«ՔԻՐՎԱՅՈՒԹՅՈՒՆԸ» ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ


 

Ստանձնելով Վրաստանի նախագահի պաշտոնը` Միխեիլ Սահակաշվիլին օրավուր ընդարձակեց իր պետության հարաբերությունները Ադրբեջանի հետ, անգամ միացավ մի շարք համաձայնագրերի, որտեղ Վրաստան-Ադրբեջան ալյանսը դառնում էր կարևոր: Վրաստանը համաձայնեց տարածաշրջանը ապակողմնորոշող և հակահայկական Կարս-Թբիլիսի երկաթուղու կառուցմանը, որը Հայաստանին ուղղված քայլ է և մեր պետությունն ամբողջապես մղում է դեպի տնտեսական ու հաղորդակցային մեկուսացում:

Վրաստանը նաև իր պետության ներսում գերակա դարձրեց թրքապաշտությունն ու ադրբեջանապաշտությունը` անգամ Թբիլիսիի գլխավոր մայրուղիներից մեկը կոչելով Հեյդար Ալիևի անունով: Իսկ հիմա կարծես այդ «քիրվայության» վերջը եկել է: Եվ սրացումների «մեսիջները» գալիս են առաջին հերթին Ադրբեջանից:

Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանում սկսել են սևեռուն ուշադրություն դրսևորել ազգային փոքրամասնություններին, բնականաբար, նկատի ունենալով Վրաստանում ապրող իրենց հայրենակիցներին: Վերջերս Վրաստանում հրապարակվեց «Վարդերի հեղափոխություն. արդյունքներ» զեկույցը, որում գրված է, որ ադրբեջանցիներն «աչքի են ընկնում բնական աճի բարձր տեմպերով, ինչը կարող է նրանց համահավաք բնակության վայրերում խնդիրներ հարուցել էթնիկ վրացիների համար»: Այս միտքը չափազանց զայրացրել է ադրբեջանցիներին, նրանց դուր չի եկել այն, որ վրացիները մտահոգված են իրենց պետության և իրենց ժողովրդի էթնիկական խնդիրներով: Դուր չի եկել, որ հասկացել են, թե ինչպես ադրբեջանցիները բազմանալով` սկսում են անհանգստություններ պատճառել նաև Վրաստանին` սպառնալով այստեղ ևս իրականացնել ադրբեջանացման քաղաքականությունը, ինչի դեմ ելավ ժամանակին Հայաստանը և կարողացավ երկիրը մաքրել այդ տարրից: Վրաստանում ապրող ադրբեջանական գործիչներից մեկը զայրացած ու հուզված պատասխանել է զեկույցի հեղինակներին.

- Ադրբեջանցիներն աչքի են ընկնում կրոնա-բարոյական և ընտանեկան հատկանիշներով, որ թույլ են տալիս աճեցնել իրենց երկրի արժանի քաղաքացիների: Աշխարհի ադրբեջանցիների համար կարևոր է եղել մեր պապերի պատվիրանը` որդի ունենալ, տուն կառուցել, ծառ տնկել: Եթե ինչ-որ մեկին չի հաջողվում որդի ունենալ կամ տուն կառուցել, ապա դա չի նշանակում, թե մյուսներն էլ պիտի քամահրեն ապագան և նույն կենսակերպն ունենան:

Ստացվում է, որ վրացիներն անընդունակ են որդի ունենալ, տուն կառուցել և դա միայն տրված է իրենց, քանզի զարմանալի արագությամբ բազմանում են օտարի հողում` աստիճանաբար նվաճելով այն:

Ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանի բնակչության 15 տոկոսն են կազմում ադրբեջանցիները: Սա բավական վտանգավոր ցուցանիշ է, մանավանդ որ նրանք ունեն բնակության միասնական վայրեր` շրջաններ: Վտանգավոր, որովհետև արդեն նկատելի է, որ ազգամիջյան թշնամանքներ հրահրելով` Բաքուն հուշում է իր հայրենակիցներին Վրաստանում անջատողական գործողություններ սկսել: Միաժամանակ Ադրբեջանի իշխանությունները նորանշանակ վարչապետ Իվանիշվիլուն կարծես հուշում են, որ նա իրավունք չունի դուրս գալու ռազմավարական պայմանավորվածությունների շրջանակներից: Այս հիշեցումը պատահական չէ: Ինչպես Իվանիշվիլին, այնպես էլ նրա կառավարության որոշ անդամներ հայտարարում են, որ չեն կամենում դատավոր լինել ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում և գերադասում են խաղաղ գոյակցության շրջանակներում հանգուցալուծումը: Այսինքն, Իվանիշվիլու կառավարությունը չի ընդունում ռազմական ճանապարհով խնդրի լուծման ադրբեջանական տարբերակը: Եվ ահա Բաքուն Վրաստանում ապրող իր հայրենակիցների միջոցով անցնում է շանտաժի` ակնհայտորեն հուշելով, որ կարող է հրահրել անջատողականության:

Ինչպես կարող ենք եզրակացնել Վրաստանի նոր առաջնորդների հայտարարություններից, երկիրը նպատակ չունի հետայսու ռազմավարական գործընկերության շառավիղը ներփակել միայն Թուրքիա-Ադրբեջան գծով և ձգտում է նոր հարաբերությունների հաստատման` Ռուսաստանի և տարածաշրջանի մյուս երկրների հետ: Այսինքն, Ադրբեջանը սկսում է հետին պլան մղվել, ինչն էլ նշանակում է, որ Թբիլիսին փնտրում է նոր գործընկերներ և առաջիկայում կարող է հրաժարվել վրաց-ադրբեջանական մի շարք նախագծերից: Հասկանալի է, որ ԱՄՆ-ի հետ իր բոլոր քայլերը համաձայնեցնող Վրաստանը, որը նաև կամենում է Ռուսաստանի հետ նորատիպ հարաբերություններ ունենալ, ինքնուրույնաբար չի որոշել հեռանալ Ադրբեջանից: Նշանակում է` գերտերությունները սկսել են արշավանք Ադրբեջանի դեմ: Եվ կամենում են առաջին հերթին Վրաստանին հեռացնել նրանից...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ