Նորաձև է դարձել առցանց¬հարբեցողությունը


Սոցիալական ցանցերն այնքան հիմնավոր են մուտք գործել հատկապես ամերիկացի ու եվրոպական երիտասարդության առօրյա, որ նրանցից շատերը նախընտրում են Facebook¬ով նաև խմել «դեմ հանդիպման» (տեղեկացրել է Reuters¬ը): Բարեր այցելելու կարիքն էլ այլևս չկա. այսպես կոչված վիրտուալ խրախճանքներն էլ վատ չեն նրանց համար: Ավելին, ուսանողներն ավելի հազվադեպ են տնից դուրս գալիս, հասարակական վայրեր գնում կամ հյուր հրավիրում: Նախընտրելին համակարգչային հեռակա շփումներն են: Եվրոպական ու ամերիկյան սոցիոլոգները փաստում են, որ վերջին տարիներին 18-29 տարեկանների շրջանում կտրուկ հաճախակիացել են հարբեցողության դեպքերը` գերազանցապես առցանց-խրախճանքների պատճառով: Նորաձևության վերջին ճիչով` նախապես նշված ժամին տարբեր երկրներում ու քաղաքներում, նույնիսկ նույն փողոցում ապրող երիտասարդները նստում են համակարգչային էկրանի առջև, յուրաքանչյուրը բացում է ոգելից իր շիշը և սկսում են ֆեյսբուքային գրազրույցը: Նրանք իրենց ներշնչում են, թե իրար կողքի են, նույն սեղանի շուրջ և ոչ թե գրում, այլ խոսում են իրար հետ: Սոցիոլոգներն այս իրողությունը վտանգավոր են համարում ոչ միայն ջահելների նման ոչ ցանկալի հարմարվողականության առումով, այլև նրանց առողջության համար: Գիտնականների հավաստմամբ` «առցանց խմողների» մեծամասնությունը հարբեցող է դառնում: Փորձագետները հարցեր են ուղղել ֆեյսբուքով տարված 224 երիտասարդների (18-29 տարեկան) և եզրահանգում հիմնավորել, որ բոլորից շատ խմում են նրանք, ովքեր պարծենում են ալկոհոլային իրենց նվաճումներով ու ցանկանում են դա ի ցույց դնել: Անհամեմատ քիչ են խմում նրանք, ովքեր առցանցում քիչ են գրում կամ ընդհանրապես չեն գրում իրենց գինեսիրության մասին: Տեխնիկայի նվաճում` նորին մեծություն ինտերնետի բազում առավելություններն, ինչ խոսք, անկարելի է չգնահատել: Բայց նշյալ և այլ փաստեր համադրելիս, ակամա փորում ես հաշվել` դրա «տվա՞ծն է շատ, թե՞ տարածը»: