Հյուրասրահ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՄ ԻՄ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՑ


Ժամանակակից հայ դերասանական արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներից մեկն է Հասմիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ով վերջերս է արժանացել ՀՀ վաստակավոր արտիստուհու կոչման: Նա աշխատում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոններում: - Դու այն երջանիկներից ես, ովքեր աշակերտել են մեր մեծագույն բեմադրիչ Վարդան Աճեմյանին: Ավարտել ես Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Դերասան դառնալու վճիռն անբեկանելի՞ էր քո կյանքում: - Իհարկե: Ես ծնվել ու մեծացել եմ Մայկոպում, չնայած արմատներով հայաստանցի եմ, անգամ կարող եմ հպարտանալ, որ սերում եմ շատ հարուստ զարմից: Որոշել էի` ուրեմն պիտի դառնայի: Եկա Երևան, գրեթե հայերեն չգիտեի: Նեղվում էի, կարծես ամաչում, բայց այնքան մեծ էր ցանկությունս, որ հայերեն չիմանալով` դիմեցի Թատերական ինստիտուտ: Վարդան Աճեմյանի կինը` Արուս Ասրյանը, մեր հեռավոր բարեկամուհին էր, բայց ես նրան չդիմեցի: Առհասարակ որևէ դուռ չբախեցի: Ընդունվեցի: Լավն էր մեր կուրսը, տաղանդավոր տղաներ ու աղջիկներ էին հավաքվել. Հարություն Մովսիսյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Աշոտ Ղազարյան, Ալիս Կապլանջյան, Կարինե Սուքիասյան, Բագրատ Գրիգորյան, Ռոբերտ Հարությունյան… Վարդան Աճեմյանի դասերը շատ զարմանալի էին, հետաքրքիր: Նա դասախոսություններ չէր կարդում, շատ երկար չէր խոսում տեսությունից, բայց այնպես էր դասավանդում, որ մենք ամեն ինչի մասին գիտեինք, ամեն ինչ մեզ հասանելի էր… Հենց ինստիտուտում էլ սովորեցի հայերեն… - Բուհն ավարտելուց հետո դու ընտրեցիր Վանաձորի թատրոնը: Ինչո՞ւ հատկապես Վանաձոր: - Ավարտելուց հետո ես առաջարկություն ստացա աշխատելու Ստանիսլավսկու անվան թատրոնում: Բայց ես ուզում էի անպայման հայ թատրոնի դերասանուհի լինել: Վահե Շահվերդյանը նոր էր նշանակվել Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նա ինձ առաջարկեց մեկնել Կիրովական: Գնացի: Երևանից հետո դժվար էր համակերպվել Վանաձորի հետ. փոքրիկ քաղաք, անհարմար բնակարանային պայմաններ, թատրոնի այրված շենք… Սկզբում հիասթափությունս մեծ էր, սակայն սիրեցի թատրոնի մարդկանց, նրանք էլ իմ հանդեպ շատ բարյացկամ էին… Մնացի թատրոնում: Երկու տարի մենք դժվարությունների և տառապանքների միջով անցանք: Խաղացինք հանրապետության գրեթե բոլոր գյուղերում ու քաղաքներում, հանդես եկանք Ղարաբաղում: Երևի այդ դժվարությունները պետք էին ինձ` առավել խորը սիրելու համար թատրոնն ընդհանրապես, Վանաձորի թատրոնը` մասնավորապես: Ծանր օրեր եմ ապրել, երբեմն աշխատավարձս չի բավականացրել ամենաանհրաժեշտ գնումների համար, սակայն այնքան մեծ է եղել թատրոնի հանդեպ սերը, որ մնացել եմ: Կարող էի նաև Ռուսաստան գնալ, աշխատել մեծ քաղաքների թատրոններում, բայց… Երևի ճիշտ են ասում, որ ամեն մարդ կյանքում իր խաչն է տանում: Ես իմ խաչն եմ տարել, որն ինքս եմ ընտրել: - Վանաձորի թատրոնում խաղում էիր ուժեղ բնավորության տեր կանանց դերեր. քո գրեթե բոլոր հերոսուհիները կռիվ ու պայքար ունեին: Արդյո՞ք այդ կերպարներում ինքնակենսագրականություն չկար... - Հասկացա հարցի իմաստը… Ինքնակենսագրականություն` ոչ, բայց ես սիրում եմ ուժեղ կանանց, սեփական բնավորություն ունեցող անձանց: Ինքս էլ միշտ անհաշտ կռիվ եմ մղել կնոջ ինքնության հաստատման համար: Կինն աշխարհի ամենաառեղծվածային արարածն է` ուժեղ, կամային, դիմադրող, թույլ, անպաշտպան, քնքուշ, վայրի… Պատահական չէ, որ Շեքսպիրի մոտ ամենապարադոքսալ կերպարները կանայք են: Ինչ էլ խաղացել եմ կամ խաղում եմ` ձգտում եմ հասկանալ կնոջը, ընկալել նրան: Ուզում եմ կնոջն ուժեղ պատկերել, միշտ պայքարի մեջ: Երբ պատկերում ես թույլ կնոջ` նա խղճահարություն է առաջացնում, իսկ ես ուզում եմ, որ իմ հերոսուհիների մեջ տեսնեն ուժը ու պատկառանք տածեն նրանց հանդեպ: Ես էլ եմ կյանքում այդպիսին: Երբեք ցույց չեմ տալիս իմ թուլությունները, երբեք չեմ կքվում դժվարությունների տակ, իսկ դժվարություններն անպակաս են: Երևանում չունեմ բնակարան, ապրում եմ վարձով, աշխատավարձս չի բավականացնում անգամ բնակարանի վարձ վճարելու համար: Աղջիկս հեռու է… Բայց ապրում եմ այնպես, որ ոչ ոք չտեսնի իմ թուլությունը… - 1996-ից աշխատելով Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, դու այս տարի վերադարձար նորից Աբելյանի անվան թատրոն: Ինչո՞ւ: - Ես Սունդուկյանի անվան թատրոնը չեմ թողել: Խաղում եմ իմ դերերը, իսկ դրանք քիչ չեն, կարելի է ասել, որ խաղացանկի մի զգալի մասում զբաղված եմ: Ինձ հրավիրողը դարձյալ Վահե Շահվերդյանն էր, առաջարկեց հանդես գալ նաև իմ շատ սիրելի Վանաձորի թատրոնում: Չմերժեցի: Վերադարձել եմ իմ ակունքներին: Ես այս քաղաքում բնակարան ունեմ, մի քիչ վերանորոգեցի, դարձա նորից աբելյանցի` այժմ արդեն իմ ստեղծագործական կյանքը բաժանելով երկու թատրոնների միջև: Հիմա Վանաձորում շատ հետաքրքիր դեր եմ փորձում` Աղասի Այվազյանի «Առլեզ» պիեսի հերոսուհու դերը: Բարդ կերպար է, միայնակ կնոջ ճակատագիրն է: Նա կարողանում է շան միջոցով վերագտնել իրեն, իր երջանկությունը… Մենակության թեման մեր գրականության մեջ շատ չի շոշափվել, սակայն կան պիեսներ, որոնք հենց այդ թեմային են նվիրված: Աղասի Այվազյանի ստեղծագործությունը շատ մարդկային է, հուզիչ, մեծ ցավ ու անհանգստություն կա այստեղ… - Մենակ մարդիկ շատ են մեր կողքին: Հատկապես այսօր մենակության թեման դարձել է շատ արդիական: Հազարավոր մարդիկ ապրում են այդ մենության մեջ` կորցրած կապը ժամանակի և իրականության հետ: Մեր ժամանակի մեծագույն հոգեբանական խնդիրներից մեկն էլ մենակությունն է... - Հենց դա էլ ինձ ստիպել է խորանալ կերպարի մեջ, ինչպես ասում են` գտնել կերպարի և իրականության շոշափուկները, մի կնոջ միջոցով պատկերել շատերին… Ես էլ եմ զգացել մենակության ցավը, ես էլ եմ երբեմն կամեցել ապրել միանգամայն այլ պատկերացումներով, կողքիս զգալ սիրելի մարդկանց ներկայությունը, վայելել երջանկությունն այնպես, ինչպես ինքս եմ պատկերացնում ու ցանկանում… Բայց ցանկությունների և իրականության միջև անտեսանելի սահմաններ կան գծված… Ցավալի է, որ մենակության խնդիրը շատ ավելի առկա է կանանց մոտ: Այստեղ էլ կինը հայտնվում է դժվար կացության մեջ, այստեղ էլ կինն է դառնում հոգեբանական գրոհի թիրախը: - Դու ունես մի աղջիկ, ում, գիտեմ, որ շատ ես սիրում: Նրա ներկայությունն արդեն իսկ պատնեշ չէ՞ մենակությանը: - Իմ աղջիկն իմ երջանկությունն է, իմ կյանքը, իմ ամեն ինչը: Ես չեմ էլ պատկերացնում իմ կյանքն առանց նրա: Ճիշտ է, նա հիմա իմ կողքին չէ, բայց անընդհատ նրա հետ եմ, մտովի զրուցում եմ, կիսվում… Արդեն իսկ նրա գոյությունը ինձ կտրում է մենակությունից: Բայց ես խոսում եմ առհասարակ մենակության զգացման մասին: Դա մի քիչ այլ է, ուրիշ է: Հանրության մեջ էլ մարդը կարող է մենակ լինել, կարող է մենությունը համարել իր համար շրջանակ… - Գիտեմ, որ շատ ես սիրում կարդալ, ծանոթ ես ողջ համաշխարհային գրականությանը: Արդյո՞ք այսօր գրականությունը հետ չի մնում կյանքից: - Իսկ ո՞վ ասաց, թե գրականությունն ու կյանքը միշտ պետք է թևանցուկ լինեն… Գրականության ուսումնասիրման նյութը մարդն է` բոլոր ժամանակների մարդը: Գրականությունը վավերագրություն չէ, փաստագրություն չէ: Այն կյանքի գեղարվեստական մանրակերտն է: Այդպիսին է նաև թատրոնը: Շատ հաճախ ոմանք ասում են, թե թատրոնը հետ է մնում կյանքից: Դա ճիշտ չէ: Թատրոնը հետ կմնար, եթե հանդիսատեսի հետ խոսեր հնացած արտահայտչամիջոցներով, եթե նորացման շունչը չբերեր: Իսկ մեր թատրոնն այսօր իսկապես նորանում է, դառնում հետաքրքիր: Պարզապես պետք է գրականություն կարդալ և թատրոն հաճախել… - Շատերն են այսօր քննադատում սերիալները, իսկ դու նկարահանվում ես սերիալում... - Ես նաև նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմերում: Այո, հիմա նկարահանվում եմ «Անուրջներ» սերիալում, դրանից առաջ էլ եմ նկարահանվել: Ես սերիալում կատարում եմ իմ պրոֆեսիոնալ աշխատանքը, տարբերություն չեմ դնում ֆիլմի, ներկայացման և սերիալի միջև: Պարզապես պետք է անել այնպես, որ չափանիշները փոխվեն, որ սերիալային կինոն էլ դառնա շատ պրոֆեսիոնալ: Պետք է պայքարել էժանագին երևույթների, գռեհկաբանության և սիրողականության դեմ: Չնայած համոզված եմ, որ դա էլ ժամանակի խնդիր է: Ամեն ինչ կպարզվի, կզուլալվի: - Սիրելի Հասմիկ, թույլ տուր շնորհակալություն հայտնել մեր զրույցի համար: Ի՞նչ կմաղթեիր մեր ընթերցողին: - «Ավանգարդը» լավ թերթ է, իր դիմագիծն ունեցող թերթ: Ուրեմն կմաղթեմ, որ ընթերցողները նաև այս թերթից սովորեն պրոֆեսիոնալիզմ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ