ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՍԻՐԵԼԻՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ


Երանելի է այն այրը, մանավանդ` պետական պաշտոնյա ու քաղաքական գործիչ, ում անկաշառությանը հավատում և ում անկաշառորեն սիրում են հենց պաշտոնավարման ընթացքում: Անդրանիկ Մարգարյանը սակավաթիվ այդ այրերից էր: Պաշտոնը նրա համար օթյակային բազկաթոռ չի եղել, այլ միջոց` ծրագրերն իրագործելու: Իսկ ծրագրերն այդ համապարփակ էին` յուրաքանչյուր հայի հոգսերից մինչև անկախ պետականության կերտում և հաստատաքայլ ընթացք դեպի ապագա: Գիտակցական ողջ կյանքում թրծվել էր դժվարությունների, պայքարի բովում, հոգին, սակայն, չէր կարծրացել: Եվ իր անհողդողդ կամքով, ազգօգուտ տքնանքով, ընդօրինակման արժանի ապրելակերպով նա դարձավ իր սիրելի ժողովրդի նորագույն պատմության կերտողներից մեկը` արժանանալով համընդհանուր սիրո ու հարգանքի, վստահութ յան ու ակնածանքի: Հայի ա´յս տեսակն է, որ կուլ չի գնում ժամանակների խելահեղ փոթորիկներին... Իր` զուտ ֆիզիկական բացակայությամբ Անդրանիկ Մարգարյանը վերջապես թույլ տվեց, որ խոսեն իր մասին: Ու բոլոր ասելիքները, որքան էլ տարբեր, բայց նույն հիացմունքի առհավատչյան են ու բոլորն էլ` ինքնաբուխ: Հրապարակախոս Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԻ «Տիեզերաչափ հույսի ու հավատի ասպետը» գրքույկը ևս գրեղեն մի հուշարձան է` Անդրանիկ Մարգարյան Մարդուն, Հային, Ազատության Զինվորին, Ժողովրդական գործչին... Առաջին հայացքից առանձին ակնարկներ թվացող դիմանկարային շարքով նա մաս առ մաս փորձել է ամբողջացնել իր ճանաչած հայորդու դիմանկարը: Եվ այնքան առարկայական են հեղինակի խոհերը, համեմատություններն` այնքան դիպուկ, որ տողերից ճառագող ջերմությունն ու հախուռն հույզերը նաև ընթերցողին են պարուրում: Ամենակարևորը` այդ տողերից հառնող կերպարը հարազատ ու սիրելի է ամենքին: Գրքի հերոսը Հայ Մարդն է` Անդրանիկ Մարգարյան հայեցի անուն-ազգանունով: Հայ Մարդը` ասել է թե` ազատության մարտիկը, լավ առաջնորդն ու գաղափարակիրը, ով ուներ իր երազած Հայաստանի տեսլականը. «Ի՞նչ էր ուզում կյանքից այս իմաստուն այրը: Հոգեկան խաղաղություն` ինչպես բոլորը, և հզոր հայրենիք` ինչպես ոչ բոլորը: «Իհարկե, Հայաստան հասկացությունը և Հայաստանի Հանրապետությունը մի քիչ տարբեր են,- ասում էր նա:- Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ դրանք հնարավորինս մոտեցնենք իրար: Մեր նվիրական նպատակն էր, որ Հայաստանի Հանրապետություն ասվածն իր մեջ ընդգրկեր ամբողջ Հայկական լեռնաշխարհը, այն բնօրրանը, որտեղից հայերը տարբեր պատճառներով հեռացել են և գտնվում են այլ երկրներում»: Նրա ուխտի իրականացումը մնաց հաջորդ սերնդի ուսերին, մնաց այն հույսի թևերին, թե կծնվեն նոր Անդրանիկներ ու ամեն ինչ կսկսեն արդեն նրա նվաճած բարձրությունից»: Հայ այրը, ով ամեն հայի հոգում ծվարած Էրգրի կարոտը Էրգիր տանող ճանապարհը նախանշելով էր արտահայտում` «Էրգիր գնալու միակ ճանապարհը պետություն ունենալն է... Սա դարձավ նրա ուխտը, հավատամքը, նպատակը, կյանքի գործն ու ապրելու գինը... Այսպես են առաջանում առածները, ասացվածքները, որոնք, թվում է, թե հեղինակ չունեն կամ դրանց հեղինակը ժողովուրդն է: Միշտ էլ դրանք մի անգամ, առաջին անգամ ասում է ինչ-որ մեկը` ամենաիմաստունը, մի Անդրանիկ, մի Մուշեղ, մի Կարապետ... հետո միայն ասում է ժողովուրդը... Էրգիր գնալու միակ ճանապարհը պետություն ունենալն է... Այս տարողունակ նախադասությունը շարժիչի պես առաջ տարավ նրա ճակատագիրն ու կյանքի ուղին, հենց նա որոշեց ու վճռեց, կառուցեց ու քանդեց, փոխեց ու շրջեց ամեն ինչ: Եվ ինչ էլ որ իր աններելիորեն կարճատև կյանքում արեց ու ապրեց` ուղղված էր Էրգիր գնալու, Էրգրին տեր լինելու նպատակին...»: Ժամանակը երբեք չի հեռացնում նրանց, ովքեր իրենց արտը սիրող սերմնացանի շռայլությամբ բարի հունդեր են սերմանել ու ձգտել են հերկել մարդկային հոգու խոպանը: Հիրավի երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյան Հայը բարության սերմնացան էր, ում անվերջ հիշելու են նրա հետ երբևէ առնչված, նրա հետ մարտական ու աշխատանքային ճամփա անցած, նրան անգամ հեռվից ճանաչած բոլոր¬բոլորը: Ու նաև նոր գրքեր, նոր հրապարակումներ են գրվելու` վերստին բացահայտելով շատոց համար առեղծված համարվող ճշմարտությունը. սիրելիները երբեք չեն հեռանում: