Երբ գործընթացն ավելի կարևոր է արդյունքից


Դեռ նախորդ յոթնօրյակի վերջում արդեն հայտնի էր, որ ՀՀԿ-ում քննարկվել է խորհրդարանի նախագահի նոր թեկնածուի հարցը և միաձայն որոշվել է թափուր պաշտոնում առաջադրել խոսնակի պաշտոնակատար Սամվել Նիկոյանի, փոխնախագահի պաշտոնում` ՀՀԿ պատգամավորական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: Իսկ Գագիկ Մելիքյանը կզբաղեցնի խմբակցության քարտուղարի պաշտոնը: Ասել է թե` խորհրդարանի ղեկավարի թեկնածության առաջադրումն արդեն անակնկալ չէր: Սակայն «Ժառանգության» կողմից այդ պաշտոնի համար խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի թեկնածության առաջադրումը վերականգնեց հետաքրքրությունը: Խորհրդարանի նախագահի պաշտոնի համար քաղաքական մեծամասնությունից բացի նաև այլընտրանքային թեկնածուի առկայությունը միշտ էլ ինտրիգային պահ է պարունակել: Բարեբախտաբար` այս անգամ թեկնածուների ելույթները հանդարտ, նույնիսկ բարեկամական մթնոլորտում անցան: Ե´վ «Ժառանգությունը», և´ նրա առաջադրած թեկնածուն գիտակցում էին, որ խորհրդարանի մեծամասնությունը նախապատվությունը տալու է ՀՀԿ թեկնածուին, և Լարիսա Ալավերդյանի խոսքում էլ իր թեկնածության նախընտրելիությունը հիմնավորելու ճիգերը բացակայում էին: Փոխարենը նա փորձեց ապացուցել իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների` մեզանում նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտության հրամայականը: - Ընդդիմությունն ու իշխանությունը թշնամիներ չեն,- ասաց նա` համեմատության զուգահեռներ անցկացնելով ընդդիմության քաղաքական պայքարի անհրաժեշտության և Արցախում ազատագրական պայքարի մեր հաղթանակների միջև: - Այն ժամանակ էլ կային մարդիկ, որ մեզ ասում էին` իսկ գիտե՞ք, որ դեմ եք գնում հզոր ԽՍՀՄ-ին ու մեզանից մարդկային և տնտեսական մեծ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանին: Վստահեցնելով, որ դրանք ինքն ընտրվելու պարագայում հավուր պատշաճի կկատարի, Սամվել Նիկոյանը նաև ապացուցեց, որ իր նախորդից ավելի լավ է հասկանում լրատվության դերը. նա խոստացավ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մուտքը խորհրդարան թույլատրել յուրաքանչյուր աշխատանքային օր: Ընդմիջմանը «Ավանգարդը» ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածությունների առաջադրումների մասին զրուցեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆԻ, ԲՀԿ-ից Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ և ՀՀԿ-ից Համլետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ: Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. - ԱԺ նախագահի պաշտոնի համար թեկնածու առաջադրելիս մի՞թե ձեզ հայտնի չէր արդյունքը: - Երբեմն գործընթացը շատ ավելի կարևոր է, քան արդյունքը: «Ժառանգությունն» իր գործելակերպին և սկզբունքներին հավատարիմ` պետք է այլընտրանք ներկայացներ: Այլ հարց է` այդ այլընտրանքն ընդունվում, թե՞ չի ընդունվում: Երկրորդը` ես կարծում եմ, որ «ժառանգությունն» իր թեկնածությամբ հստակ ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի ԱԺ նախագահը, ինչ պետք է անի և որ ավելի կարևոր է` ինչ չպետք է անի: Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. - Ի՞նչ կարծիքի եք «Ժառանգության» այլընտրանքային թեկնածուի, նրա ելույթի վերաբերյալ: - Բացարձակապես լավ կարծիք ունեմ: Լարիսա Ալավերդյանի ցանկացած բարձրաձայնում կամ ելույթ ու մոտեցում միշտ գտնվել է մարդկության կողմից ընդունված արժեքային համակարգի դաշտում: Մի պահ կա, որ մեր հասարակությունը դեռևս ամբողջական չի կարողանում ընկալել, չի ընդունում այն մոտեցումները, որոնք ներկայացնում է Լարիսա Ալավերդյանը: Բայց դրա պատճառն այդ մոտեցումների մերժելի լինելը չէ, այլ այն, որ մենք դրանք հասկանալ-ընդունելու համար անհրաժեշտ գիտակցության դեռևս չենք հասել: Իսկ քաղաքական պայքարի առումով «Ժառանգությունը» ճիշտ է անում, որ մասնակցում է այս գործընթացին, որպեսզի ավելի լսելի լինի հասարակությանը: Որպեսզի իրենց որդեգրած մոտեցումներն աստիճանաբար արմատավորվեն հասարակության մեջ: Համլետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. - Ինչպե՞ս եք գնահատում այն իրողությունը, որ «Ժառանգությունը» առաջադրեց իր թեկնածուին: - Շատ սովորական: Դա իրենց իրավունքն է: Քաղաքական ուժը պետք է օգտագործի իրեն ընձեռած խորհրդարանական հնարավորությունները: Ժողովրդավարական առումով մեծ է դրա նշանակությունը` մեր պառլամենտարիզմի զարգացման համար: Պառլամենտարիզմի արտահայտման ձևերից մեկն է, որ անգամ փոքրամասնությունը կարող է իր թեկնածուին առաջադրել: - Կոռեկտ չի լինի Ձեզ հարցնել, թե ո՞ւմ օգտին եք պատրաստվում քվեարկել, այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը Լարիսա Ալավերդյան թեկնածուի մասին: - Ես դրական կարծիքի եմ նրա մասին, անձամբ վաղուց եմ ճանաչում, ազատագրական շարժման մեջ է եղել, արցախյան շարժման առաջամարտիկներից է, նաև եղել է մեր` Մարդու իրավունքների պաշտպանը: Քաղաքական կենսագրության տեր անձնավորություն է: Այնուամենայնիվ, բնական է, որ ես պետք է պաշտպանեմ իմ կուսակցի թեկնածությունը: - Այստեղ խոսում է զուտ կուսակցական շահի հետապնդո՞ւմը: - Ոչ միայն կուսակցության, այլ երկրի շահի: