Ահաբեկիչը մտագար է


Նորվեգացի չարագործի մայրը` Վենչ Բերինգը, հոգեբույժներին խոստովանել է, որ որդու մտագարության (շիզոֆրենիա) նոպաները սկսվել են դեռևս 5 տարի առաջ: Վենչի ցուցմունքները ներառվել են փորձագետների 230 էջանոց հաշվետվության մեջ, որով Անդերս Բրեյվիկն անմեղսունակ է ճանաչվել` Օսլոյում կրկնակի ահաբեկչություն կատարելու պահին: Տղայի վարքագծում մայրը տարօրինակություններ է նկատել 2006 թ., երբ իր բնակարանից նա տեղափոխվել է հայրական տուն: - Անդերսը սկսեց իրեն տարօրինակ պահել. ինձ թվում էր, թե նա խելագար է. բոլորովին ուրիշ մարդ էր դարձել: Որդիս չափից ավելի տարվել էր քաղաքականությամբ ու պատմությունով: Երբեմն ընդհանրապես անմիտ բաներ էր ասում ու պնդում իր ասածը: 2011¬ի ապրիլին նրանց տան մթնոլորտն է´լ ավելի լարվեց: Ապագա ահաբեկիչը մոր ներկայությամբ սկսել է բժշկական դիմակ կրել, հաճախ հրաժարվել է նրա պատրաստած ուտելիքներից և նրան մեղադրել է, թե ճաշը թունավորված է: Անդերսը նույնիսկ ընտանեկան բժշկին է դիմել, սակայն խորհրդատվությունների չի գնացել: Ինքը` զանգվածային մարդասպանը, հոգեբույժներին ասել է, թե հուսով է, որ դատարանում մորը չի տեսնի. - Նա միակն է, ով կարող է զգացմունքային պոռթկում առաջացնել իմ մեջ: Նա իմ «աքիլլեսյան գարշապարն» է: Իր ախտորոշումը նա լսել է շատ հանգիստ, ասելով`«սպասում էի այդպիսի արդյունքի», և շարունակում է ընդունել մեղքը: Բրեյվիկին հարկադիր բուժման ուղարկելու իրենց պնդումը հոգեբույժները հիմնավորում են հետևյալ կերպ. - Ամենայն հավանականությամբ նա կփորձի ևս մեկ ահաբեկչություն իրականացնել` եթե երբևէ ազատ արձակվի: Նույնիսկ հնարավոր է, որ այդ անգամ նա մահապարտ կդառնա: