղինակության աճին


Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրված վերջին հանրահավաքը լիովին տեղավորվեց վաղօրոք կանխատեսված սցենարի շրջանակներում: Օգոստոսի 1-ին ստեղծված ոչ նոր, բայց նորացված քաղաքական ձևաչափը ոչ միայն նոր համալրումներ չունեցավ, այլև փաստեց, որ Նախագահի նախկին թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերի մի մասն այլևս նրա հետ չի շարունակելու հետագա քաղաքական պայքարը: Դեռևս ընտրություններում կրած պարտությունից հետո ընդդիմադիր այդ միավորի տրոհման վտանգն արդեն անխուսափելի էր դարձել: Այն, իհարկե, կարող էր իրականության վերափոխվել շատ ավելի շուտ, բայց նախորդող ամիսներին բաժանումը հասունացնող խմորումներն ինչ-ինչ հիմնավորումներով հաջողվում էր թաքցնել: Այլ հարց է, որ Ստրասբուրգ մեկնելու առիթով Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությունն արդարացնելը կամ Մոսկվայում բուժվելու պատճառով Արամ Կարապետյանի անտարբերությունը հիմնավորելը հնարավոր չէր այդպես էլ «չնկատել»: Էլ չասած` հանրահավաքում բացակա ստացած այն ուժերի մասին, որոնց, ինչպես ժողովուրդն է բնորոշում, մի ավտոբուս կուսակցական ունեն, և երբեմն անգամ նրանց անունները վերհիշելն է դժվար: Եվ չնայած մեծ ու փոքր կորուստներին, հարկ է նաև արձանագրել, որ Լ. Տեր-Պետրոսյանին տվյալ դեպքում հաջողվել է հասնել առավելագույնին… Հեշտ չէ շուրջ մեկ ու կես տասնյակ քաղաքական ուժերի համախմբել մի շրջանակում, որի նպատակները վաղուց արդեն անուղղակիորեն փակուղում են հայտնվել: Ավելին, ընտրություններում կրած անհաջողության ուրվականը խոստանում է «շուրջկալած» պահել թիմին` լրջորեն հարցականի տակ դնելով նաև ապագայի բոլոր հույսերը: Ինչ խոսք, «բազմիմաստ» ՀՀՇ հապավման փոխարինումը «Հայ Ազգային Կոնգրես» շատ ավելի թարմ ու բարեհունչ անվանմամբ, գոնե ձևականորեն հնարավորություն կտա շրջանցելու այն ժամանակաշրջանի մասին հիշողությունները, ինչի վերաբերյալ ամենափոքրիկ ու էպիզոդիկ վերհուշն անգամ հաստատ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին չի խոսում: Համենայն դեպս, միայն անվանափոխությունը շոշափելի ոչինչ չի կարող ավելացնել նոր ձևաչափի բովանդակությանը: Մանավանդ որ, ինչպես նշեցինք, կոնգրեսի հեռանկարները շարունակում են մշուշոտ մնալ: Լ. Տեր-Պետրոսյանն ինքը նոր միավորումում համախմբված քաղաքական ուժերի ունեցած-չունեցած գաղափարախոսությունը դեռևս կեղծ կատեգորիա չի հռչակել: Բայցևայն պես, նա այդպես էլ չի անդրադառնում այն հարցին, թե ինչպես են պատրաստվում համատեղվել այդչափ բազմազան, երբեմն էլ միմյանց հակասող գաղափարներ դավանող կուսակցությունները: Հավանական է, սակայն, որ նշված հարցը թիմի ներսում առայժմ չի կարևորվում և ըստ ամենայնի առաջնային չի լինի այնքան ժամանակ, մինչև գաղափարական անհամատեղելիությունը ինքնաբերաբար հակասությունների կհանգեցնի: Դատելով Լևոն Տեր-Պետրոսյանի ուրբաթօրյա ելույթից` կոնգրեսի նպատակները բոլորովին այլ են լինելու: Ճիշտ է, առաջին Նախագահը իր գլխավորած թիմի անելիքները դեռևս խիստ ընդհանուր բնորոշիչներով է ներկայացնում, բայց եղածն էլ բավական է եզրահանգելու, որ կոնգրեսի ծրագրերը պարզապես բխում են հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակից: Ուստիև, դրանք գերազանցապես մոտ ապագայի համար են նախատեսված, ինչն էլ իր հերթին է կասկածի տակ առնում նորահռչակ միավորի երկարակեցությունը: Համենայն դեպս, ինչպես առաջին Նախագահը նշեց, շարժման գլխավոր կարգախոսը Սերժ Սարգսյանի հրաժարականի և արտահերթ ընտրություննների պահանջն է դառնում… Անիրականանալի հարցադրում, որը կարճ ժամանակ հետո կատարելապես իմաստազրկելու է նաև նորաստեղծ կոնգրեսը: Վանկարկելիս բավական խրթին «Հը-րա-ժա-րա-կան» կարգախոսը գոնե հանրահայտ «Հի-մա»-ի տրամաբանական շարունակությունն էլ չէ, քանի որ այն ոչ թե պետք է հաջորդեր, այլ նախորդեր «Հիմա»-ին: Համենայնդեպս` այս մասին խոսելն արդեն ինչ-որ իմաստով նաև ուշացած է: Արմատականների խոստացած «առանցքային», «բեկումնային» հանրահավաքում հնչած ելույթները նախորդներից գրեթե չէին տարբերվում, իսկ մարդիկ հաստատ այնքան էլ տրամադրված չեն ժամերով կանգնել կիզիչ արևի տակ` կրկնվող ու նույնատիպ ելույթները նորից ու կրկին լսելու համար: Տպավորությունն այնպիսին է, թե ընդդիմությունը այդպես էլ չիրականացող «սյուրպրիզների» խոստումներով է արդեն ընտրազանգվածին Մատենադարարանի շրջակայքում համախմբում: Ինչ խոսք, որևէ մեկը չի ժխտում, որ բնակչության ինչ-որ հատվածն իսկապես դժգոհ է իշխանությունից: Ավելին, երբեմն-երբեմն տեղի ունեցող հանրահավաք ները ասվածի ամենաուղղակի ապացույցներից է: Սրանով հանդերձ, եթե ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվում այդ դժգոհությունը մեղմելու ուղղությամբ որևէ կոնկրետ ուղի նախանշել, ապա կարճ ժամանակ հետո հանրահավաքի շտապող զանգվածի շրջանում իշխանության վարկանիշն անխուսափելիորեն սկսելու է բարձրանալ: Նման հեռանկարները կանխատեսելի են նաև տվյալ դեպքում: Համենայն դեպս, օգոստոսի 1-ի հավաքն ամփոփելիս այլևս մեծ է թվում հավանականությունը, որ չնայած աշնանային միտինգային սեզոնի խոստումնալից մեկնարկին, այնուամենայնիվ, թիմի և ընտրազանգվածի` օգոստոսի 1-ի հանդիպումը մարդաշատության առումով վերջինը կլինի: Կասկածից վեր է, որ արդեն հաջորդ հանրահավաքից միտինգավորների շարքերում չեն լինի բոլոր այն քաղաքական ուժերի համակիրները, որոնց առաջնորդներն այդպես էլ չստորագրեցին կոնգրես ստեղծելու հռչակագիրը: Հետաքրքրության նվազումն օրինաչափ է, քանի որ և ոչ մի հանրահավաքում այդպես էլ չի բանաձևվում այն կոնկրետ անելիքը, ինչը կարող է Մատենադարանի մոտ դարձյալ հավաքելու նպատակի որոշակիացման հանգեցնել: Իսկ անկանոն պարբերականությամբ միտինգներ հրավիրելն ու մեկ Ռ. Քոչարյանի իշխանավարության տարիները քննադատելը, մեկ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը չի կարող համախմբման և հետագա պայքարի շարժիչ ուժը դառնալ: