ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ` «ԵՍ ՈՒ ԱՊՐԱԾՍ»


Մեծ ու փոքր դերեր չկան, կան դերեր, որ խաղում են մեծ ու փոքր դերասանները և իրենցով արժեվորում դրանք` ստեղծելով մնայուն կամ վաղանցուկ արժեքներ: Կան դերասաններ, որոնց կերտած կերպարները այնքան գունեղ են, վառ, կոլորիտային, որ դրանց վերակերպավորումը դառնում է գրեթե անհնար, քանի որ հանդիսատեսի աչքն ու հոգին այլևս անկարող են տրոհել դերասան-կերպար կատարյալ ամբողջությունը: Հենց այդպիսին են Մուրադ Ջանիբեկյան դերասանի արարած կերպարները` ինքնատիպ, լիքը, բազմաշերտ և որ ամենակարևորն է` խորապես ճշմարիտ, անկեղծ ու անճիգ: Նա, ով գեթ մեկ անգամ տեսել է Ջանիբեկյան-Կիպարին` Հակոբ Պարոնյանի «Պաղտասար ախպարում», Զաբուղոնին` Գրիգոր Զոհրապի «Գիշերվան մարդը» հեռուստաներկայացման մեջ, Համտուն Իշխանին, Սողոմոն Թեհլերյանին, կույր վանականին, Ստենլի Կովալսկուն, չի կարող չխոստովանել, որ Մուրադ Ջանիբեկյանը անզուգական արտիստ է, տաղանդավոր դերասան` կերպարի նուրբ զգացողությամբ, ինքնատիպ բացահայտումներով և դրանք յուրովի մարմնավորելու անուրանալի շնորհով: Մուրադ Ջանիբեկյանի կերպարները այնքան տարբեր են իրարից, որքան Կիպարն ու Զաբուղոնը, Համլետն ու զորավար Անդրանիկը: Եվ նույնքան կտրուկ է դերասանի ցանկացած կերպարանափոխություն, միշտ նորովի, անակնկալ, թարմ, ինքնատիպ իմպրովիզներով, միակ ընդհանուրը ջանիբեկյանական արվեստի ու թատերական չափանիշների անսասան բարձրությունն է, անմնացորդ նվիրումը կերպարին, շքեղ արտիստիզմն ու ամենաաննշան կեղծիքից ձերբազատված խաղը, որ կարողանում է իրականության պատրանք ստեղծել հանդիսատեսի համար: Իրոք, Մուրադ Ջանիբեկյանի կերպարները խորապես մարդկային են, իրական, շոշափելի: Մեր օրերի «բեմական» համատարած աղմուկ-աղաղակի մեջ հազվադեպ բարձրարժեք երևույթ է ջանիբեկյանական շշունջը, ջանիբեկյանական լռությունը, որ ստիպում է լռել նաև հանդիսատեսին, մտածել, հասկանալ շշուկի լեզուն ու լսել լռության ասելիքը: Մուրադ Ջանիբեկյանը ՀՀ վաստակավոր արտիստ է, ունի բազմաթիվ մրցանակներ` «Վահագն», «Արտավազդ», «Ոսկե շքանշան», վերջինը Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում Համլետի լավագույն դերակատարման և Լոս Անջելեսում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար շահած մրցանակներն են, սակայն նրա կարծիքով` ամենամեծ կոչումն ու մրցանակը դերասանին հանդիսատեսն է տալիս` ամենաանկողմնակալ, անկաշառելի, անողոք, միևնույն ժամանակ ամենաերախտագետ ու ամենաազնիվ քննադատը: Ջանիբեկյանը թատերական ասպարեզ մտավ տակավին երիտասարդ, երբ բեմի վրա էին հայոց մեծերը: Ու նրանց հզոր ոտնահետքերը ոչ միայն չփակեցին ճշմարիտ արվեստագետի ճանապարհը, այլ հուշեցին Պառնասի գագաթը հասնելու միակ չարչարանաց ուղին: Հայոց բեմի հանրաճանաչ, հանճարեղ մեծերը ակամա շատերին թողեցին իրենց ստվերում, բայց ոչ այնպիսի անհատականության, ինչպիսին Մուրադ Ջանիբեկյանն էր: Մուրադը համարձակություն ունեցավ քայլելու նրանց հետ, հպվելու մեծ արվեստի երկնային ոլորտներին ու գնալու դեպի իր աստեղային ժամը: Գնալու ի°ր ճանապարհով: Եվ այդ ճանապարհի հերթական հանգրվանին Մուրադ Ջանիբեկյանը 50 տարեկան է: Ու թերևս առաջին անգամ Ջանիբեկյանը բեմի վրա է, որ խաղա ինքն իրեն` Մուրադ Ջանիբեկյան մարդուն, հային, արտիստին: Եվ ահա Ջանիբեկյանը բեմի վրա է` անբռնազբոս, ժպտուն, մտերիմ, անմիջական, հուզառատ, հումորով ու արտիստիկ... Նա պատմում է իր մասին, իր կենսագրությունը. «Առաջին անգամ զարմացա, երբ ինձ տեսա հայելում, երկրորդ անգամ` երբ հայտնաբերեցի հակառակ սեռին: Սկսեցի ապշած ուսումնասիրել, մինչ օրս ուսումնասիրում եմ ու ապշում... Մի օր ես կորցրի այն փոքրիկ տղային, ում սիրելիները կողքին էին, ով անհոգ էր: Հետո ես երկար փնտրեցի նրան ու չգտա: Ես լաց եղա, որ նա չկա: Մի օր, երբ ես չեմ լինի, նա կգա ինչ-որ տեղից, կգա ինձ փնտրելու, չի գտնի ու լաց կլինի ինձ համար... Ես նվիրեցի արվեստին` ինչ ունեի: Անկեղծ ասած, իմ ունեցածը շատ տեղ կիսելու առիթ էլ չկար` դժբախտաբար, թե բարեբախտաբար, կին, երեխա... չկային: Ու այս աշխարհում ինձ մնացել է միայն քույրս` Լուիզա Ջանիբեկյանը: Սիրո պարտեզը մնաց ցանկապատից այն կողմ, ես չմտա այնտեղ: Գուցե նա կողքիս էր, բայց ես չնկատեցի. խռովեց-հեռացավ: Այս ճանապարհն ինձ Աստված է տվել, ես պիտի անցնեմ այն, մինչև կբացվեն այս ու այն աշխարհի դռները, և կարոտը կանէանա: Ես գիտեմ, որ մայրս դահլիճում է, բայց նրա մարմնավոր ներկայության կարիքն ունեմ: Ու թե մի անգամ էլ աշխարհ գամ, երկու բան կա իմ կյանքում, որ հաստատ կթողնեի անփոփոխ, կուզեի մորս տղան լինել ու Մուրադ Կիրակոսյանի ընկերը...»: Այսպես: Անկեղծ, ի սրտե, մտերիմ զրույց հանդիսատեսի հետ` նրա ծափերի, բրավոների ու հուզումնալից, երախտագետ հայացքի ուղեկցությամբ: Մուրադ Ջանիբեկյանը չի խոսում իր խաղացած 50-ից ավելի դերերի մասին, չի ասում, թե որքան տքնաջան, տառապալից ու խռովաշատ էր այդ ճանապարհը: Իբրև նվեր, իբրև հարգանքի տուրք, իբրև խոստովանություն` մի քանի դրվագ, մի քանի պատառիկ է թրթռում էկրանին` հիշեցնելով Մուրադ Ջանիբեկյանի ամպլիտուդային կերպարանափոխություններն ու դերասանական խաղի վարպետությունը, նրա մասշտաբները` Կիպարից մինչև Համլետ, կոմիկականից մինչև ողբերգական: Ու հանկարծ հասկանում ես, որ բեմում մի նոր ներկայացում, թատրոն բառի ամենախոր իմաստով, որ դեկորները, գույները, երաժշտությունը, լույսերը ծանոթ-անծանոթ Մուրադ Ջանիբեկյանի մարդկային կերպարի բեմական լրացումներն են: Ու բավական է նա շրջվի, մի թիկնոց առնի վրան, աչքիդ առաջ կդառնա կույր վանական` իր երկնուղերձ խռովքով, կամ Անդրանիկ զորավար` իր երկրային տառապանքով: Իսկ խոստովանությունը դեռ չի ավարտվել ու չի ավարտվելու: Խոստովանությունը շարունակվելու է մեր մեջ, մեր մտքերում ու մեր հոգում. «Ես ճանաչել եմ մի մարդու, որ ամեն ինչ էր ինձ համար` Մհեր Մկրտչյանին: Ավելին, ես նրա ընկերն եմ եղել: Իրար նման անտեր ու դուզ մարդիկ էինք` մենակ, անընտանիք: Զանգում, ասում էր` արի, վատ եմ: Ու ես վազում էի: Մհերը հրաշք էր, Մհերը անպարագելի երևույթ էր, անսահմանելի մեծություն: Բախտավոր եմ, որ նրա շքեղ ու շռայլ ներկայությունը վայելելու պատեհությունն եմ ունեցել, որ հասցրել եմ ինչ-որ բան սովորել նրանից»... Այսպես են խոսում ճշմարիտ արվեստագետները մեծերի մասին, այսպես մեծերն են ընկերանում կրտսերների հետ ու նվիրում իրենց շռայլաբար ու անշահախնդիր: Շռայլաբար-անշա հախնդիր Մուրադ Ջանիբեկյանին իրենց սրտի խոսքն ասացին նաև նրա գործընկերներն ու երկրպագուները Գյումրիի թատրոնից, թատերական գործիչների միությունից, հարազատ Սունդուկյան թատրոնից: Նրանք խոսեցին Ջանիբեկյան դերասանի մարդկային և բեմական նկարագրի մասին: «Եթե նա ավելի դիվանագետ ու մի քիչ հաճոյակատար լիներ, ավելի շատ դերեր կխաղար, բայց մենք ավելի քիչ կսիրեինք ու ավելի քիչ կհավատայինք նրան, ու նրա դերերն այդքան հրաշալի, բեմելը այդքան սպասված չէր լինի: Եվ մենք սիրում ենք Ջանիբեկյանին նաև իր մարդկային նկարագրի, անկոտրում սկզբունքների ու պատվախնդրության համար»: Սունդուկյանի անվան ազգային թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանի բնութագրմամբ` Մուրադ Ջանիբեկյանի խաղացած յուրաքանչյուր դեր մնայուն խոսք է հայ թատերարվեստի պատմության մեջ ու յուրաքանչյուր ռեժիսոր բախտավոր կլինի աշխատել նման տաղանդավոր դերասանի հետ: Մուրադ Ջանիբեկյանի կողքին էին նաև նրա արվեստագետ երկրպագուները` Միքայել Պողոսյանը, Դավիթ Ամալյանը, Աննա Մայիլյանը, Վլադիմիր և Մարգարիտ Բարխոյանները: Ու շատ արագ մոռացվեց, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչը այդպես էլ չժամանեց: Անկեղծ ասած, ոչ ոք չէր էլ սպասում: Այս փոքրիկ անհարմարությունը դույզն-ինչ չմթագնեց երեկոյի ջերմությունն ու լույսը, առավել ևս մազ անգամ չպակասեցրեց Մուրադ Ջանիբեկյանի վաստակից: Բոլորն էլ համոզված էին, որ ոչ մի մշակույթի նախարարություն` իր անտարբերությամբ, իր բացակա ներկայացուցիչներով չի կարող խանգարել Մուրադ Ջանիբեկյանին իր խոսքն ասելու հայոց բեմում: Նա ճարտարապետի բծախնդրությամբ քանդակելու է նոր ֆիգուրներ, բերելու է նոր գույներ ու իր տաղանդավոր գործընhկերների հետ դառնալու է ամուր օղակ մեր թատերարվեստի` անցյալից ձգվող ոսկե շղթայում:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ