«Մարդ երևույթը  արժանի է հարգանքի» 


 

«Արտեմ Հարությունյանը ապագայի բանաստեղծ է, ինչպես Չարենցը` 20-րդ դարի հայ պոեզիայում: Նա իր տեղն ունի մեր գրական անդաստանում, և այն ընդլայնվում է նրա ամեն մի նոր գրքով: Մեծատառով սկսվող պոեզիա, որը շարժվում է Բարձրյալից դեպի տառապող մարդը»:

Մեծանուն բանաստեղ Գևորգ Էմինի խոսքերն են Արտեմ Հարությունյանի մասին:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Երբեմն ամենադժվարը լինում է ամենահաճելին: Հաճախ հայացք նետելով անցյալին` հասկանում ես, որ դա քո կազմավորման շրջանն է` քեզ իրականացրած տարիները: Ես մի անձ եմ, ով անցել է սովետական տարիներով: Դրանք և´ դժվար էին, և´ կործանարար, բայց և այնպես մղում էին ինտենսիվ աշխատանքի: Ամեն ինչ քաղաքականացված էր` սոսկալի պարտիական սիստեմ:

Ամենադժվարն ինքդ քեզ գտնելն էր. ո՞վ ես դու, ի՞նչ ես ուզում... Դժվարություններն էլ են մարդու համար. մարդը արդեն երևույթ է, որովհետև նա ստիպված է մաքառել, հասարակության մեջ տեղ գտնել: Մեր ծնողները միշտ չէ, որ մեզ հետ են. գալիս է ժամանակ, երբ նրանց հրեշտակային սիրո թևերը, որոնք մեզ պահում են այդ դժվարին օվկիանոսի ալիքների վրա, ստիպված են մեզ բաց թողնել: Եվ եթե հարուստ ներաշխարհ, գիտելիքներ ունես` չես ընկնի օվկիանոսի հատակը:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Ես Ղարաբաղի ճուտ եմ: Ղարաբաղը ինձ շատ բան տվեց` մեր մեծ այգին, թոհուբոհը, տատս, պապս, ովքեր ինձ շատ են սիրել:

Որպես կատակ` լավ կլիներ ֆրանսիացի կամ անգլիացի լինեի` զուտ մշակութային առումով, այլ ոչ թե` որ անգլերենը կամ ֆրանսերենը գեղեցիկ լեզուներ են: Եվ հետո` այդ ազգերը թուրքի ու ադրբեջանցու կողքին չեն ապրել: Նրանք ունեցել են այն վիթխարի մշակութային պարտեզը, որի մասին Գյոթեն ասում էր. «Եվրոպան մի մեծ այգի է, որտեղ բույսերը բարձրանում են վեր». դա եվրոպական մշակույթն է:

Իսկ լավագույնը ինձ համար հայ լինելն է: Ինչ ունեմ` ունեմ:

Արարատ սարը մի թևիս տակ, մյուս թևիս տակ իմ Ղարաբաղը, իսկ գլխիս մեջ հայ ոգին:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածն, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Այո´, շատ բան կա, որի մասին կուզեի վեպ գրել: Հայ հասարակությունը դեռևս կաղապարված է ադաթներով: Գրողը կարող է ազատ լինել, բայց նրա հոգին կաղապարված է ադաթներով:

Հասարակությունը թունավորում է գրողին` կոչ անելով չանցնել այս սահմանը, այն սահմանը: Այն էլ այն դեպքում, երբ նոր-նոր ենք դուրս գալիս ֆեոդալական սիստեմից:

Այդ սովորությունները գալիս են ազգի խեղճությունից, որն ամեն ինչ արել է ընտանիքի իդեալը պահպանելու համար: Գուցե պատճառն այն է, որ մենք երկար տարիներ պետություն չենք ունեցել:

Մեր հայ ընտանիքը ուժեղ է: Ամեն ազգ պետք է ինքը որոշի իր ուղին, բայց առանց հետամնաց ադաթների: Խորհրդային ողջ իդեոլոգիական կեղտը եկավ նստեց մեր վրա, որին մենք ստիպված տուրք տվեցինք մեր տարիները: Գրել չէինք կարող: Մի հատոր հանձնեցի հայպետհրատ` ընկավ գլավլիտ: Գրել էի` «Մի արձան նայում է անթարթ հայացքով իբրև թե ապագային»: Հարցրին` ո՞վ է այդ արձանը` Լենինի՞ն նկատի ունես: Ասացի` ոչ դուք նկատի ունեք: Ես նկատի ունեմ Հոմերոսին. այդ արձանը. կույր է, բայց նայում է ապագային:

Որպես գաղտնիք` կբարձրաձայնեի մարդու գաղտնիքը` ինչպես է մարդը գազանից հրեշտակ դառնում: Իհարկե, հարաբերական հրեշտակ, որովհետև մարդն առանց գազանի հետաքրքիր չէր լինի (գազան` նկատի ունեմ բնական մղումներով):

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Առեղծված է մարդու հոգին, որը կարողանում է դիմանալ այսքան հարվածների: Իմ ուղին լի է եղել մաքառումներով: Պարտադիր չէ զենք վերցնել, դուրս գալ փողոց և բոլորին սպանել: Քո մեջ է պայքարը: Առեղծվածային է մարդու հավատքը: Հավատքի կողմն են գնում միլիոնավոր մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն հավատքի հետ:

Ամեն դեպքում մարդ երևույթն արժանի է հարգանքի:

Ինչպիսի կրքեր էլ մեր մեջ փոթորկվեն` մեր հրաշքը երեխան է, որը սրբագործում է մարդկային ոգին: Այստեղ է, որ Աստծո գաղափարը ուժեղանում է:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը:

- Կյանքը ինքնին զավեշտ է: Չէ՞ որ, եթե շրջես` ողբերգության հակառակ երեսը զավեշտ է:

Կնոջ և տղամարդու հարաբերությունների մեջ էլ զավեշտալի բան կա: Երբևէ չեմ սիրել ծանր, մթամած մարդկանց: Ես զավեշտ եմ համարում պապիս հանճարեղ արարքներից մեկը:

Նա «Սոյուզտրանսի» դիրեկտորն էր. մարդ, ում Իսահակյանը «խոսքի գեներալ» էր անվանում:

Մի ծառայող ուներ, ով զբաղվում էր ավտուբուսների կանոնավորմամբ: Մի պրոֆեսոր գնում է Երևան դասախոսելու և սխալմամբ նստում է մի ուրիշ ավտոբուս: Ծառայողը գնում- ասում է.

- Վե´ր եկ. էս ավտոբուսը Երևան չի գնում, վե´ր եկ:

- Ո´չ, ես պետք է գնամ, դուք ինձ ուզում եք իջեցնել:

Մի երեք անգամ գալիս է ու ասում` «վեր եկ», վերջում զայրանալով նետում է`

- Ա´յ ընկեր, դու հո ոչխար չես, վե´ր եկ:

Գալիս է պապիս բողոքելու: Պապս կանչում է ծառայողին.

- Ղուկաս, դու չե՞ս ըմաչում, վուր սենց գյառան նման մարդուն ոչխար ես ասում:

Պրոֆեսորը, շնորհակալություն հայտնելով, հեռանում է, նորից նստելով նույն ավտոբուսը: Պապս ասում է.

- Ա´, գիդում չեմ. մի իրեք ամիս հետո նույն ոչխարն ա դառնալու:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Մորս դեմքն է, Ղարաբաղի մեր տունը, Լենինականը, որտեղ հորս ուղարկեցին «Բանվոր» թերթի խմբագիր: Ես երջանիկ եմ, որ մայրս, հայրս արվեստի մարդիկ են եղել: Ես երջանիկ եմ, որ այդքան ուշադրության եմ արժանացել նրանց կողմից: Այսօր ես անում եմ այն, ինչ գտնում եմ, որ մեր պոեզիայի համար կարևոր է: Եվ քննադատական մոտեցումները ցույց են տալիս, որ ես ճիշտ ուղու վրա եմ:

Ես կարծում եմ, որ կոչումը, որի վրա մենք ամեն օր աշխատում ենք, մեր ծնվելուց հետո երկրորդ կարևոր բանն է: Մեր երկրորդ անուն- ազգանունը մեր պրոֆեսիան է:

Չեմ մոռանում առաջին բանաստեղծությունս, որը տպագրվել է «Ավանգարդ»-ում` «Վան Գոգի ականջը» վերնագրով: Անհնար է մոռանալ առաջին սիրո հուշը, որը ինձ մինչ օրս էլ ուղեկցում է: Եվ, իհարկե, մորս, հորս դեմքերը, որոնք անհնար է մոռանալ: 

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ