Արձակ բանաստեղծություն` պրոզայիկ վերջաբանով


Հայ երգի արցախյան թագուհին Նաիրի երկրի ամենաչքնաղ դուստրերից է ԼՂՀ ժողովրդական արտիստուհի, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Նաիրուհի Ալավերդյանը` հայ երգարվեստի մշտադալար նաիրյան բարդին: Իր ունկ շոյող հնչեղ ձայնի հոգեպարար ջերմությամբ տասնամյակներ շարունակ նույն նվիրումով ու անպարփակ սիրով սփռում է հայկական երգի խորաթափանց ու ապրեցնող ելևէջները իր ժողովրդի տխրամած հոգիների վրա` լույսով ու սիրով հարստացնելով իր պարզ ու խորունկ կատարողական արվեստը: Բազմաշերտ բովանդակությամբ առլեցուն ապրած կյանքով ակնածալից խոնարհումի զգացում է արթնացնում իր երգարվեստի երկրպագուների սրտերում ոչ միայն երկարակյաց քաղցրածոր երգով, այլև կյանքի անսպասելի դաժան հարվածներին դիմագրավելու անխոտոր առեղծվածային տոկունությամբ: Ամենաանմարդկային փորձությունը 1995-ի ճանապարհային ավտովթարն էր, ճակատագրական աղետ, որից հրաշքով փրկվեց, անչափելի կորուստների ծանր գնով: Պատահաբար վթարի հետքերով Եղեգնաձորի հիվանդանոցում հայտնված հրաշագործ Վալերի Աբրահամյանի` հարության ուժ ներարկող բժշկական միջամտությամբ: Այնուհետև` «Կարմիր խաչի» հիվանդանոցի գլխավոր բժիշկ, երգահան Մխիթար Մնացականյանի` կյանք վերադարձնող վերականգնողական ջանասիրությամբ: Փառք Աստծո, որ մեզանում դեռ կարելի է հանդիպել Հիպոկրատի գլխարկը մարդասիրական բարձր պատասխանատվությամբ կրող, կորսված համարվող կյանքերը մահվան ճիրաններից խլող բժիշկների (անհետացող տեսակ մամոնայի զնդանում տոչորվող հասարակ ժողովրդի համար): Բայց... Երկնային մանանան, այդ աստվածային պարգևը, ի զորու չի լինի զորավիգ լինել կենաց ու մահու եզրագծում հայտնված մահկանացուին, եթե նա ինքը չմաքառի հանուն կյանքի, չունենա կենսասիրության ճրագը բորբոքող արիակամ հավատ: Ամենակարող Սիրո տաճարում խնկարկում է մեծ ժողովրդականություն վայելող երգչուհու ողջ կյանքը, դեռևս մանկուց, երբ երգը սրտում երազում էր դերասանուհի դառնալ, երբ առաջին ուսուցիչների` գորովագութ ծնողների բանիմաց հետևողականությամբ զարգացնում էր իր արտիստական ունակությունները, հղկում ձայնը: Եվ Աստծո ու ծնողների օրհնությամբ երբեք չդադարեց Նաիրուհու երգը` իր զուլալ կարկաչով գեղեցկացնելով աշխարհը, ավանդականի նոր, պարզ ու թովիչ նրբերանգներով ամբողջացնելով հայ երգարվեստի ուրույն խճանկարը Արև Բաղդասարյանի, Օֆելյա Համբարձումյանի, Վալյա Սամվելյանի և մյուսների հետ միասին: Հանրահայտ շատ երգահաններ իրենց երգերի նրա կատարումները գնահատեցին որպես լավագույնը: «Օջախում», «Հորովել», «Ղարաբաղցին» և էլի ուրիշները, որ հուզառատ, անկեղծ շեշտերով հմայեցին պոետներին` սքանչելի ձոներ ներշնչելով չխամրող կանացիության ու առաքինության մարմնացում Ղարաբաղի սոխակին: Սերն է գաղտնիքը նրա երգի հարատևության, երգ, որի ամենամեծ հղկողը աստվածատուր ձայնին բեմական բյուրեղացող որակ հաղորդած անփոխարինելի Ուսուցիչն էր` Կիմ Առաքելյանը, Սիրո անզուգական ասպետը, ում հետ ապրած անձնական և ստեղծագործական բերկրալից կյանքի անկորնչելի հոգևոր զորությամբ նաև կարողացավ երգել նրան ֆիզիկապես կորցնելուց հետո: Ավելին` մնաց միշտ գեղեցիկ ու սիրելի իրենից ճառագող անսահման բարությանը երբևէ հաղորդակցված բոլոր մարդկանց կողմից: Շատերի համար դարձավ պաշտամունքի առարկա, արդարամտության ու ճշմարիտ հայրենասիրության չափորոշիչ: Արծվի ճախրանք էր նրա երգը, որ բազմիցս հնչեց արցախյան գոյամարտի ամենաթեժ կետերում` հույս ու հավատով գոտեպնդելով հայ զինվորին, ազատամարտիկին: Կարևորը` նրա անհողդողդ հավատը ամրանում է օրեցօր` լավատեսությամբ վարակելով քաղաքական թատերաբեմի խառնիճաղանջ խմորումներից ընկճված հայրենակիցներին: ...Արցախյան երգի թագուհուն ձոնված քնարական տողերս ծնվեցին ինքնաբուխ, երբ երջանիկ դիպվածով մասնակիցը դարձա նրա մեծարման երեկոյին` Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Երբ մի քանի ակնթարթում բեմը լցվեց «Բրաբիոնի» զարդարուն ծաղկեփնջերով ու սիրո անօրինակ զարթոնքով գարուն բերեց դեկտեմբերի 1-ին: Չտեսնված գարուն: Թատերականացված մի խորհրդանշական հանդիսություն, որ Գեղամ Մելիքսեթյանի նրբանկատ մտահղացմամբ և ՀՀ Պաշտպանության նախարարի աջակցությամբ դարձավ ամենաշքեղ ծաղկեփունջը, երգչուհու անձին ու արվեստին նվիրված գունագեղ գեղարվեստական կենդանի կտավ, որի վրա իրենց սրտաբուխ ու բնութագրական վրձնահարված-ելույթներով մեր հանրաճանաչ արտիստները, անհատ կատարողներն ու համույթները, նրա կյանքում բախտորոշ դեր խաղացած մարդիկ, մեկտեղվելով, սիրո պաթոսով ամբողջացրին Նաիրուհի Ալավերդյանի նորահայտ դիմանկարը` հավաքական կերպարը օջախ շենացնող ու պահպանող հայուհու: Ներշնչված երեկոյի սիրառատ մթնոլորտից, միջնարարին ինքնաբուխ մղվեցի կուլիսներ` նրա մարդկային հմայքին անմիջականորեն հաղորդակցվելու ցանկությամբ, նաև` հավաստելու ինձանում բորբոքված ջերմ զգացմունքի մասին: Ներքին ձայնս հուշում էր, որ ես էլ իմ հոգում անթեղվածը չկաղապարված վերաբերմունքով նրան փոխանցելով` մանանեխի մի հատիկի չափով կավելացնեմ նրա սերը իր հանդիսատեսի նկատմամբ: Զրույց` միջնարարին - Ի՞նչ եք ցանկանում Ձեր այսօրվա ունկնդրին, որին սիրով նվիրում եք Ձեր «Երազ» ձայներիզը: - Լավ տրամադրություն: Իսկ այդ տրամադրությունը ստեղծելու համար շատ կարևոր է արվեստագետի պատասխանատվությունը իր արածի նկատմամբ: Բարձր արվեստ պետք է մատուցես: Ժողովուրդը այն անշահախնդիր գնահատողն է, որ դու նրան պետք է տաս ամենալավը: Միջակություն չպետք է լինի: Ես սիրել ու սիրում եմ իմ հանդիսատեսին և միշտ եղել եմ պատասխանատու նրա առջև: - Ձեր երեխաները ժառանգե՞լ են արդյոք Ձեր բնատուր շնորհը, երգո՞ւմ են: - Ավաղ` ոչ երեխաներս, ոչ էլ թոռնիկներս... - Վահրամը «Ղարաբաղ» էստրադային համույթի գեղարվեստական ղեկավարն է, շնորհալի երաժիշտ... - Նա իմ ներկայությամբ չի երգում երբեք, գիտի, որ անաչառ եմ արվեստի իմ գնահատականներում: - Ուսուցանո՞ւմ եք Ձեր արվեստի գաղտնիքները. պատանի Կարեն Խաչատրյանին ներկայացրեցիք որպես Ձեր գործի շարունակողը: - Այո, եթե ես 20-րդ դարի աստղ եմ համարվում, ապա նա 21-րդ դարի աստղ է, հրաշք երեխա... - Այս դժվար ժամանակներում... - Դժվար ժամանակ չկա իսկական արվեստագետի համար, նա ստեղծագործում է ամենաանհավանական պահերին անգամ: Թող քնարերգությամբ զբաղվի, նկարի, գրի, արտահայտի իր դժգոհությունը նաև երգով... Ինչ էլ անի, ստեղծագործություն է... - Դուք գրո՞ւմ եք նաև... - Ես գիրք եմ գրում իմ արվեստի մասին, իմ ստեղծագործական կյանքի մասին, բայց երգեր գրելու տրամադրվածություն չունեմ, որովհետև ես սիրում եմ ժողովրդական երգերը և սիրում եմ դրանց կատարումը: Պատահական կոմպոզիտորներին էլ չեմ հարգում: Ամեն մեկն ուզում է գրել: Թող գրի իր համար, շնորհք ձեռք բերի, զարգացնի ներաշխարհը, բայց չասի, թե ինքը կոմպոզիտոր է: Հրաշալի կոմպոզիտորներ կան, եթե կարող են, թող նրանց երգերը երգեն: - Ձեր ամենամեծ ուսուցիչը երգարվեստում... - Իմ ամուսինն է եղել, տրիլներ է սովորեցրել, երգերը խորությամբ մատուցել, կատարումը ճշգրտել... - Իմ տպավորությամբ, նա Ձեր ամենամեծ սերն է միայն... - Ինքն է եղել իմ ուսուցիչը, իմ պրոդյուսերը, իմ գեղարվեստական ղեկավարը, ամեն ինչը ամբողջ կյանքում և` իմ ամենասիրելի տղամարդը... - Հավատո՞ւմ եք, որ արցախյան ազատամարտի մեր նվաճումները կկարողանանք անզիջում պահպանել: - Անպայման, անտարակույս: Նրանք մեզնից վախենում են, սուտ են ասում, թե պիտի հարձակվեն: Ես չեմ հավատում: Որովհետև մենք նրանց դաս ենք տվել, լավ դաս... Չպետք է հավատանք նրանց փուչ խոսքերին: Մեր միասնությամբ պետք է հաղթենք մեր թշնամուն, ինչպես ավանդել են մեր սուրբ հայրերը, մեր մեծերը... Սարոյանն ասել է. «Ես հայ եմ, և դուք գիտե՞ք, թե ինչ դժվարին, անչափ սքանչելի է դա»: Ես ղարաբաղցի եմ` դուք գիտե՞ք, թե ինչքան սքանչելի և անչափ դժվար բան է դա... - Ձեզ ցանկանում եմ կորով, ուժ, որպեսզի կարողանաք միշտ նորովի, միշտ գեղեցիկ, միշտ հնչեղ ներկայանալ... - Եթե ուզում եք` երկար ապրեմ, մի քանի անգամ ասեք` գեղեցիկ ես... - Ես, կարծում եմ, գտել եմ Ձեր գեղեցկության գաղտնիքը` Ձեր ձայնը չի ծերանում... - Երևի... - Ձեզ նման քնքուշ ու քաղցր ձայն ունեցող հմայիչ կինը կարիք չունի, որ իրեն ասեն, թե գեղեցիկ է: Եթե կարողանում է 50 տարի պահպանել իր ձայնը: Կարևոր է, որ Ձեր ձայնն էլ չի տգեղանում... - Ես կլասիկ բաժինն եմ ավարտել վոկալի, երևի դրա համար էլ իմ ձայնը երկարակյաց է: Բացի դրանից, ես սիրում եմ երգել: Սուտ են ասում, թե շատ երգելուց ձայնը խզվում է: Երբ կոկորդդ առողջ է, պիտի շատ երգես: Հակառակ դեպքում պետք է զգույշ լինես, Աստծո տված պարգևը պահպանես: - Տա Աստված, որ չար հանգամանքները երբեք չխզեն Ձեր ձայնը, չընդհատեն Ձեր երգը... - Գիտեք ինչ, մարդիկ պետք է սիրեն իրար: Շատ սիրեն: Սիրո զգացմունքի համար արժե ծնվել ու ապրել: Այդ զգացմունքը այն գենետիկ հզոր ուժն է, որ լեռներ է փլուզում, ամբարտակներ խորտակում և գետերի հոսանքներ է փոխում... Այդ ուժը հնարավոր չէ, որ հայ ժողովուրդը չունենա, այսքան իմաստուն ժողովուրդը: Մենք մեր արժեքը չգիտենք: Եվ իրավունք չունենք թույլ տալու նոր սխալներ, կրկնելու պատմական սխալները... - Գուցե մենք առիթ չունենանք շուտով հանդիպելու, Ձեր ամանորյա մաղթանքը «Ավանգարդի» ընթերցողին: - Ինչու չենք ունենա, եկեք մեզ հյուր... Իմ ամանորյա մաղթանքը` միասնություն: Դեռ մեր մեծերն են ասել` միասնության մեջ է մեր ապագան, մեր ուժը: Միասնությունը կարևոր էր, երբ մենք հաղթում էինք պատերազմում, և հիմա` երբ խաղաղություն է: Մենք իրավունք չունենք այդ խաղաղությունը թշնամիներին հանձնելու: Եթե մեր իշխանավորներն իրար հետ փոխըմբռնում չգտնեն ու միասնական չլինեն, դարձյալ մեր թշնամիները կարող են մեզ վնասել: Միասնություն ու խաղաղություն եմ մաղթում հայոց աշխարհին, բոլոր-բոլորին: Սիրեք իրար, պահպանեք իրար, ամենքս էլ արժանի ենք մեծ սիրո: Նաև` արցախյան երկարակեցություն ձեզ: Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ Նշանավոր ֆրանսահայ երկրագործը Ճակատագրի դաժան պայմանները ստիպել են շատ հայերի թողնել հայրական օջախները, սուրբ բնօրրանները և բնակություն հաստատել օտար երկրներում£ Առանձին դեպքերում զավթիչները գերեվարել ու որպես ստրուկների վաճառել են հայ մարդկանց£ Սակայն որտեղ և ինչ պայմաններում էլ եղել է ՀԱՅԸ, նա ստեղծագործել ու բարիք է արարել, շենացրել օտար երկրներ, իր հնարավորությունների սահմաններում հարստացրել այդ երկրների մշակույթը, առևտուրն ու տնտեսությունը, ինչու չէ, նաև եղել են պետական, ռազմական և այլ բնագավառների ակնառու ծառայողներ£ … 1709 թվականին հայկական Նախիջևանի տարածքի Ջահուկ գյուղում ծնվում է մի մանչ, որին անվանում են Հովհաննես£ Նա մեծանում է գյուղական միջավայրում, ունևոր և բազմանդամ ընտանիքում£ Սակայն այդ տարիներին հայկական տարածքները մշտապես եղել են օտար զավթիչների ասպատակությունների, կոտորածների, ավերի ու ավարի բնագավառ£ 1726 թվականին տարածք են մտնում Նադիր շահի հրոսակները և, ավերելով ու կողոպտելով տարածքն ու խաղաղ բնակչությանը, գերեվարում են հայ երիտասարդների, որոնց թվում և 17¬ամյա Հովհաննեսին£ Որոշ ժամանակ անց Հովհաննես Ալթունյանին որպես ստրուկի վաճառում են Անատոլիայի դաշտերում տորոն բույսի մշակմամբ զբաղվող թուրքի£ Այստեղ առույգ ու երիտասարդ Հովհաննեսն աշխատում է 14 երկար ու ձիգ, տանջանքներով ու սարսափներով լի տարիներ£ Այս տարիների ընթացքում նա երբեք չի մոռանում իր ՈՎ լինելն ու մշտապես հարմար պահ է փնտրում ստրկությունից փրկվելու համար£ Այդ տարիների ընթացքում նա մանրամասն ուսումնասիրում և տիրապետում է տորոն թանկարժեք ներկատու այդ բույսի մշակման, ապա և նրանից ալիզարին ներկանյութի կորզման գաղտնիքներին£ Նա ոչ միայն դառնում է բույսի մշակման խոշոր մասնագետ, նաև օգնում է իր նման ստրկական աշխատանքներ կատարողներին£ Վերջապես գալիս է հարմար պահը, և Հովհաննեսը կարողանում է դուրս պրծնել թուրքական այդ դժոխքից ու թուրքի համազգեստով ծպտված հասնել Զմյուռնիա (Իզմիր) քաղաք, մտնել ֆրանսիական հյուպատոսարան£ Նրան օգնում են և տեղափոխում Ֆրանսիա£ Իշխանությունները հնարավորություն են տալիս բնակություն հաստատել Ավինյոն ոչ մեծ քաղաքում (գյուղաքաղաք)£ Ուշիմ երիտասարդը տորոնի մշակման դաշտերից իր հետ կարողացել էր վերցնել այդ բույսի սերմերի փոքրիկ խմբաքանակ, որը տարեցտարի աճեցնելով և բազմացնելով, կարողանում է մեծացնել ցանքատարածություններն ու այդ գործով զբաղեցնել տարածքի գյուղացիներին£ Սրանք զգալի եկամուտներ են ստանում, բարելավում սոցիալ¬տնտեսական պայմանները£ Հովհաննես Ալթունյանը, ում այստեղ անվանում էին Ժակ: Ժակ Ալթընը դառնում է դեպարտամենտի պաշտելին£ Նրա գլխավորությամբ 1758 թվականին Ֆրանսիայի Վոկլյուզ դեպարտամենտում Եվրոպայում առաջինը մշակում են թանկարժեք ներկատու տորոն բույսը£ Ֆրանսիայի երկրագործության նախարարությունը, կառավարությունը չափազանց բարձր են գնահատում Հովհաննես Ալթունյան¬Ժակ Ալթընի ծառայությունը երկրին և, ընդառաջելով երկրագործ ֆերմերների ցանկություններին, 1921 թվականին նրա բրոնզաձույլ արձանը կանգնեցնում են Ավինյոն քաղաքի մոտակայքի Նոթր¬Դամ դը Դոմ ժայռին£ Գերմանական ֆաշիստների կողմից Ֆրանսիայի օկուպացման առաջին օրերին Ժակ Ալթընի բրոնզաձույլ արձանը (մարդահասակ) հանվում և օգտագործվում է ռազմական նշանակությամբ£ Սակայն դեպարտամենտի ֆերմերները և երախտապարտ ֆրանսիացիները երկրի ազատագրումից հետո իշխանությունների օգնությամբ Ժակ Ալթընի արձանը կրկին տեղադրում են նույնությամբ և նույն վայրում£ Նշանավոր հայ երկրագործ, հայ¬ֆրանսիական բարեկամության, համագործակցության մեծ ջատագով Հովհաննես Ալթունյանը, ֆրանսիական անվամբ` Ժակ Ալթընը իր մահկանացուն կնքեց 1774 թվականին Ավինյոն քաղաքում£ Նրա աճյունը հողին հանձնվեց մեծ հանդիսավորությամբ£ Հայ¬ֆրանսիական բարեկամությունը դարավոր պատմություն ունի, այն ավելի սերտացավ խաչակրաց արշավանքներից և հասնում է մեր օրերը£ Սրա հիանալի ապացույց ներից է նաև հայ երկրագործի անգնահատելի ծառայությունը Ֆրանսիայի երկրագործներին, Ֆրանսիային£ Ֆրանսիայում Հայաստանի և Հայաստանում Ֆրանսիայի տարվա միջոցառումների թվում հարկ է նաև հիշատակել Հովհաննես Ալթունյանին` Ժակ Ալթընին, որպես երկու ժողովուրդների բարեկամության մեծ ջատագովի£ Սերգեյ ԱՎԱԳՅԱՆ Արթուն աչքից ոչինչ չի վրիպում Փողոցներով ու շենքերի անկյուններով սուրացող քամին ձյան տեղ է բացում, հիշեցնում, որ ձմեռն արդեն թակում է դուռը: Առանձնատան տերը հավանաբար հոգացել է իր շենքի հոգսերը, իսկ բազմաբնակարան շենքերի խնդիրն առավել դժվար է, բայց եթե շենքի տերը հեռատես ու սրտացավ մարդ է, ապա նա պետք է որ վաղուց ավարտած լինի ձմռան նախապատրաստական աշխատանքները, իսկ ձմռանը` ձեռքերը գրպաններում տաքացնելով գոհունակությամբ կշրջի իր տարածքում, երջանիկ այն մտքից, որ այս անգամ էլ ձմռանը չի հաջողվի խեղճացնել ու ամոթով թողնել իրեն: Հեռատես ու սրտացավ այդ մարդը Նոր Նորքի 1-ին զանգվածի «Նորք 1/1» համատիրության նախագահ Սերգեյ ՍԵԴՐԱԿՅԱՆՆ է, ով թեև հոգսերի բեռից թեթևացել է, սակայն շարունակում է ականջը` բնակչի ձայնին, իսկ աչքը` շենքերի արտաքին ու ներքին «անակնկալներին» պահել: - «Նորք 1/1» համատիրության մեջ ներգրավված 10 շենքերը (շուրջ 600 սեփականատեր) 1960-ական թվականների «խրուշչովյան» շենքեր են, բայց ամուր հիմքերի շնորհիվ սեյսմակայուն են: Առհասարակ, շենքերի կյանքը երկարացնելու համար դրանց «բուժումը» պետք է սկսել տանիքից: Թաղապետարանի կողմից տրամադրված ազբոշիֆերով վերանորոգվել է 720 քառ. մետր տանիք, թեև կատարվել է մասնակի վերանորոգում, սակայն բոլոր շենքերի տանիքներն ապահովագրված են անձրևաջրերից ու ձնհալից: Դարձյալ թաղապետարանի տրամադրած նոր ջրհորդաններով ապահովվել է մեկ շենք, իսկ մնացած շենքերի ջրհորդանները փոխվել են համատիրության միջոցներով: Շենքերի պատերի երկայնքով ձմռանը երբևէ չեք տեսնի կախված, վտանգներով լի սառցալուլաներ, դրանք անմիջապես «չեզոքացվում» են մեր աշխատակիցների կողմից: Համաշխարհային զարգացման ծրագրով համատիրությունը վերանորոգել է խմելու ջրի ընդհանուր ցանցը, որի համար անհրաժեշտ գումարի 10 %-ը ներդրել է համատիրությունը, իսկ 90 %-ը` Համաշխարհային զարգացման ծրագիրը: Ամբողջովին վերանորոգվել են շքամուտքերը, ապակեպատվել են դռներն ու պատուհանները: Մինչև դեկտեմբերի 10-ը կավարտվի ևս 30 պատուհանների ապակեպատումը: Մայրաքաղաքի ամենացավոտ խնդիրը աղբահանությունն է, սակայն վստահեցնում եմ, որ մեր համատիրության տարածքում այդ խնդիրը հիմնովին լուծված է: Աղբի ամենօրյա տեղափոխումը, դեռատիզացիան, կրծողների դեմ տարվող մշտական աշխատանքների, սանհանգույցի մաքրման ու նաև բնակիչների մաքրակենցաղության շնորհիվ մեր տարածքը մշտապես մաքուր ու կոկիկ տեսք ունի: Շենքերում ավարտված է գազիֆիկացումը, սակայն բնակչության 20 %-ն է առայժմ օգտվում երկնագույն վառելիքից, մյուսներն հետզհետե կհամալրեն երջանիկների շարքերը: Սակայն ցանկանում եմ անդրադառնալ հիվանդագին մի երևույթի, որն, իմ կարծիքով, մտահոգում է բոլոր համատիրություններին: ՀայՌուսգազարդի շնորհակալ գործը ստվերում են հենց իրենց բանվորները, ովքեր գազատար խողովակները տեղադրելուց հետո թողնում են իրենց անփույթ աշխատանքի հետքերը: Գրեթե նույն ձեռագրով են աշխատում նաև էլցանցի, ԱրմենՏելի և ջրմուղի աշխատողները: Համոզված եմ, որ թաղապետարանում բարձրացված այս հարցերը վերոհիշյալ ծառայությունների կողմից վերջնականապես լուծում կստանան: Աշխատանքներն ավարտելուց հետո բանվորներն անձամբ կվերանորոգեն իրենց քանդածն ու ավերածը: Բնակելի շենքերն ունեն առայսօր չլուծված ևս մի խնդիր. մայթերի անձրևաջրերն անարգել լցվում են նկուղները: Պատճառն, անշուշտ, շենքերի ու մայթերի ճարտարապետական անհարմարությունն է: Թաղապետ Դավիթ Պետրոսյանի նախաձեռնությամբ այս հարցը ևս գտել է լուծում` անձրևաջրերի ներհոսը դեպի շենքերը կդադարի, եթե մայթերը փոքր-ինչ բարձրացվեն շենքերի հիմքերի համեմատ: Գրեթե միշտ թաղապետարանն ականջալուր է համատիրությանն առնչվող յուրաքանչյուր հարցի, ինչի համար երախտապարտ ենք թե° ես և թե° բնակիչները: Բազմաբնակարան շենքերի սեփականատերերի միավորում համարվող համատիրությունը բնակիչների հոգսերի արտահայտիչն ու նրանց շահերի պաշտպանն է: Սակայն համատիրության գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է բնակիչների վճարումներից, որն, ի ուրախություն մեզ, կազմում է 60-70 %: «Վճարեք և պահանջեք» կարգախոսով հաճախ եմ դիմում բնակիչներին: Նրանք գիտեն, որ միասնական վճարումները կնպաստեն մեծածավալ աշխատանքների կատարմանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ