ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է


ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը նոր քաղաքական տանիք է որոնում: Նա որոշել է մեծամասնական ընտրակարգով ընդհանրապես չառաջադրվել, քանի որ ամենամանրազնին հաշվարկներն անգամ ի վնաս նրա են ստացվել. չի գտնվել որևէ ընտրատարածք, որտեղ առաջադրվելու դեպքում նախկին պաշտոնյայի հաղթանակի գոնե 50 տոկոսանոց հավանականություն երաշխավորվի: Նոր քաղաքական տանիքի որոնումներում, սակայն, Տ. Թորոսյանը բավական բծախնդիր է. նա ձգտում է երկու երանի մեկտեղված տեսնել: Այսինքն և´ իր անունը տվյալ կուսակցության ցուցակի անցողիկ հորիզոնականներից մեկում լինի, և´ այնպիսի քաղուժի հետ ինտեգրվի, որը ԱԺ անցնելու շատ մեծ շանսեր ունի: Չի բացառվում նաև, որ առաջիկա մայիսից ԱԺ նախկին նախագահն իր համար նոր աշխատանք որոնի, քանի որ բոլորը նրան Ռ. Քոչարյանի թիմի անդամ են համարում և ցանկություն չունեն Տ. Թորոսյանի հետ ճանապարհ անցնել: