Ի՞նչ սպառնալիքներից է զգուշանում ՀՀ նախագահը


Անցյալ շաբաթ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Վարչապետ Սերժ Սարգսյանը և Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ընդունել էին պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի գլխավորած պատվիրակությանը: Ինձ թվում է` Անատոլի Սերդյուկովը ժամանել էր Հայաստանի ղեկավարների հետ քննարկելու իրաքյան քրդերի դեմ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու պատրվակով մեր հարևան Թուրքիայում հսկայական թվով զորքերի մարտական բարձր պատրաստվածության վիճակի բերվելու առթիվ առաջացած մտահոգությունները: Իհարկե, թուրքական զորքերը կենտրոնացվել, բարձր մարտական պատրաստվածության վիճակի են բերվել և արդեն իսկ սահմանափակ ռազմական գործողություններ են ծավալել ոչ թե հայ-թուրքական, այլ` թուրք-իրաքյան սահմանի երկարությամբ: Բայց, ո՞վ իմանա, ավագ եղբայրների մկանների ցուցադրումից անհարկի ոգևորության մեջ չե՞ն ընկնի նաև ազերի չախկալները: Մեկ էլ տեսար` օգտագործելով ավագ եղբայր թուրքերի բառապաշարը, ազերիներն էլ տրվեցին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հակաահաբեկչական գործողություն ձեռնարկելու» գայթակղությանը: Հատկանշական եմ համարում, որ Անատոլի Սերդյուկովի Երևան ժամանելու օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ հերթական պատերազմական հոխորտանքով: Նա հրապարակայնորեն իր ժողովրդին կոչ արեց «ամեն րոպե պատրաստ լինել նոր պատերազմի միջոցով իրենց բռնազավթված (բռնազավթվա¯՞ծ-Ռ. Հ.) տարածքները ազատագրելու» արշավի: Իլհամ Ալիևի շուրթերին այս կարգի անպատասխանատու ու անխոհեմ կոչերը ամենևին նորություն չեն: Պատերազմական հիսթերիա բորբոքելով և իր ժողովրդին ոգևորելով, թե 2008 թվականին իրենց ռազմական բյուջեն կկազմի 1 միլիարդ 300 միլիոն դոլար, Ալիև-կրտսերը, փաստորեն, այդ կերպ ուզում է սեփական ժողովրդին ներշնչել, որ իրենց բանակի արդիականացման վրա կատարվող խոշոր ծախսերը ամենամոտ ապագայում կապահովեն բացարձակ ռազմական գերազանցություն հայկական կողմի նկատմամբ: Ամենևին հակված չեմ հակառակորդին թերագնահատել: Սակայն առավել քան համոզված եմ, որ ազերիները այլևս երբեք մեր նկատմամբ այնպիսի մեծ ռազմական գերազանցություն չեն ունենա, ինչպես ունեին անցած պատերազմի տարիներին, երբ փառահեղ քոթակ կերան: Հայաստանի ղեկավարներն այս ամենի մասին բարձրաձայն երբեք չեն խոսում: Եվ ճիշտ են անում` գրոշ չարժե այն պետական բարձրաստիճան պաշտոնյան, մանավանդ ռազմական ղեկավարը, ով չի կարողանում բերանին կապանք դնել, ջուրը չտեսած բոբկանում ու սկսում է աջուձախ լեզուն շաղ տալ` հարևանին սպառնալով նոր պատերազմով, ինչպես այդ անում է Ալիև-կրտսերը: Նմանների մասին է մեր ժողովրդական իմաստությունն ասում, թե «հաչան շունը կծան չի լինում»: Բայց ո՞վ իմանա` եթե այդ «հաչան շունը» վարակված է լինում նաև «կատաղություն» հիվանդությամբ, ապա այդպիսի դեպքերում ամենևին ավելորդ չէ նախապես վնասազերծող վակցինաների անհրաժեշտ պաշար տեսնելը: Մեկ էլ տեսար` իսկապես հարկ եղավ առողջացնող սրսկումներ կատարել… Իմ տպավորությամբ, այդ հնարավոր «սրսկումները» մնում են Հայաստանի ղեկավարության հիմնական մտահոգության առարկան: Օրերս Արցախյան հակամարտությունը մինչև մեր երկրում Նախագահի ընտրությունները խաղաղ կարգավորելու հնարավորության առթիվ լրագրողների տված հարցին Նախագահ Քոչարյանն ուղղակի պատասխանեց. «Ոչ, հնարավոր չեմ համարում և չեմ կիսում այն լավատեսությունը, որ այսօր արտահայտում են միջնորդները»: Ընդգծելով, որ բանակցային գործընթացում որոշակի առաջընթաց կա և մատնանշելով Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, Ռոբերտ Քոչարյանը հավելեց, թե «տպավորությունն այնպիսին է, որ այս երկու պրոցեսն իրար հետ կապ ուղղակի չունեն…Սպառնալիքները կան, և դրանք պետք է հաշվի առնվեն մեր քաղաքականության մեջ»: Ինքնըստինքյան հասկանալի է, որ Նախագահը նկատի ուներ մի կողմից Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, մյուս կողմից Ադրբեջանի նախապատրաստ վելը նոր պատերազմի, կամ, համենայն դեպս, այդ առթիվ հարևան երկրի ղեկավարի չդադարող սպառնալիքները: Եթե այդպիսի սպառնալիքներ հայտնվեին ամեն կարգի անպատասխանատու հասարակական կամ քաղաքական գործիչների շուրթերին, ապա դրանք կարելի էր արհամարհել: Բայց երբ այդ հոխորտանքները հայտնվում են երկրի նախագահի շուրթերին, ով ի պաշտոնե նաև իր ղեկավարած պետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է ու կարող է զորքերը շարժման մեջ դնելու հրաման արձակել, ապա դա արդեն լուրջ ահազանգ է և իսկապես չի կարելի արհամարհել: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ համաշխարհային պրակտիկայում մինչև հիմա չի եղել դեպք, երբ լրջորեն պատերազմի նախապատրաստվող որևէ պետության ղեկավար այդ մասին նախապես հայտարարություններ անի: Նույնիսկ այնպիսի մի մոլագար, ինչպիսին Ադոլֆ Հիտլերն էր, տրամագծորեն հակառակն էր անում` ամեն մի նոր երկրի վրա ագրեսիվ հարձակում ձեռնարկելուց առաջ ճամարտակում էր այդ երկրի նկատմամբ իր ամենաբարեկամակա¯ն զգացմունքների մասին: Իլհամ Ալիևի պարագայում, եթե նա իսկապես Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա հարձակվելու լուրջ մտադրություն ունենար, տրամաբանական կլիներ ակնկալել համանման, թեկուզև կեղծ, թեկուզև դիմացինի զգոնությունը բթացնելուն միտված «խաղաղասիրական» հայտարարություններ, և ոչ թե պատերազմական շեփորների հնչեցում: Իսկ եթե հնչեցնում է, նշանակում է կամ կատարելապես անտեղյակ է համաշխարհային պրակտիկայից, կամ այնքան լկտի է, որ չի վախենում ամբողջ աշխարհի աչքում ինքն իրեն ագրեսոր հռչակել, և, կամ, ինչն ամենից ավելի հավանականն է, այս կերպ ցանկանում է վիժեցնել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Ինչու՞: Որովհետև, ինչպես երևում է` հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնության նախագիծը, որի սկզբունքային կետերի շուրջ երկու երկրների նախագահների դիրքորոշումների մերձեցմանն են ձգտում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն իրենց մաքոքային դիվանագիտության միջոցով, ակնհայտորեն դուր չի գալիս ադրբեջանական կողմին: Այդ նախագիծը պարունակում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվեով որոշելու կետ, որին համաձայնելու դեպքում Ադրբեջանը վաղ թե ուշ հարկադրված կլինի համակերպվել իր վերահսկողությունից դուրս ապրելու արցախահայության կամքի հետ: Հարցերի հարցը սա է, և հենց սրա հետ է, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չի ուզում համաձայնել: Բաքուն առաջվա նման ձգտում է ամեն ինչ ստանալ և ոչինչ չտալ: Բայց այդպես երբեք չի լինում, միակողմանի զիջումներով հաշտության համաձայնագիր չի կնքվում, իսկ եթե կողմերից որևէ մեկին այդ կարգի «խաղաղություն» պարտադրվում էլ է` այդպիսի խաղաղությունը տևական չի լինում: Բանակցային սեղանի շուրջ որևէ խելացի առարկություն չգտնելով` Իլհամ Ալիևն, ահա, զենքի շաչեցման ճանապարհով փորձում է խաղալ հայկական կողմի նյարդերի հետ, որպեսզի մեզ հարկադրի հրաժարվել խաղաղ բանակցություններից: Դա նրան հնարավորություն կտա խուսափել բանակցային գործընթացը տապալելու համար միջազգային հանրության առաջ պատասխանատվություն կրելու տխուր հեռանկարից: Կարծում եմ` դատապարտված գործելակերպ է, մեր նյարդերն ամուր են, իսկ միջազգային հանրությունն էլ այնքան միամիտ չէ, որ չհասկանա Իլհամ Ալիևի այս «խաղը»: Բայց չակերտյալ, թե անչակերտ` Ալիև-կրտսերն այդ խաղը վարում է, և մենք իրոք պարտադրված ենք դա հաշվի առնել: Իմ տպավորությամբ, հենց այդ էր ակնարկում Ռոբերտ Քոչարյանը, երբ նշում էր, թե «սպառնալիքները կան, և դրանք պետք է հաշվի առնվեն մեր քաղաքականության մեջ»:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ