1-2 պարբերությամբ


Գործարարությամբ զբաղվելն Ադրբեջանում հետզհետե անհնար է դառնում: Միայն այս տարվա մի քանի ամիսներին երկրում մի քանի տասնյակ ընկերություններ են փակվել: Ադրբեջանական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ տեղի ունեցածի պատճառ է դարձել հարկային ճնշումների աճը, իսկ խոշոր ֆիրմաները նախընտրել են իրենց գործունեությունը միջինասիական հանրապետություններում վերսկսել: Ալիևյան կլանը, որն իր լայնածավալ բիզնեսների պարագայում խուսափում է պետական պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուց, ընդդիմադիրների դիտարկմամբ Ադրբեջանում սկսած հարկային տեռորի նախաձեռնողն ու հովանավորն է: Ավելին, այդ ամենը Բաքվի իշխանությունները արդարացնում են, թե ստվերի դեմ են պայքարում, և ֆինանսատնտեսական ճգնաժամն է իրենց ստիպել խոշոր բիզնեսի հարկային պարտավորությունները մանրադիտակի տակ առնելը: Մինչդեռ գործարար հատվածը հավատացած է, որ հետզհետե ավելի ու ավելի դժվարությամբ հավաքագրվող բյուջետային հոսքերի անկումն է հարկային ճնշումների աճի և գործարարների շրջանում նման աննախադեպ հիասթափության հանգեցրել: Նրանցից շատերը հիմա են միայն բարձրաձայնում, որ ըստ էության իրենց երկրից վռնդող Իլհամ Ալիևին իրենք տարբեր ժամանակներում մեծամեծ ծառայություններ են մատուցել: Ու խոսքը ոչ միայն առիթն եկած դեպքում ցուցաբերված քաղաքական աջակցության, այլ նաև տարբեր ժամանակներում նվիրաբերված խոշոր գումարների մասին է… Իր հերթին, եթե Ադրբեջանի խոշոր բիզնեսը տնօրինողների վերաբերմունքն ու որոշումը վերջնական է և անբեկանելի, ապա այսպես կոչված փոքր ու միջին բիզնեսը շատ ավելի անելանելի վիճակում է հայտնվել: Ինչպես ասում են` վերջիններս ոչ գնալու տեղ ունեն, ոչ գործունեությունը շարունակելու հնարավորություն, ոչ էլ ստեղծված պայմանները հաղթահարելու ելք են տեսնում: Իսկ հեյդարօղլու ձեռնարկած հարկային տեռորը` դրանից բխող լրջագույն ու արդեն իրենց զգացնել տվող հետևանքներով հանդերձ, տեղի գործարարների շրջանում կասկածներ է առաջացրել, թե Իլհամը մինչ այժմ անհայտ նպատակներով բյուջեի միջոցներից մեծ քանակությամբ գումարներ է վերցրել ու հայեցողաբար տնօրինել: Իսկ հիմա նախաձեռնած արշավի միջոցով փորձում է կորուստը վերականգնել: