1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Հայտնի է դարձել այն բոլորովին «անմեղ» սննդատեսակի անունը, որը նույնպես վտանգավոր կարելի է համարել առողջության համար: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները որոշել ու պատահական սուպերմարկետներից շուկայում առկա սուրճի ողջ տեսականուց մեկական տուփ գնել են: Ավելի ուշ էլ լաբորատոր փորձաքննությունը հաստատել է, որ տուփերի պարունակությունը, բառի ամենավատ իմաստով, սպասվածից բավական հարուստ է եղել: Բացի սուրճից, հայտնաբերվել է գարի, ցորեն, կաղին (առայժմ միայն այսքանն է նշվում): Սուրճը հաճելի, բայց էժան վայելք չէ: Այս սննդատեսակի շուկան վերջին շրջանում նույնպես անմնացորդ անձնատուր է եղել գնաճային տարերքին, ու ներկայումս դրա կիլոգրամի արժեքը 2.200 դրամից է սկսվում: Ներկրող¬փաթեթավորողները մինչև հիմա սպառողներին հավաստացնում էին (բայց ինչպես պարզվեց` խաբում էին), թե միջազգային շուկաներում սուրճը պարբերաբար թանկանում է, ու գները հակառակ իրենց կամքի են բարձրանում: Բայց ստացվում է, որ ոչ մի միջազգային շուկա էլ նշված սննդային աղբի հետ առնչություն չունի... Միգուցե աշխարհի բորսաներն իսկապես թանկացումներ են արձանագրել, բայց դա հաստատ կապ չունի ո´չ ցորենի, ո´չ գարու, ոչ էլ առավել ևս վայրի կաղինի գնի հետ: Տասնյակ ընկերություններ, որոնց արտադրած սրճանման զանգվածի տուփերի վրա կարելի է հայտնաբերել «բարձրորակ», «100 տոկոսանոց» արտահայտությունները, հավատացնում էին, թե իրենք միմիայն մաքուր սուրճ են սպառողին առաջարկում: Խայտառակության բացահայտումից հետո (մանավանդ` երբ դրա նախաձեռնողը դանդաղկոտ ՏՄՊՊՀ¬ն է) նշված ընկերությունները մի քանի միլիոն դրամով կտուգանվեն: Սովորաբար այսպես է «փոխհատուցվում» մարդկանց պատճառված վնասը: Տուժած գնորդն այդ տուգանք կոչվածից չի վերականգնում կորցրած գումարը. ոչ էլ խաբված լինելու վիրավորանքն է մեղմվում: Ավելին, երաշխիք չկա, որ ասուհետև էլ իրեն չեն խաբելու` սննդամթերքի փոխարեն աղբ վաճառելով: Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ տուգանքը հավանական է, որ մեծացնի նման ընկերությունների արտադրանք կոչվածում առկա կողմնակի խառնուրդների բաղադրությունը: Չէ՞ որ բացահայտված իրենց ստորության համար վճարած տուգանքի գումարը ևս խաբեբա ընկերությունները հենց տուժած սպառողի գրպանի հաշվին պետք է «ետ բերեն»: Այսինքն, չկա երաշխիք, որ բացահայտումն օգնելու է` գոնե հետայսու անորակ արտադրանքը բացառել: Սրանց նմանների արդարացի պատիժը «աղբամշակ» իրենց ընկերությունների գործունեության կասեցումը և արտադրությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կլինի: Թե չէ անորակ սուրճը առողջության համար վտանգավոր դարձած ոչ առաջին, ոչ էլ վերջին սննդատեսակն է: Նման տունգանքների այլևայլ արտադրություններով զբաղվող շատ ու շատ ընկերություններ են մինչև հիմա ենթարկվել, սակայն դրանից հետո նույնպես նրանք ոչ բարեխիղճ են դարձել, ոչ էլ արտադրանքի որակն է փոխվել: Ընդհակառակը, որակազրկ մանը զուգընթաց միայն գներն են անշեղ վերաճ արձանագրել: