Չկեղծելու ոսկե կանոնին հավատարիմ


Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գեղեցիկ ու մտերմիկ ձայնը «Ստերեո ստուդիայի» եթերից 13 տարի շարունակ շոյում է հայաստանաբնակ և սփյուռքի հայերենակարոտ և հայրենակա րոտ ունկնդրի ականջը: Թեև մի քանի ամիս է, ինչ հաղորդումները հեռարձակվում են գիշերային թողարկումներով` կեսգիշերից մինչև առավոտյան 5.55 րոպե, սակայն այդ ժամերին էլ ունկնդիրների թիվը քիչ չէ: Կարեն Վարդանյանի ձայնը երբևէ չի տատանվել, չի դողացել, խոսքի ջերմությունն էլ չի պակասել: Նրա վարպետությունը միայն գեղեցիկ ու սահուն ընթերցումը չէ, նրա խոսքում արտահայտվում է նաև հարգանքը ունկնդրի, հաղորդման հյուրի հանդեպ, որից էլ շահում է հաղորդումը: Այն շահում է նաև թեմայի ճիշտ ընտրության շնորհիվ, իսկ թեմաները և° արդիական են, և° մտահոգիչ... «Պակաս կարևոր չէ նաև մատուցման ձևը: Եթերը սիրում և պահանջում է պրոֆեսիոնալիզմ, այլապես վայրիվերո ու թափթփված ներկայացված նյութը տեղ չի հասնի»,- ասում է Կարեն Վարդանյանը: Վաստակաշատ հաղորդավարի համոզմամբ` բնածին ձայնային տվյալներն ու նյութի ճիշտ ընտրությունը ամբողջացնում է հաղորդելու արվեստը: Հրաչուհի Ջինանյան, Վերա Հակոբյան, Լիա Կարապետյան, Ջոն Հակոբյան, Սուրեն Պետրոսյան-հաղորդավարական այս դպրոցն իր փորձն առանց պարտադրելու փոխանցեց բոլոր նրանց, ովքեր ունակ էին առավելագույնս յուրացնել ինքն իրեն չկեղծելու ոսկե կանոնը` միկրոֆոնի առաջ լինել անկաշկանդ ու պարզ: «1990 թ. ընդունվել եմ ռադիո և այդ պահից, կողքիս ունենալով այդպիսի վարպետների, չսովորել նրանցից և խորամուխ չլինել սիրված աշխատանքում, անհնար էր,- հիշում է Կարենը,- նրանք մեզ չէին պարտադրում լսել իրենց, ոչ, բայց մենք ուշադիր հետևում էինք նրանց ձայնի յուրաքանչյուր հնչերանգին, հայացքին, ժպիտին,- սա էր մեր դպրոցը, որը, համոզված եմ, ավելին էր, քան որևէ տպագիր ուղեցույց: Նրանց փորձից մենք քաղում էինք նրա մեջ պարունակող իմաստնությունը»: Այսօր էլ և° ինքնակամ, և այս ու այն բուհից ուսանողներն իրենց գործնական պարապմունքներն անցկացնում են հանրային ռադիոյում: Կարենից հաղորդավարական կրթություն ակնկալողներն էլ քիչ չեն, բայց «ես կոնկրետ կանոններ չգիտեմ, պարզապես նրանք պետք է սովորեն լսել և յուրացնել լսածը: Բոլորին տրամադրում ենք 1-2 րոպե, որպեսզի իրենք ևս հանդես գան: Լավագույններին ներգրավում ենք մեր հաղորդումներում»: Սիրված հաղորդավար Կարեն Վարդանյանը հետաքրքիր նյութը վարպետորեն մատուցելու հետ մեկտեղ հեռուստադիտողին և ունկնդրին փոխանցում է նաև դրական էներգիա, իսկ փոխարե՞նը- երախտագիտությամբ լի նամակներ ու հեռախոսազանգեր, որով տասնապատկվում է բումերանգի սկզբունքով ձեռք բերածը: «Երբ հեռուստա դիտողը և ունկնդիրն արտահայտում են իրենց ուրախությունն ու շնորհակալությունը, զգում ես, որ իզուր չեն օգտագործած ճիգերդ, միտքդ, հոգիդ: Երբ իմ հանդեպ զգում եմ նման ջերմություն, ինչպե՞ս կարող եմ այլ կերպ վարվել: Կատարված պարտականությունը գրեթե միշտ թողնում է ոչ լրիվ կատարվածի գիտակցություն, և ես ինձանից պահանջում եմ կատարյալը»: Ահա թե ինչու Կարենի խաղաղեցնող ձայնին սպասողների թիվը չի նվազում: Նրա մշտական ուղեկիցը մեղմ ժպիտն է, և ինչու չժպտա, երբ համոզված է, որ առանց դրա մատուցված նյութը չի «մարսվի» հեռուստադիտողի և ունկնդրի կողմից, երբ ունի հրաշալի ընտանիք, որի անդորրը որդու` 3-րդ դասարանցի Արթուրի հետ շուտով «կխաթարի» նոր ծնվող մանկան ճիչը: Կարենի լավատեսությունն անսահման է, պետք է հավատալ ու հուսալ, որ բոլոր անելանելի վիճակներից դեպի լույս տանող մի խողովակ, այնուամենայնիվ, կա և հենց այդ հավատն էլ պետք է օգնի խուսափել փակուղուց: Թերևս լավատեսությունն ու բարությունն էլ «թրծել» են նրա աշխատանքը, որի համար հայկական ռադիոյի հիմնադրման 80 և հեռուստատեսության հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ Կարեն Վարդանյանն արժանացավ վաստակավոր լրագրողի կոչման: -Ուրախ եմ ու նաև շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր արժանացան պատվավոր կոչումների և «Մովսես Խորենացու» աշխարհիկ պարգևներին, հատկապես իմ «ռադիոյականներին», որոնց հետ տարիներ շարունակ քայլել եմ հարթ ու խոտոր ճամփաներով: Գիտեմ, ղեկավարելը դյուրին չէ և այն հասու է ոչ բոլորին: Դա մի ծանր բեռ է, և այն կրողին պետք է ասել կեցցե°: Ուրեմն Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի և մեր համատեղ ջանքերը շարունակելու են կամրջել աշխարհասփյուռ հայերի սրտերը,- վստահեցրեց Կարենը: Փոխվում է տարին, փոխվում և թարմացվում են նաև «Ստերեո ստուդիայի» ծրագրերը: 2007 թվականից ուսանելի և բազմազան թեմաներով հաղորդումների պակաս ունկնդիրն ու հեռուստադիտողն, անշուշտ, չեն զգա, որոշ լրատվամիջոցներ,` հատկապես «Ավանգարդի» և «ՆԵ»-ի հետ նախատեսվում է սերտ համագործակցություն: Հեռու չէ ամանորը, ուստի դրան ևս, ինչպես միշտ, լրջորեն նախապատրաստվել է պետք, որպեսզի 2006 թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2007-ի հունվարի 13-ը բազմաժանր թողարկումները «քաղցրացնեն» տոնական կենացները: - Թեև դեռ շատ վաղ է, բայց կուզեի Նոր տարվա առթիվ իմ ջերմ մաղթանքները հղել «Ավանգարդին», ցանկանալ, որ միշտ գտնվի մամուլի աշխարհի ավանգարդում: Դե, ինչ, «Ավանգարդը» նույնպես շնորհավորում է ազնիվ լրագրողին` միանգամայն արժանի գնահատականի առթիվ և մաղթում լավագույններից լավագույնը` փոխադարձ սեր իր և աշխարհի միջև: Գտնել սիրո ու համերաշխության ակունքը... Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարությունը ջանում է ուշադրությամբ ու հոգածությամբ շրջապատել բնակչության բոլոր խավերին: Ինչպես փաստում է թաղապետա րանի առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Ավետիս Շահումյանը, թաղապետարանում միշտ էլ մշակվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են օգնելու կարիքավոր ընտանիքներին, ծերերին, հաշմանդամներին... Ճիշտ է, հաշմանդամ երեխաների հետ աշխատանքներ են տարվում ողջ տարվա ընթացքում, սակայն Հաշմանդամների միջազգային օրը անտարբեր թողնել չէր կարող և «Զեյթուն» հաշմանդամ երեխաների և ծնողների հասարակական կազմակերպությանը: Թաղապետարանի աջակցությամբ և Սուրբ Սարգիս եկեղեցու օրհնությամբ առանձնացավ այդ օրը համայնքի օրացույցում: Ինչպես նշում է Ավետիս Շահումյանը, համայնքում մեծ թիվ են կազմում հաշմանդամները (ինչպես ի ծնե, այնպես էլ ձեռքբերովի հաշմանդամությամբ), որոնց օգնելը նաև հոգու պարտք է յուրաքանչյուրի համար: Համայնքում գործող «Զեյթուն» հաշմանդամ երեխաների, ծնողների հասարակական կազմակերպությունը, որն օգնում է լիարժեք դարձնել համայնքի 300 հաշմանդամ երեխաներից 263-ի առօրյան` նրանց համար կազմակերպելով բազմաբնույթ միջոցառումներ, այցելություններ տեսարժան վայրեր... Սիրե°նք մեր շրջապատը, օգնենք նրանց, ովքեր մեր օգնության կարիքը ունեն. թերևս սա է համայնքի որդեգրած գաղափարը: Թող այս գաղափարով շարժվեն բոլորը...

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ