Լեզվի սայթաքում


 

Բառասայթաքումների մի ամբողջ «փունջ» է շաղ տվել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը: Ու դա նորություն չէ: Եթե նախկինում նա մոռանում և շփոթում էր պատմական փաստերն ու նշանավոր քաղգործիչների անունները, ապա այս անգամ նա մոռացել է անգամ իր անմիջական վերադասի` նախագահ Բարաք Օբամայի անունը` նրա փոխարեն արտաբերելով Բիլ Քլինթոն անուն-ազգանունը (հաղորդել է The DΖily MΖil-ը):

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը` Օհայո նահանգի Լեյկվուդ քաղաքում: Նախընտրական հանրահավաքի 1200 մասնակիցների առջև ելույթում Բայդենը քննադատել է հանրապետական Միթթ Ռոմնիին: Վերջինիս կողմնակիցների նկարահանած տեսահոլովակում քննադատում են Օբամային, որ Chrysler ընկերությանը թույլ է տվել` «ՋԻՊ» ավտոմեքենաների արտադրությունը Չինաստան տեղափոխել: Անդրադառնալով այդ մեղադրանքին, Բայդենը ասել է.

- Տեսահոլովակում ասվում է` իբր նախագահ Քլինթոնը սնանկացրել է Chrysler-ին:

Առժամանակ առաջ էլ, խոսելով ընթացիկ տարվա մասին` 2012-ը նշել է որպես 20-րդ դար: Կամ, հարցազրույցներից մեկում գովերգելով Ֆրանկլին Ռուզվելտին, նշել է, թե 1929 թ. նա հեռուստաեթերով հասարակ ամերիկացիների պատմել է երկրում տիրող իրավիճակի մասին: Մինչդեռ 1929-ին ոչ միայն Ռուզվելտը դեռ նախագահ չէր դարձել, այլև հեռուստատեսությունը դեռ հայտնագործված չէր: Դե, իսկ միջազգային հարթակներում նրա թույլ տված սայթաքումների համար Սպիտակ տունը ստիպված է եղել պաշտոնական հերքում տալ: