Պաշտոնական լրահոս


ՀՀ վարչապետ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ գլխավորած կառավարական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցեց ՌԴ-ում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողությանը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը Ս.Պետերբուրգի Եկատերինյան պալատում ունեցած ելույթից Թանկագին բարեկամներ. ...Դեպի դարերի խորքը գնացող հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը եւ ավանդաբար ձեւավորված անքակտելի կապերը, որոնց առանցքը բոլոր ժամանակնե րում եղել է հոգեւոր ընդհանրությունը, դարձել է այն հուսալի հիմքը, որի վրա դինամիկ եւ կառուցողական ձեւով զարգանում են դաշնակցային հարաբերությունները մեր պետությունների միջեւ: Հուսով եմ, որ Հայաստանի Տարին հնարավորություն տվեց ռուսաստանցիներին բացահայտելու ժամանակակից Հայաստանն` իր ներուժով եւ հնարավորություններով: Մեր պետությունն այսօր վստահորեն ձգտում է ապագային` հաշվի առնելով արդի իրողությունները եւ, միաժամանակ, պահպանելով իր դարավոր ազգային ավանդույթները: ...Արդի աշխարհում փոխշահավետ երկարաժամկետ գործընկերության հիմքում, քաղաքական փոխհարաբերությունների կողքին, ընկած են նաեւ տնտեսական հարաբերությունները: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերը: Միաժամանակ, կցանկանայի նշել, որ այս ոլորտում դեռեւս կան չօգտագործված հնարավորություններ, եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ է փոխադարձ ակտիվ քայլեր ձեռնարկել: Մենք առաջնային նշանակություն ենք տալիս հետագա համագործակցության զարգացմանը Ռուսաստանի Դաշնության հետ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, մետալուրգիան, տրանսպորտը, քիմիան եւ այլն: Հատկապես հաճելի է, որ Հայաստանի Տարվա հանդիսավոր փակումը անցկացվում է իր գեղեցկությամբ զարմանահրաշ քաղաքում` Սանկտ Պետերբուրգում, որը համարվում է համաշխարհային մշակութային խոշորագույն կենտրոններից մեկը` դեպի իրեն ձգող յուրահատուկ ջերմությամբ եւ հոգեւոր մթնոլորտով: Մեր ժողովրդի մշակույթը սերտորեն առնչվում է Սանկտ Պետերբուրգի հետ: Հյուսիսային մայրաքաղաքի հետ են կապված մի ամբողջ շարք այնպիսի հայ մեծանուն գիտնականների, նկարիչների եւ հասարակական գործիչների անուններ, ինչպիսիք են` Օրբելին, Փափազյանը, իշխան Արգությանը եւ այլոք: Ռուսաստանում ապրում է աշխարհում ամենամեծաքանակ հայկական սփյուռքը, որը ձեւավորվել է դարերի ընթացքում: Պատմության բոլոր ժամանակահատվածներում հայերը ուժերի ներածին չափով իրենց ներդրումն են բերել ռուսական պետության կայացմանն ու զարգացմանը, որում բոլոր պայմանները կային ազգային ինքատիպությու նը, լեզուն եւ մշակույթը պահպանելու համար: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանում մեր հայրենակիցների խնդիրներն ու ձգտումները այսօր էլ գտնվում են Ռուսաստանի ղեկավարության սեւեռուն ուշադրության կենտրոնում: Մեր ընդհանուր պատասխանատվության հարց է հանդիսանում ազգային անհանդուրժողականության ցանկացած դրսեւորման բացառումը: Այդ համատեքստում մենք չափազանց մտահոգված ենք մեր հայրենակիցների նկատմամբ բռնությունների դեպքերով, որոնք տեղի են ունեցել ՌԴ-ում: Հայերը Ռուսաստանում, հավասարապես ինչպես եւ ռուսաստանցիները Հայաստանում, դարավոր ավանդույթների կրողներն են, երկու երկրների միջեւ բարեկամության այն կամուրջը, որը մենք ամեն կերպ պետք է ամրացնենք ու պահպանենք: ...Ցանկանում եմ ի սրտե շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի տարվա նախապատրաստմանն ու անցկացմանը: Վստահ եմ, որ այս իրադարձությունը էլ ավելի ամրացրեց բարեկամության եւ համագործակցության հիմքերը, ինչպես նաեւ նպաստեց երկու ժողովուրդների մշակութային արժեքներին փոխադարձ հաղորդակցմանը: Օգտվելով առիթից, ցանկանում եմ բարեկամ ռուս ժողովրդին մաղթել խաղաղություն եւ բարգավաճում: