ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ


Ձեռք բերած կամային որակների, փոփոխությունների կարևորությունը եթե ծառայության ընթացքում որոշ վերապահումներով, ապա զորացրվելուց հետո ողջ խորությամբ է գիտակցվում: Ի՞նչ է տալիս ծառայությունը: Հետադարձ հայացք ձգելով` ինչպե՞ս են այն գնահատում իրենց պարտքն արդեն կատարած մեր քաղաքացիները: Ի՞նչ դժվարություններ են հաղթահարել և ինչպե՞ս: Գևորգ ԽԱՉԱՏՐՅԱՆ. 2008 թ. զորացրված - Քանի որ հայրս ԶՈւ սպա է, զինվորական ճշտապահությունը, կարգուկանոնը, խստապահանջությունը, ինչու չէ նաև համազգեստը ինձ համար օտար չէին: Դրանով պայմանավորված` ավելի հեշտ եմ հարմարվել ծառայությանը: Ծառայել եմ ՀՕՊ զորքերում, եղել եմ կրտսեր սերժանտ: Հատկապես կցանկանայի խոսել մեր զորամասի մթնոլորտի մասին: Քանի որ համեմատաբար փոքր զորամաս էր, փոխհարաբերություններն ավելի ջերմ էին, մի ընտանիքի անդամների նման էինք: Ունեցել ենք սպաներ, որոնց աջակցությունը միշտ զգացել ենք. նրանք խորհրդատու և ընկեր են եղել մեզ համար: Տիգրան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. 2009 թ. զորացրված - Ծառայության սկզբնական շրջանում, հատկապես առաջին շաբաթվա ընթացքում բազմաթիվ դժվարությունների ես բախվում, քանի որ նոր միջավայրում ես. կարծես ուրիշ աշխարհում ես հայտնվում: Սակայն աստիճանաբար հարմարվում ես: Պետք է ասեմ, որ սկզբնական շրջանում նորակոչիկներին ճնշելու փորձեր լինում են, սակայն ընթացքում ամեն ինչ հարթվում է: Ծառայության ամենալավ հատվածը վերջին ամիսն է, երբ անհամբեր սպասում ես զորացրվելուն: Նարեկ ՄՈՒՍԻՆՅԱՆ. 2006 թ. զորացրված - Ծառայությունն առաջին հերթին տալիս է մարդկանց ճանաչելու ունակություն: Ամեն օր շփվում ես ամենատարբեր բնավորության ու բարքերի տեր, տարբեր դաստիարակութ յուն ստացած քո հասակակիցների հետ, սկսում ես ճանաչել նրանց և այնպես ես կառուցում հարաբերություններդ, որ խոչընդոտներ չառաջանան: Այստեղ է, որ գիտակցաբար սկսում ես հարգել վերադասիդ: Սպաների տված դասերն ու խորհուրդներն են ամրապնդում հայրենիքի պաշտպանության անհրաժեշտության գիտակցումը: Այստեղ ես ընկալում, որ ուր էլ գնաս` պետք է բարձր պահես հայրենիքի անունը: Դժվար օրեր ու պահեր ապրել եմ: Եղել են իրավիճակներ, երբ չեմ հասկացել սպային, մտովի մեղադրել եմ, ավելի ճիշտ եմ համարել իմ դիրքորոշումը, սակայն, հետագայում վերլուծելով, հասկացել եմ ամեն ինչ: Միշտ ջերմությամբ եմ հիշում մեր զորամասի հրամանատար Թեմուր Շահնազարյանին: Նա իր մարդկային նկարագրով իսկական սպայի օրինակ էր բոլորիս համար: Մեզանից ոչ մեկը չէր կասկածում, որ նա նույնիսկ կյանքը կզոհեր հանուն զինվորի և դա փոխադարձ էր: Ուրախ եմ, որ ծառայել եմ Հայոց բանակում: Այսօր հպարտությամբ եմ խոսում այդ մասին: Անդրանիկ ԽԱՆԱՂՅԱՆ, 2009 թ. զորացրված - Ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք ունեմ բանակի և ծառայության նկատմամբ: Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ հեշտ ու սահուն է: Դժվար օրեր ևս լինում են, և դա ծառայության բնական ընթացքն է: Այդ դժվարություններն են կոփում և դարձնում ավելի հասուն: Ամենադժվարը ծառայության սկիզբն է` հարմարվելու շրջանը, քանի որ անծանոթ միջավայրում ես: Սակայն նույնիսկ այդ ընթացքում լուրջ դժվարությունների ու խոչընդոտների ես չեմ բախվել: Կուզենայի ավելացնել, որ այն ամենը, ինչ չէի ընկալել քաղաքացիական կյանքում, հասկացա ու գիտակցեցի 2 տարիների ընթացքում: Ծառայել եմ առողջ մթնոլորտում: Ունեցել ենք խստապահանջ, միևնույն ժամանակ` զինվորի նկատմամբ հոգատար սպաներ: Արժանացել եմ տարբեր խրախուսանքների: Միշտ հպարտությամբ եմ հիշում, որ ծառայել եմ: Արմեն ՉՈԲԱՆՅԱՆ, 2008 թ. զորացրված - Հենց բանակում է, որ երիտասարդը կոփվածություն է ձեռք բերում, քանի որ հաղթահարում է բազմաթիվ մեծ ու փոքր դժվարություններ: Յուրաքանչյուր զինվոր պետք է կարողանա դրանք պատվով հաղթահարել, քանի որ հայրենիքն ու հարազատներին պաշտպանելուց զատ, նա առաջին հերթին ծառայում է իր համար: Սպա¬զինվոր փոխհարաբերութ յունները կառուցված էին ճիշտ հիմքի վրա: Փոխադարձ վստահության ու հարգանքի անհրաժեշտությունը մեծ է, քանի որ դրանով է պայմանավորված զորամասում տիրող մթնոլորտը: Իսկ այդ մթնոլորտից շատ բան է կախված: Աստված մի´ արասցե, եթե պատերազմական իրավիճակ լինի` որքան համերաշխ ու ընկերական լինեն զինվորները և հրամանատարները, այնքան ուժեղ ու համախմբված կլինենք: Իսկ ներքին թերությունները ոչ միայն թուլացնում են, այլև նկատվում են հակառակորդի կողմից:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ