Ինքնասպանության փորձը կանխվել է 


 

Անքննելի են մարդ արարածի երկրային գործերը: Իրենց աշխատանքային պրակտիկայում շատ բան տեսած իրավապահները վկայում են, որ բազմաթիվ են դեպքերը, երբ կյանքում մեկ կամ երկու անգամ սխալված և օրենքը շրջանցած մարդը կալանավայրից վերադառնում է վերափոխված, և մեկընդմիշտ խաչ քաշելով անցյալի վրա` դառնում օրինապահ քաղաքացի և հասարակության լիիրավ անդամ:

Եվ ընդհակառակը` ցավոք, քիչ չեն դեպքերը, երբ անօրեն վարքը դառնում է մարդու ուղեկիցը ամբողջ կյանքում, և նրան երբևէ չեն փրկում ո´չ աղոթք, ո´չ էլ ապաշխարություն: Զղջալու և ապաշխարելու ունակ են այն մարդիկ, ովքեր խղճի խայթ զգալով իրենց արածներից` ամաչում են անցյալից և ամեն կերպ ջանում մեղմելու նախկինում գործած մեղքերը: Զղջալու ու ապաշխարելու ձգտումը մեծ է նաև կալանավայրերում` դատապարտյալների մոտ: Բայց ներկայացվող դեպքում, ցավոք, դատապարտյալը փորձել էր ընտրել «վերափոխման» երրորդ, Աստծո կողմից անընդունելի ճանապարհը, որը, բարեբախտաբար, ձախողվել էր:

ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկությունից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ գողություն կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված 27-ամյա Ռաֆայել Շառոյանը նոյեմբերի 30-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ինքնասպանություն գործելու նպատակով հիմնարկության տարածքում ինքնաշեն դանակով երեք անգամ հարվածել է իր որովայնին, սակայն ինքնասպանության փորձը կանխվել է կալանավայրի աշխատակից ներից մեկի կողմից և Շառոյանը չի կարողացել ավարտին հասցնել մտադրությունը:

Ոստիկանները առգրավել են դանակը և կատարվում է նախաքննություն` պարզելու ինքնասպանության դիմելու դրդապատճառները...