ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ` ՈՉՆՉԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ


Հայտնի է, որ խորհրդային տարիներին մշակութային բազում շինություններ կառուցվեցին Հայաստանում, ստեղծվեցին բազմաթիվ մշակույթի պալատներ և տներ, թանգարան ներ, գրադարաններ, թատրոններ և այլն: Առաջին հնգամյակների կարևորագույն նվաճումներից մեկն էլ Գյումրու երկաթուղայինների մշակույթի պալատի շենքն էր` կառուցված խորհրդային կոնստրուկտիվիզմի լավագույն ավանդույթներով և ինքնատիպ անսամբլ էր ձևավորում Լենինական-Գյումրիի նույնաոճ մյուս շենքերի հետ: 1988-ի երկրաշարժի հետևանքով այդ շենքերից մի քանիսը հողին հավասարվեցին, մի քանիսն էլ քանդվեցին` շուտափույթ որոշումներով ճանաչվելով շահագործման համար ոչ պիտանի: Ե. Սևյանի անվան մշակույթի պալատի շենքն այն եզակի կառույցներից էր, որը շատ քիչ էր վնասվել և որը կարելի էր անմիջապես վերականգնել, եթե լինեին հոգատար և ուշադիր մարդիկ: Այս շինությունը ճարտարապետամշակութային կարևոր արժեք է ոչ միայն իր ոճական բացառիկությամբ, այլև նշանակությամբ, ներքին հարդարմամբ, դահլիճի մեծությամբ և հարմարավետությամբ, ճեմասրահում Ֆերդինանդ Մանուկյանի ստեղծած խճանկարով, որը գեղանկարչական ինքնատիպ արժեք է: Դեռևս 1989-ին մշակույթի պալատի վերանորոգումը հանձնարարվել էր այն տարիներին Անդրերկաթուղու հայկական բաժանմունքի պետ Համբարձում Ղանդիլյանին, ով էլ հրապարակավ խոստացել էր անհապաղ լուծել շենքի վերանորոգման և շահագործման հարցը: Մշակույթի պալատի վերանորոգման համար խոստացվել են գումարներ, արվել են մի շարք առաջարկություններ… Անցած տարիներին, սակայն, անփութության և անտերունչության հետևանքով` շենքը թալանվեց, վերածվեց աղբանոցի` վտանգելով նաև խճանկարի գոյությունը: Բարեբախտաբար, գտնվեցին մարդիկ, ովքեր շենքի արդեն թալանված դռների ու պատուհանների փոխարեն` պատ շարեցին, իսկ Ֆերդինանդ Մանուկյանի աշխատանքն էլ առան քարե սարկոֆագի մեջ` գոնե այսպես փրկելու համար: Չնայած բացառված չէ, որ անձրևներից ու ցրտից շուտով արվեստի այս ստեղծագործությունն էլ փչանա: Իհարկե, եթե ժամանակին հետաքրքրվեին այս շենքով, ապա հնարավոր կլիներ շատ քիչ միջոցների ներդրմամբ` այն հիմնանորոգել: Իսկ այսօր արդեն ահռելի ֆինանսական միջոցներ են հարկավոր, մոտավոր հաշվարկներով` մոտ 3 միլիոն դոլարին համարժեք դրամ: Դա շատ ավելի քիչ է, քան Գյումրիում կառուցված մի քանի ռեստորանների արժեքը, սակայն այստեղ և´ պետական, և´ հանրային հոգածությունն է պակասում: Կարելի էր ահռելի թաղամասի միակ մշակութային օջախը վերականգնել բարեգործների, «Հայաստան» հիմնադրամի միջոցներով: Սակայն երկու տասնամյակից ավելի` ոչ ոք չի ուզում հիշել այս շինության մասին, ոչ ոք չի ուզում քաղաքաշինական ծրագրերի մեջ ներառել այն: Շենքը շատ երկար ժամանակ հանդիսացել է «Հայկական երկաթուղիներ» ձեռնարկության սեփականությունը, իսկ հետո արդեն դարձել է մարզային սեփականություն: Ուրեմն, կարելի է ասել, որ գրեթե անտեր վիճակում է, որովհետև մարզային բյուջեն հատկացվում է պետության կողմից` գրեթե հոդվածներ չսահմանելով շինարարական աշխատանքների համար, իսկ քաղաքն էլ չի կամենում իր սեփականություն ների ցանկի մեջ ընդգրկել մշակույթի պալատը` պատասխանատվություն չկրելու համար… Մինչդեռ Գյումրին 2011-ին ճանաչվեց հանրապետության լավագույն մշակութային քաղաք: Այսօր այս շինության վերականգնումը հրամայական է, որովհետև այն ոչ միայն կարող է ծառայել որպես թաղամասի երիտասարդության մշակույթի և հանգստի կենտրոն, այլև այստեղ կարող են տեղակայվել ցուցասրահներ, թանգարան… Շենքի տարածքը հնարավորություն է տալիս կազմակերպելու տարբեր գեղարվեստական դասընթացներ, ունենալ նաև կինոդահլիճ… Շիրակի մարզպետարանում հավաստիացնում են, որ երբ երկրի վիճակը բարելավվի, այն ժամանակ էլ կզբաղվեն այս շինության հարցերով: Իսկ դա նշանակում է, որ շատ շուտով այդ շինության տեղում ավերակ կգոյանա:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ