ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻ՞Ն ԲՅՈՒՋԵ


Տարբեր հաշվարկներով` շուրջ 1 միլիոն մարդ Հայաստանում աղքատ է համարվում: Այդ իսկ պատճառով բոլորովին էլ ոչ պատահականորեն հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը դարձյալ սոցիալական ուղղվածություն ունի: Լրացուցիչ ֆինանսավորում, իհարկե, բազմաթիվ ոլորտների համար է նախատեսվում, սակայն հատկապես շեշտադրում է արվելու նպաստների ու կենսաթոշակների բարձրացմանը: Ընթացիկ տարում այս ոլորտում բացահայտված հսկայածավալ յուրացումների բացահայտ արդյունքում տնտեսված գումարները, թերևս, նման հնարավորություն հիմա էլ կարող էին ընձեռել: Սակայն եթե նույնիսկ գործադիրի տրամադրության տակ ազատ միջոցներ չհայտնվեին, ապա անկախ ամենից` գնաճային շարունակվող ճնշումները պետք է որ սոցիալական ոլորտի հատկացումների ծավալների աճի մասին մտածել տային: Թվում է, թե գնաճը փորք¬ինչ հանդարտվել է վերջին շրջանում, թեև ամենատարբեր ապրանքների ու ծառայությունների գները վերջին ամիսներին գրեթե չեն նվազել: Նախորդից փոքր¬ինչ բարենպաստ գյուղատնտեսական տարին նույնիսկ գյուղմթերքների գնանկում գրեթե չարձանագրեց: Իսկ առանձին սննդատեսակների մեղմացած գները սոցիալապես խոցելի խավերի համար էական նշանակություն չեն կարող ունենալ: Նպաստների ու թոշակների` ընդամենը 2,5-3 հազար դրամով բարձրացումն էլ փոքր¬ինչ պայմանական ու ժամանակավոր կարելի է համարել: Եթե հերթական ապրիլը դարձյալ գազի գնի թանկացմամբ «նշանավորվի» (ինչի հավանականությունը շատ մեծ է), ապա ոչ միայն անվճարունակ, այլև միջին համարվող խավերի համար հարկ կլինի փոխհատուց ման ինչ¬որ եղանակ որոնել: Հավանաբար հենց այս հեռանկարն աչքի առաջ ունենալով է գործադիրն առայժմ այդչափ համեստ կենսաթոշակային հավելումներով բավարարվում` ինքն իր համար լրացուցիչ «պահուստային» տարբերակներ պահելով: Աշխարհում թափ առնող նոր ճգնաժամի անխուսափելի մուտքը Հայաստան գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը մշակողներին այժմվանից արդեն ստիպում է խնայողությունների մասին մտածել: Կրճատվել են օրենսդիր և գործադիր մարմինների, պետական կառավարման համակարգի ծախսերը: Խնայվելիք շուրջ մեկ միլիարդ դրամն անշուշտ փոքր գումար չէ: Թեև գործադիրի վերջին նիստում` նոր բյուջեի հանդեպ վերաբերմունք արտահայտելու առաջին իսկ հնարավորությունն օգտագործելով` որոշ նախարարներ արդեն տրտնջացին փողի պակասից: Փողն, իհարկե, երբեք էլ ավել չի լինում, ու արդեն քանի տարի գործադիրը խնայողության գրաֆիկով է գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ներկայացնում: Այլ հարց է, որ հնարավորությունների աճը հատկացվելիք գումարները վերանայելու պայմաններ կստեղծի: Այս առումով լրջագույն պատասխանատվություն է վերապահվելու Պետեկամուտների կոմիտեին: Գ. Խաչատրյանի ղեկավարած գերատեսչությունը հաջորդ տարի պետք է 82 միլիարդ դրամի լրացուցիչ հարկ ու տուրք հավաքագրի: Ի՞նչ է սա նշանակում... Եթե նոր ճգնաժամի սպասումները իրատեսական են, ապա լրացուցիչ հարկային հավաքագրումների մասին խոսելը փոք¬ինչ տարօրինակ կարելի է համարել: Այլ հարց է ու հավանական է, որ տնտեսության ստվերային հատվածը կրճատելու ուղղությամբ ավելի գործնական քայլեր կձեռնարկվեն: Տարբեր գնահատականներով` ստվերի ծավալը դեռևս 40-50 տոկոս է կազմում: Եվ եթե դրա դեմ պայքարին ավելի գործնական բնույթ հաղորդվի, ապա վերոնշյալ միլիոնները պետբյուջեում կհանգրվանեն: Սա էլ թերևս ճգնաժամին դիմակայելու ու բյուջետային հատկացումներն ավելի շռայլորեն բաշխելու նոր հնարավորություն կընձեռի: