«Այս անգամ տեր ենք»,-


հավաստիացնում է Ա. Կարապետյանը - Ես պատրաստ եմ կոմերցիոն հիմունքներով վճարել յուրաքանչյուր գին` ուղիղ եթերում հանդես գալու համար և այս մասին նամակներով դիմել եմ գրեթե բոլոր հեռուստաալիքներին,- խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Շարունակելով ընտրությունների թեման, նա տեղեկացրեց, որ ողջ ընդդիմադիր դաշտում ՆԺ-ն միակ կուսակցությունն է, որ գրասենյակներ է բացում ամբողջ Հայաստանով մեկ` - Երևանում արդեն վեցերորդ գրասենյակն ենք բացել, իսկ մարզերում բացում ենք այնտեղ, որտեղ երբեք կազմակերպություն չենք ունեցել: ՆԺ-ի ղեկավարն արդեն իսկ համոզմունք է հայտնում, որ այս ընտրություններն էլ են կեղծվելու, ինչի ապացույցը, ըստ նրա, իշխանությունների կողմից բաժանվող ընտրակաշառքներն են: Ուստի, ինչպես եզրակացնում է ինքը` - Պետք է պատրաստ լինել ո°չ թե ընտրությունների, այլ հաջորդ օրվան: Իսկ սա նշանակում է դուրս գալ փողոց, նշանակում է ժողովրդի անհնազանդություն և գործողություններ: Ես բացահայտորեն հայտարարում եմ, որ այդ գործողություններին մենք պատրաստվում ենք: Հաջորդ օրվա պատասխանատվությունը միայնակ կրելու խնդիրը Ա. Կարապետյանը մեծ բեռ չի համարում, որովհետև` - Այդ օրերը այնքան խառնակ են լինելու` «կապված Իրանի թնջուկի, Վրաստանի, Ղարաբաղի հետ, որ յուրաքանչյուր կուսակցություն, ունենալով լուրջ թիմ, ինքնուրույն կարող է դա անել: Ուղղակի գլխավորը երևալու նկրտումներ մենք չունենք: Հաջորդ օրը կլինի բոլոր ընդդիմադիրներինը, և այնտեղ դուք կտեսնեք այնպիսի կուսակցությունների, որ հիմա ոչ ոք չի էլ պատկերացնում»: Խոսելով «Հակակրիմինալ»-ի մասին, Ա. Կարապետյանը բարձրաձայնում է արդեն, որ մոտ օրերս առաջարկելու է շարժման մեջ կասեցնել երկու կուսակցությունների` ՕԵԿ-ի և ՀԴԿ-ի գործունեությունը, քանի որ` «նրանք չեն մասնակցում աշխատանքներին»: Անդրադառնալով կրիմինալի մեջ անձամբ թաթախված լինելու մասին խոսակցություններին, մասնավորապես Նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի արտահայտությանը, «Նոր ժամանակների» առաջնորդը պատրաստակամություն է հայտնում անձամբ դիմել դատարան` - «Զուլում» մականունով ԿԳԲ-ի գործակալ Գառնիկ Իսագուլյանը ստահոդ լուրեր է տարածում, և ես պատրաստ եմ մտնել դատարան, եթե ինձ տաք այդ տեսանյութը»: Արամ Կարապետյանի և ներկա իշխանությունների կարծիքները զարմանալիորեն համընկնում են ՀՀ տարածքում Ռուսաստանի ներկայության իմաստով. - Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկացել է, որ Հայաստանի արտաքին ազգային անվտանգությունը ապահովելու համար անպայման պետք է գեոքաղաքական ուժի ներկայությունը, և սա շատ ճիշտ է եղել: Սրանով հանդերձ, մարդիկ վատ են զգում ֆորպոստ բառից: Տարիներ շարունակ գրվել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հարավային ֆորպոստն է: Բայց չգիտես ինչու Թուրքիան խանչալներով չի հարձակվել գրողների վրա: - Ո՞վ է բացելու մեր կոմունիկացիաները: Հայաստանը ի զորո՞ւ է դա անել միայնակ, ո՞վ է մեր տնտեսության մեջ այնպիսի ֆինանսական ինվեստիցիաներ անելու, որպեսզի արդյունաբերական սեկտորը աշխատի: Ղարաբաղի խնդրում ում հետ խոսում ես, ասում են` բա ռուսներն ի՞նչ են անելու (որպեսզի Ղարաբաղը չտան-խմբ.): Եկեք ռեալիստ լինենք: Ես էլ եմ գտնում, որ Ռուսաստանում դեռ ամեն ինչ չէ, որ իր տեղն է ընկած, անհասկանալի է հատկապես նրա վարած կովկասյան քաղաքականությունը, բայց այդքանով հանդերձ չկա ընտրելու մի այլ ճանապարհ, որ հիմնված լինի ռեալ փաստարկների վրա,- ասում է նա: Արցախյան բանակցությունների գործընթացի մասին Ա. Կարապետյանի կարծիքն հետևյալն է. - Ես վաղուց եմ ասել, որ այս երկու-երկուսուկես էջանոց պայմանագիրը ստիպելու են ստորագրել: Կստորագրեն և հանձնվող տարածքների դիմաց մենք 10-15 տարի անց կունենանք հանրաքվե անցկացնելու իրավունք: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կստորագրի այդ փաստաթուղթը, որովհետև փախստականների վերադարձով նա վերջնականորեն լուծում է Ղարաբաղի հարցն իր օգտին: - Երկրորդ անգամն է, որ Մեթյու Բրայզան չի մասնակցում բանակցային հանդիպումներին: Դատելով սրանից` կարելի՞ է ասել, որ համանախագահող երկրների միջև տարաձայնություններ կան: - Ոչ, Բրայզայի չմասնակցելը դե մարշ է` Հայաստանի իշխանությունների դեմ: - Մանրամասնեք, խնդրում եմ: - Երևի մեր իշխանությունները նրան «քցել» են, նա էլ չի գալիս: - Խռովե՞լ է: - Չեմ կարող ասել, թե խռովել է, ուղղակի չի գալիս և վերջ: - Եթե ի մի բերենք Ռուսաստանի մասին Ձեր ասածները, ուրեմն այնտեղ մեծ թափ է հավաքում արմատականությունը, քսենոֆոբիան, կենցաղային քսենոֆոբիան: Այն մի երկիր է, որը հստակ չի էլ հասկանում, թե ի՞նչ է ուզում Կովկասից ու չի հստակեցրել իր կովկասյան քաղաքականությունը: Այդ դեպքում ժամանակը չի՞, որ մենք թռչենք այդ գնացքից: - Ո°չ: Այս բոլորը նրանք էլ են հասկանում և ամեն ինչ կանեն` սրա դեմն առնելու համար: - Դուք պնդում եք, որ ընտրությունների արդյունքները կեղծվում են: Ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին, եթե միևնույն է` քվեներին չեք կարողանալու տեր կանգնել: - Այս անգամ տեր կկանգնենք : - Հերթական «անգամը» չի՞ լինի արդյոք: - Ոչ, այս անգամ կանենք:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ