ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


«ՏԵՍՆԵՍ Ի՞ՆՉ ԷՐ ՊԱՏՄԵԼՈՒ ՊԱՊՍ» Գևորգ ՍՆԽՉՅԱՆ. Բանաստեղծ, հրապարակախոս, գրական, հասարակական գործիչ: Ծնվել է 1950 թվականին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում: Գյուղի դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: Աշխատել է Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմինններում, եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի նախագահի աշխատակազմի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետի տեղակալ, Նինոծմինդայի շրջանային մշակույթի ծառայության պետ: 1996 թվականից Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միավորման նախագահն ու համանուն գրքի խմբագիրն է: Զբաղվում է լրագրողական ու թարգմանչական աշխատանքով: Բանաստեղծական երկու ժողովածուների հեղինակ է: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ինչպես յուրաքանչյուր անհատի, այնպես էլ ինձ համար ամենադժվարը եղել է ինքնահաստատվելը, կայանալը` և´ նյութական, և´ հոգևոր տեսանկյունից: Մանուկ հասակում ամեն կերպ փորձել եմ իմանալ ինձ հուզող հարցերի պատասխանները, պատանեկան տարիներին ձգտել եմ հասնել իմ առջև դրված նպատակներին և ամբողջ կյանքում ցանկացել եմ չկորցնել այն ուղին, որով կարող եմ ուղիղ ընթանալ: Կարծում եմ, որ սեփական եսի հաստատումը ամենաբարդ գործընթացն է կյանքում: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ: - Բոլոր ազգերն ու կրոններն էլ հարգում, բոլոր ժողովուրդներին էլ գնահատում եմ, այդուհանդերձ կուզենայի լինել միայն և միայն հայ: Եթե մարդը ծնվել է որպես տվյալ ազգի ներկայացուցիչ, ուրեմն ի վերուստ է այդպես տրված: Մենք` հայերս, մեր պատմությամբ, քաղաքակրթությամբ, անցյալով միշտ առաջ նայող ժողովուրդ ենք եղել: Այսօր, չգիտես ինչու` դարձել ենք հետ նայող, սկսել ենք պարծենալ մեր անցած պատմությամբ ու ձեռքբերումներով, այնինչ աշխարհին պետք է ներկայանանք մեր այսօրվա մշակույթով, հոգևոր արժեքներով, մտավոր ներուժով: Մեր անցած ուղին գնահատելով` պետք է մտածենք այսօրվա ու վաղվա օրվա մասին: - Ի՞նչն Է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ինքնին առեղծված է` երբ ամեն առավոտ արթնանում ու նոր բան ես սովորում, երբ քո մեջ նոր մտահղացում է ծագում ու փորձում ես այն իրականացնել: Կյանքն ինքն առեղծված է: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - Իմ հայրենի գյուղում մենք օդա ունեինք: Հայաստանից ու Վրաստանից միշտ ազգագրագետներ էին գալիս, ուսումնասիրում մշակութային արժեք ներկայացնող մեր օդան: Հերթական անգամ, երբ չափագրման նպատակով մեր տուն եկած երկու երկրների պատվիրակները հանդիպեցին իրար, ապուպապս զայրացավ. - Գնացեք,- ասաց,- էս ոչ հայերինն է, ոչ էլ վրացիներինը, էսիկ մեր Էրզրումի օդան Է: Այս պատմության մեջ իրոք զավեշտ կա, քանի որ մեր օդան և´ հայկական էր, և վրացական: Զավեշտալի է նաև իմ ծննդյան վկայական ստանալու պատմությունը: Բոլոր փաստաթղթերում ծննդյանս տարեթիվը նշված է 1951 թ. հունվարի 5, այնինչ ծնվել եմ 1950-ի նոյեմբերի 7-ին: Տատս ծնողներիս չի թողել ծննդյան վկայականը շուտ ստանալ, պատճառաբանելով, որ մեկ տարի ուշ կգնամ բանակ: Երբ տարեփոխից հետո տատս գնացել է և ծննդյան վկայականների բաժնի աշխատողին ասել, որ երկու օր առաջ թոռ է ունեցել, վերջինս պատասխանել է. - Այ մորքուր ջան, ես երկու ամիս է` սպասում եմ, որ դու գաս, ծննդյան վկայական ստանաս, դու ասում ես երկու օր առաջ եմ թոռ ունեցել: - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: - Իմ մանկության հուշերը մշտապես կապված են եղել ծննդավայրիս, մեր տան ու հատկապես ապուպապիս հետ: Ապուպապս մի կերպար է, որ կերտել է իմ ամբողջ էությունը: Նրան հիշում եմ սպիտակ շապիկով, նստած թախտին, ու միշտ ասում էր. - Ափսոս տղաս, որ փոքր ես, գրել-կարդալ չգիտես, եթե իմանայիր, ես կպատմեի, ու դու կգրեիր Անդրանիկի մասին: Պապիս այս խոսքերը դաջվել են իմ հիշողության մեջ, միշտ մտածում եմ` տեսնես ի՞նչ էր պատմելու, որ այդպես էլ չպատմեց: Երբ նայում եմ իմ հուշերի հեռուն, տեսնում եմ մեր անդնդախոր ձորը, որն իրականում այնքան էլ մեծ չէ, իսկ իմ հուշերում այնքան խորն է, այնքան սահմռկեցուցիչ...

Սիրանուշ ՊՈԴՈՍՅԱՆ