Մոռացված ժամացույցի ահազանգը


 

(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 77-81-ում)

Գնում են: Գալիս են Արեգը և Սիրակը:

ԱՍՊԵՏ - Շտապենք, Սիրակ, էլ չեմ դիմանում:

ՍԻՐԱԿ - Բայց ո՞ւր գնանք, ո՞ր կողմը:

ԱՍՊԵՏ - Ուր կտանի սիրտս: Թե չգտնեմ նրան, ինձ չեմ ների երբեք: Մի անգամ էլ ձայն տանք:

Ձայն են տալիս.

- Մա-րի˜... Մա-րի˜... Մա-րի˜...

Գնում են: Մի կարճ ժամանակ բեմը մնում է դատարկ:

Գալիս են Մարին և Նանեն: Մարին քայլում է հազիվ, կաղալով:

ՆԱՆԵ - Շա՞տ է ցավում:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ցավելը` ոչինչ: Էլ չեմ կարողանում քայլել:

ՆԱՆԵ - (Մարիի ոտնաթաթը շոշափելով) Հավանաբար դուրս է ընկել: Լավ կլինի, որ նստես:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Չէ, Նանե: Ես պիտի գնամ: Երևի արդեն ժամանակն է...

ՆԱՆԵ - Ինչի՞:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Որ գնամ ծնկած:

ՆԱՆԵ - Այս քարերի մեջ ծնկած հեռու չես գնա:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Կսողամ հետո: Սողալով կգնամ:

ՆԱՆԵ - Բայց ո՞ւր, մինչև ո՞ւր:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Գոնե մինչև այն ժայռի շուրթը: Կհասնեմ այնտեղ ու, քարին նստած, կսպասեմ նրան: Էլ աչք չեմ թարթի. կնայեմ անթարթ... (Փոքր-ինչ հետո) Ինձ առաջին անգամ տեսավ այնտեղ` գետի ափին: (Երկար ժամանակ հուշերով տարված, ամեն ինչից վերացած` նայում է այդ կողմը): Ինձ կամփոփեք այնտեղ: Այն ծառի տակ, որտեղ նա նստած էր: Եվ կծածկեք նրա տրորած հողով: (Քիչ անց) Ինչքա՞ն մնաց, Նանե:

ՆԱՆԵ - (Գրպանի ժամացույցին նայելով) Մեկ ժամ, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ընդամենը մեկ ժամ... Միայն մեկ ժամ... Տուր ինձ ժամացույցը:

Նանեն ժամացույցը տալիս է նրան: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...» :

Լուսինը ծածկվում է ամպերով: Մթության մեջ հեռվից լսվում է Արեգի և Սիրակի ձայնը.

- Մա-րի˜... Մա-րի˜... Մա-րի˜...

Տիրում է լռություն:

Արևը ծագում ու բարձրանում է: Մարին և Նանեն նույն սպասողական վիճակում նստած են ժայռի պռնկին: Լռությունը խախտում է Նանեն:

ՆԱՆԵ - Արևը բարձրացավ արդեն: Ինչքա՞ն մնաց, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Կես ժամ, Նանե: Մնաց կես ժամ...

Լսվում է թռչունների ծլվլոց, գետի մեղմ խշշոց, որը փոխվում է տխուր երաժշտության: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»: Դարձյալ տիրում է լռություն, որը կրկին խախտում է Նանեն:

ՆԱՆԵ - Տիրուհի...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Քառորդ ժամ, Նանե: Մնաց քառորդ ժամ... Մի՞թե նա չի գա... Չէ, Նանե, կգա: Նա հաստա´տ կգա: Ա˜խ, ի˜նչ արագ է այս ժամանակը անցնում... Կհասցնի՞ նա գալ...

Նախորդ դրվագը կրկնվում է. լսվում է թռչունների ծլվլոց, գետի խշշոց, տխուր երաժշտություն:

Բեմի վերևից կախվում է ժամացույց, որով հանդիսատեսները նույնպես հետևում են ժամանակի ընթացքին: Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»:

Տիրում է լռություն...

ՆԱՆԵ - Խոսի´ր: Ասա´ մի բան, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Հինգ րոպե, Նանե, հինգ րոպե... (Լարված, աշխարհից վերացած` նայում է հեռուն: Հնչում է նույն տխուր երաժշտությունը: Մնում է չորս րոպե): Ես գիտեմ, որ նա գալու է, Նանե: Գալու է հաստատ: Պարզապես նա... ուշանում է... (Սպասուհին մոտենում է նրան և թևանցուկ անում): Նայի´ր. երկու հոգի իջնում են... (Աշխուժացած) Այդ նա´ է, Նանե´... Նա´ է...

ՆԱՆԵ - Ո՞ր կողմից, տիրուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Ձեռքով ցույց է տալիս): Ա´յն կողմից, ա´յն… Տեսա՞ր...

ՆԱՆԵ - (Ուշադիր նայելով) Չէ´, տիրուհի...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Ինչպե՞ս չես տեսնում: (Ուրախացած) Այդ նա´ է: Գալիս է... (Աչքը ինչ-որ կետից չկտրելով` ժամացույցը տալիս է Նանեին): Վերցրո´ ւ, Նանե: Տես` ինչքա՞ն մնաց:

ՆԱՆԵ - Երկու րոպե, օրիորդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Երկու րոպե... Ա˜խ, երկու րոպե միայն... Դե շտապի´ր, վազի´ր, շո´ւտ արա: (Ծնկում է ժայռի պռնկին): Հիմա տեսնո՞ւմ ես, Նանե: Հիմա տեսնո՞ւմ ես:

ՆԱՆԵ - (Ուշադիր նայելով, ուրախացած) Հիմա տեսնում եմ, օրիորդ: Արդեն տեսնում եմ: Մեր կողմն է գալիս: Արագ վազում է...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Ցավով) Ոտքը քարին դիպավ: Ընկավ...

ՆԱՆԵ - Վեր կացավ: Վազում է...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - (Անհամբերությունից չգիտի, թե ինչ անի: Նանեից ժամացույցը վերցնում ու նայում է): Ա˜խ, մեկ րոպե մնաց: Տե´ր Աստված, գոնե մեկ րոպե կանգնեցրու ժամանակը... (Լսվում է ժամացույցի ձայնը. «Թիկ-թակ, թիկ-թակ, թիկ-թակ...»: Կես րոպեն անցնում է: Մարին ծնկած ավելի է մոտենում ժայռի եզրին և սպասում շունչը պահած: Մնում է տասնհինգ վայրկյան): Դե, մի քիչ էլ վազիր: Արդեն հասնում ես... Մի փոքր էլ... (Մնում է հինգ վայրկյան: Արեգը հեռվից ձայնում է):

ԱՍՊԵՏ - Մարի´...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Արե´գ... (Մնում է երկու վայրկյան: Ձախ կողմից վազելով գալիս է Արեգը):

ԱՍՊԵՏ - Մարի´...

ԻՇԽԱՆՈՒՀԻ - Արե´գ...

Վերջին կանչի հետ` վերջին վայրկյանին, Մարին ժայռից նետվում է դեպի Արեգը, սակայն... արդեն ուշ է. Իշխանուհին, արդեն մահացած, ընկնում է ասպետի ոտքերի առջև...

Արեգը, չհասցնելով նրան բռնել, կարծես ոտքերը կոտրված, ծնկում է իր սիրո առաջ և գրկում նրա անշունչ մարմինը...

Նանեն և Սիրակը դանդաղ քայլերով գալիս, կանգնում են նրանց գլխավերևում: Տիրում է լռություն: Տխուր երաժշտության հնչյունների ներքո վարագույրը դանդաղ փակվում է:

Վ ե ր ջ

Ծանոթություն: Պիեսի նյութը վերցված է մի պատմությունից, որը, ամենայն հավանականությամբ, ժողովրդական զրույց է` իսահակյանական միջամտությամբ: Ինչպես գրում է Արմենուհի Ինճիկյանը, այս գործը «եղել է Իսահակյանի գրելիք նյութերի շարքում: Պատմել է համառոտ բովանդակությունը մեկ էջում և սկսել գեղարվեստական մշակումը»: (Ա. Իսահակյան. «Ծանոթ և անծանոթ էջեր», Երևան, «Արևիկ», 1988, էջ 323): Սակայն աշխատանքն այդպես էլ մնացել է անավարտ:

ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ