ԱԿՈՒՆՔՆԵՐԻՑ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ


Հայ էստրադային երգարվեստի ռահվիրա Ռաիսա Մկրտչյանին ունկնդիրը դեռ սպասում է, քանի որ երգչուհին ասելիք ու արտահայտվելու հնարավորություն ունի: Նա այն երջանիկներից է, ում բախտն ամենուր ժպտացել է` բնատուր տաղանդ, լավ ընտանիք, սիրած աշխատանք: Հավանաբար դա է պատճառը, որ նա դեռ երգելու ցանկություն ունի: Ռաիսա ՄԿՐՏՉՅԱՆԻ հուշերում դեռ վառ են պահպանվել իր ծննդավայր Սևանի ափերում թողած մանկության ոտնահետքերը, սիրելի տատիկի հրաշալի հեքիաթները ու նրա քաղցր ձայնով հնչող «Ձախորդ օրերը»: Հայրը, որ մասնագիտությամբ քիմիկոս-ինժեներ էր, նաև` զինվորական սպա, աշխատանքի բերումով հաճախ էր փոխում բնակավայրը` քաղաքից քաղաք: Մինչև 6-րդ դասարան Ռաիսան ապրել է Ստեփանավանում, Կիրովականում, Էջմիածնում և վերջապես` Երևանում: Դեռ այն ժամանակ` պիոներական ճամբարներում անցկացրած օրերին նա միշտ հիացնում էր բոլորին իր գեղեցիկ ձայնով: Հաճախ էլ հարևան ճամբարներից նրան հրավիրում էին երգելու: Էությամբ աշխույժ Ռաիսան մանկավարժ մոր և զինվորական հոր դաստիարակության արդյունքում ձեռք բերեց բնավորության կարևոր մի գիծ` կարգապահություն, ինչը նրան կյանքում շատ օգնեց... Ռաիսան նման չէր իր այն հասակակիցներին, ովքեր փոքր ձայնածավալ ունենալով հանդերձ ձգտում էին պրոֆեսիոնալ երգչուհի դառնալ: Նա երազում էր դառնալ դաշնակահարուհի: Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Կոմիտասի անվան կոնսերվատորիայում սովորելու տարիներին նա երգում է ուսանողական միջոցառումների և երեկույթների ժամանակ: Այդ տարիներին Ռաիսան կատարում էր իր ժամանակի արտասահմանյան էստրադայի աստղերի` Դալիդայի, Սառա Վոհանի, Շերլի Բենի, Էլվիս Փրեսլիի երգերը: Երաժշտական ընդունակությունների և հատկապես փայլուն լսողության շնորհիվ Ռաիսան անմիջապես որսում էր յուրաքանչյուր ստեղծագործության ոգին և իր հարուստ ձայնով մատուցում հանդիսատեսին: Երգչուհու վառ անհատականությունն առավելագույնս դրսևորվեց «Կռունկ» և «Յունոստ» ուսանողական վոկալ-գործիքային խմբերում, որոնք ղեկավարում էր երիտասարդ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: 1965 թվականին նա «Կռունկ»-ի կազմում, մասնակցելով երգի հանրապետական փառատոնին, արժանանում է դափնեկրի կոչման: Ռաիսա Մկրտչյանի համար երգելը նշանակում է թռիչք: Նման երազկոտ երգչուհու համար մեծ ոգևորություն էր առաջին համերգային շրջագայությունը (1965 թ.) Խորհրդային Միության և Չեխոսլովակիայի քաղաքներում: Դեռևս Երևանի կոնսերվատորիայի 1-ին կուրսի ուսանողուհի էր, երբ առաջարկություն ստացավ աշխատելու Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային խմբում` Մարտին Վարդազարյանի ղեկավարությամբ: Կարճ ժամանակ անց նա դարձավ խմբի մենակատարը: Ռաիսայի համար անակնկալ էր, երբ Մարտին Վարդազարյանը հիշեցրեց նրան շուրջ 50 երգի ձայնագրությունից ստանալիք հոնորարի մասին: «Մարդ էլ երգելու համար փող ստանա՞»,- զարմացել էր երգչուհին և քանի որ ամաչել էր գնալ ու ստանալ գումարը, նրան ստիպված էր եղել ուղեկցել Մարտին Վարդազարյանը: Երգչուհու երգացանկը օրեցօր համալրվում էր հայ և ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններով: Նա արդեն ճանաչված էր նաև Ռուսաստանում: Տպավորիչ էր հատկապես 1971 թվականը, որը նրա առջև բացեց արտասահմանյան բազմաթիվ շրջագայությունների ճանապարհը: Աշխարհի շատ երկրներում է եղել երգչուհին, շատ ժողովուրդների մատուցել հայ էստրադային երգը, որի հիմքում, անշուշտ, ազգայինն էր, և ամենուրեք նրան դիմավորել են ջերմությամբ: Սակայն ուր էլ լիներ, այնուամենայ նիվ, հայրենի հողը ձգում էր: «Ես երբեք չեմ մտածել այլ երկրում ապրելու մասին, թեև բազմաթիվ լավ առաջարկներ եմ ունեցել: Չէ՞ որ իմ հաջողության ու սիրված լինելու համար պարտական եմ Հայաստանին և հայ ժողովրդին, որն իմ առաջին գնահատողն է: Կարծում եմ` չարժի այդ ամենը թողնել, գնալ մի ուրիշ տեղ ու հոգսերիդ ավելացնել ևս մեկը` կարոտը»: Բոլորովին վերջերս Հայկական ռադիոյի հիմնադրման 80 և հեռուստատեսության հիմնադրման 50-ամյակների կապակցությամբ ռադիոհեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի Ռաիսա Մկրտչյանն արժանացավ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: «Ավանգարդի» խմբագրակազմը շնորհավորում է սիրված երգչուհուն և մաղթում կանացի և ձայնային չխամրող հմայք: Վաղն ամեն ինչ կսկսվի նորից Ապրում ես, հուզվում, սիրում, հիասթափվում... ու հանկարծ քո ապրածն իր մեջ ամփոփած մի երգ է մատուցում քեզ, որի մեղեդին հոգուդ վրայից թափում է ժամանակի փոշին և ականջիդ շշնջում, որ վաղն ամեն ինչ կսկսվի նորից: «Ինձ համար, իրոք, ամեն ինչ նորից է սկսվում, ապրեցինք, եկավ նոր օր, հինը, իհարկե, չի մոռացվում, բայց հայացքով փնտրում ենք մի նոր բան»,- ասում է «Արձագանք» ստուդիայի կնքահայրերից մեկը` Արտավազդ Բայաթյանը... ու «այդ «նորից» բացվում է երկինքը, ծիծաղում է հոգին»,- շարունակում է Եղիշե Պետրոսյանը ու կնքահոր ծանրակշիռ տրամաբանությամբ հաստատում, որ ամեն դեպքում, վաղն ամեն ինչ սկսվելու է նորից: Նրանց համար այդ սկիզբը 35 տարի առաջ էր, երբ Բելինսկու անվան N 38 դպրոցի դասարաններից մեկում 3 չարաճճի տղաներ` Արտավազդը, Եղիշն ու Վահանը ուսուցիչների մասին երգեր էին հորինում, երգում էին հավաքույթներին, մի խոսքով, դասարանի, չէ, ինչ եմ ասում, դպրոցի հոգին էին: Հետո որոշեցին խումբ ստեղծել: 1970 թվականին ստեղծվեց այն, որի արձագանք ները թեև 35 տարիների ընթացքում երբեմն-երբեմն արձանագրում էին կանգառներ, այնուամենայնիվ, տղաների հիասքանչ երգերի հնչյունները լավ ու վատ տարիների միջով հասան մեր օրերը, սակայն, ավաղ, առանց Վահան Օհանյանի: Ահա թե ինչու դեկտեմբերի 2-ի համերգային ծրագիրը գովազդվում էր ոչ որպես «Արձագանք» խմբի համերգ, այլ պարզապես Արտավազդ ԲԱՅԱԹՅԱՆ-Եղիշե ՊԵՏՐՈՍՅԱՆ: «Եթե խմբից մեկն էլ չկա, ապա այն չի կարող խումբ համարվել, - ասում է Արտավազդը,- այդ պատճառով որոշեցինք հանդես գալ մեր անուններով, քանի որ մենք դեռ կանք»: 12 տարվա լռությունից հետո տղաները բեմ ելան, որովհետև նրանց ու հանդիսատեսի կարոտն արդեն նռան պես ճաք էր տվել, խոսելու ժամանակն էր, քանի որ ասածը լռելուց իմաստուն էր դարձել, և հետո, հանդիսատեսն էլ երկար էր սպասել: «Ես ուրիշ ցեղից եմ», «Ինձ այստեղ չեն սպասում», «Արդյոք դու գիտե՞ս», «Ծնունդդ շնորհավոր», «Ինչ որ մի օր», «Երբևիցե»... Էլի՞ թվարկեմ, անհնար է, դրանք 350-ից ավելին են, մեկը մեկից ջերմ, սիրելի, հոգեհարազատ, իմաստուն: Արտավազդն ու Եղիշեն այնքան պարզ են, հասարակ ու հասկացվող, ոչ այն հերթական սերնդի պես, որն այսօր մեր դուռն է թակում: Շատ ու շատ երգիչ-երգչուհիներ երգարվեստում իրենց ճանապարհը հարթել են «Արձագանքի» շնորհիվ` Միստր Իքս, Ալլա Լևոնյան, Հասմիկ Կարապետյան... Բայց այդ օրը «Արձագանքի» ելույթը հարգել էր միայն Միստր Իքսը: Պատահում է... Եվ էլի շատ ու շատ բաներ են պատահում, ասենք, երբ ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ մարդիկ հանդիպում են արդեն որպես անծանոթներ: «Մարդն ապրում է ու հետո` հրաժեշտ է տալիս կյանքին, բայց թե ի՞նչ է կատարվում հետո, ոչ ոք չգիտի: Համոզված եմ, որ ոչինչ էլ չի ընդհատվում, որ մարդիկ ինչ-որ տեղ դարձյալ հանդիպում են: Անհնար է, որ Աստծո ստեղծածը ինչ-որ մի տեղ ընդհատվի: Դա անիմաստ կլինի»,- ասում է Արտավազդը: Նա համոզված է նաև, որ հայրենիք, ընկեր բառերը սոսկ բառեր չեն և ոչ էլ ծամոն, որ բերանդ գցած ծամես-ծամես ու դժվարությամբ պոկելով ատամներիցդ, մի կողմ նետես: Հայրենիքը հասկանալու համար պետք է «Ծիծեռնակ»-ը երգել, իսկ առանց ընկեր պարզապես անհնար է ապրել, քանի որ «առանց քեզ, քո խոսքերի, ո՞վ եմ ես»,- ասում է երգիչը: Եվ իրոք, ովքե՞ր են այս տղաները: «Այս զույգը էստրադային երաժշտության մեջ առանձնապես հեղաշրջում չի կատարել,- ասում է Խոսրով Հարությունյանը,- բայց պարզվում է, որ նրանք անընդհատ քեզ հետ են, որ մտքումդ նրանց երգերի բառերն են պտտվում: Չկա մեկը, ով իր ծննդյան տարեդարձին չսպասի «Ծնունդդ շնորհավոր» երգին: Ես ուրախ եմ, որ նրանք պահպանել են իրենց ոճը, նրանց ձեռագիրն այնքա¯ն ընթեռնելի է: Տղաներն իրենց չեն սպառել, և դա հիանալի է: Ունեն կատարողական բարձր արվեստ, որով շունչ են հաղորդում ունկնդրին» : Բոլորովին նոր ոճ ու մակարդակ առաջարկող «Արձագանքի» հիմնադիրների արվեստը բարձր է գնահատում նաև Րաֆֆի Հովհաննիսյանը տիկնոջ հետ. «Ուրախ ենք, որ տարիներ շարունակ նրանց խոսքը պահանջարկ ունի: Նրանք հիրավի կամուրջ են սերունդների միջև: Գնահատելի է նրանց առաքելությունը, որով լուսամփոփի պես լուսավորում են մեր սրտերը»: Դե, իսկ ի՞նչ կասի Արտավազդ Եղոյանը Արտավազդի ու Եղիշեի մասին, այն, որ «Նրանք երաժշտության մեր սերնդի կորիֆեյներն են»: Դահլիճում հանդիսատեսը հոտնկայս արձագանքում էր «Արձագանքի» ռիթմին, և հաճելի ու սպասված հանդիպումը մոտենում էր ավարտին: Բայց, քանի որ ոչինչ հենց այնպես չի ավարտվում... «Արձագանքն» իմ ականջին գաղտնի, ի լուր աշխարհի, շշնջաց, որ ինչ-որ մի օր կներկայացնի Ժակ Բրելի բանաստեղծությունների թեմաներով մի նոր ծրագիր, ուր կփորձի հասկանալ, թե որքանո՞վ է ընդհանուր հայի ու ֆրանսիացու ցավի զգացողությունը: Այնպես որ, հենց այնպես ոչինչ չի ավարտվում: