Պարտավոր ենք ծառայել մեր հայրենիքին


 

Շարքային Տիգրան ՂԱԶԱՐՅԱՆԸ ևս նորակոչիկ է: Արդեն 3 ամիս է` ապրում է զինվորական կյանքով: Տիգրանն 9 տարի ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, ապա, ուսումն ավարտելով, վերադարձել է հայրենիք և զորակոչվել բանակ:

- Ազատագրված հողի վրա ծառայելը մեծ պատիվ է: Որոշ ժամանակ անց նաև դիրքեր եմ գնալու, պատրաստվում եմ` թե´ հոգեպես, թե´ անհրաժեշտ գիտելիքներով: Կցանկանայի նաև խոսքս ուղղել բոլոր երիտասարդներին. մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը: Անկախ նրանից, թե ճակատագրի բերումով ո՞ր երկրում ենք ապրում: Եթե հայ ենք ծնվել, պարտավոր ենք ծառայել մեր հայրենիքին:

Հայրենիքն սկսվում է դիրքերից

Զինծառայողներ Հմայակ Մղդեսյանին, Հայկ Գուլքանյանին և Սերգեյ Թադևոսյանին հանդիպեցինք մարտական հենակետում: Տղաները մարտական հերթապահություն էին իրականացնում մի վայրում, որից մինչև հակառակորդի դիրքերն ընդամենը 200- 300 մետր է: Այստեղ բավական հաճախ են կրակոցներ լսվում: Սակայն տղաների մարտական ոգին բարձր է, մթնոլորտը ջերմ ու ընկերական:

Զրուցելով նրանց հետ` մեկ անգամ ևս գիտակցում եմ, որ հանձին այս տղաների` հուսալի պաշտպաններ ունենք, որ հենց այս դիրքերից է սկսվում հայրենիքը.

Հպարտ եմ, որ սահման եմ պահում

Շարքային Հմայակ ՄՂԴԵՍՅԱՆԸ ծնունդով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղից է: 10 ամսվա ծառայող է և առաջին անգամ չէ դիրքերում: Արդեն մեկ շաբաթ է` մարտական հերթապահություն է իրականացնում, ևս մեկը` և կվերադառնա զորամաս:

- Առաջին անգամ բարձրացել եմ մարտական դիրքեր բնականաբար շատ լավ պատրաստվելուց հետո միայն: Այստեղ ևս ավագ ընկերներս օգնում էին իրենց խորհուրդներով, սովորեցնում էին, թե ինչպես պետք է վարվել` հակառակորդի կողմից աննկատ մնալու համար: Սկզբնական շրջանում բնականաբար վախը շատ էր: Հիմա արդեն այն բավականաչափ նահանջել է, և հանգիստ դիտարկում ենք իրականացնում: Հպարտ եմ, որ սահման եմ պահում, անում եմ հնարավորինը, որ հակառակորդը չկարողանա ներխուժել մեր տարածք:

Եթե կարելի է` կցանկանայի նաև իմ սրտի խոսքն ուղղել ծնողներիս: Սիրելի ծնողներ, խոսքս ձեզ եմ փոխանցում մարտական դիրքերից: Մա´մ ջան, պա´պ ջան, ես լավ եմ, լավ եմ ծառայում, մի անհանգստացեք: Ձեզ կարոտել եմ, բայց ամեն ինչ լավ է: Սպասեք` կվերադառնամ:

Մեկս մյուսի պաշտպանն ենք

Շարքային Հայկ ԳՈՒԼՔԱՆՅԱՆԸ Երևանից է: Ծառայում է արդեն 1 տարի, 6 ամիս: Զրույցի ընթացքում զգացվեց, որ նա ինքնատիպ մտածողություն ունի և շատ հոգատար է ընկերների նկատմամբ.

- Այստեղ` դիրքերում ավելի հետաքրքիր է, և ավելի լավ եմ ինձ զգում, քան զորամասում: Հարաբերություններն ավելի ջերմ են, ու կարծես սեփական տունդ ես պաշտպանում, սեփական ընտանիքիդ անդամներին:

- Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:

- Այստեղ վտանգը մեծ է, և յուրաքանչյուրս պատասխանատու ենք ոչ միայն մեր, այլև մեր ընկերոջ կյանքի համար: Երբ ես դիտակետում եմ, ապահովում եմ նաև կացարանում հանգստացող իմ ընկերոջ անվտանգությունը: Այստեղ մեկս մյուսի պաշտպանն ենք, կյանքի պաշտպանը:

- Երբ իմացար, որ Արցախում ես ծառայելու, ի՞նչ զգացիր:

- Առաջինը հպարտությունն էր: Ես գտնում եմ, որ եթե ծառայում ես, պիտի այնպիսի վայրում ծառայես, որ հետագայում զավակներիդ, թոռներիդ պատմելու բան ունենաս, հպարտանաս, որ դիրք ես պահել:

- Ի՞նչ կասեիր մեր զինվորներին` որպես դիրքապահ:

- Թող զգոն լինեն, երբեք չընկճվեն ու միշտ գիտակցեն, որ մեծ գործ են անում: Շատերն իմանալով, որ Ացախում եմ ծառայելու, հավանաբար հաշվի առնելով հեռավորությունը, անհանգստանում են: Բայց հավատացնում եմ` դրա կարիքը չկա: Կուզենայի նաև հավելել, որ ես բանակ եմ եկել միանգամայն այլ պատկերացումներով, բնականաբար ավելի վատը մտածելով: Հիմա, երբ ինքս եմ տեսնում ամեն ինչ ներսից, շատ բան է փոխվել: Այնպես որ` անհանգստանալու կարիք չկա:

Հպարտ եմ կանգնած այս հողի վրա

Եվս 2 ամիս, և շարքային Սերգեյ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ կզորացրվի: Դիպուկահար Սերգեյը Բյուրեղավանից է: Իհարկե դիպուկահարին շատ հարցեր ունեի, սակայն սահմանափակ վեցի մեկ հարցով միայն:

- 6 ամիս ծառայելուց հետո բարձրացել եմ մարտական դիքեր: Դիպուկ էի կրակում: Հաշվի առնելով դա, ինչպես նաև մեծ ցանկությունս, դարձա դիպուկահար: Եվ այսօր հպարտությամբ եմ անցկացնում ծառայությունս: Հպարտությամբ եմ կանգնած այս հողի վրա, որտեղ կռվել է Մոնթեն: Մենք բոլորս պարտավոր ենք պատվով պաշտպանել մեր բաժին այս տարածքը և թույլ չտալ հակառակորդին` որևէ ոտնձգության դիմել:

- Սերգեյ, հակառակորդն ընդամենը 200-300 հեռավորության վրա է, դու նայում ես նրան դիպուկահար հրացանի նշանոցից և գիտես` հնարավոր է, որ ինքդ ևս նրա տեսադաշտում ես, ի՞նչ ես զգում այդ պահին:

- Անբացատրելի են այդ ապրումները: Դժվար է բառերով բացատրել զգացածդ: Իհարկե, նաև վախ ես զգում: Կան մարդիկ, ովքեր վստահեցնում են, որ չեն վախենում: Սակայն դժվարանում եմ պատկերացնել, որ որևէ մեկը վախ չզգա: Դա խիստ մարդկային է: Ավելին կասեմ` հենց այդ վախն է ստիպում ավելի զգոն լինել:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ