Հուշարձանների ճակատագիրն անորոշ է 


 

Շուրջ մեկ ամիս առաջ հայ հասարակության ապրած հերթական ցնցումը կապված էր Հայաստանի Պատմության թանգարանի նախաձեռնած «Քարերը ժողովելու ժամանակը» հավակնոտ անվանումը կրող աղմկահարույց ցուցահանդեսի հետ: Արձագանքը միանգամայն օրինաչափ զայրույթն ու ընդվզումն էին: Օրինաչափ, քանի որ մի օր հանկարծ մամուլում հայտնվեց տեղեկատվություն, թե ՀՀ Կառավարության որոշմամբ շուրջ 60 անշարժ հուշարձանապատկան բեկորներ, պատմաճարտարապետական հուշարձաններ տեղափոխվել են մայրաքաղաք:

Հասարակության մտահոգությունն ու բարձրացված աղմուկը թերևս հաշվի առնելով` պատասխանատուները հայտարարեցին, թե տեղափոխում են ոչ թե հուշարձանը, այլ հուշարձանապատկան բեկորները: Այսինքն` հուշարձանը զրկում են իր ամբողջականությունից, իսկ մասնիկն` իր իմաստից: Ցանկացած հուշարձան միայն իր միջավայրում է լիարժեք:

Քարանձավագետների միության նախագահ, ճարտարագետ Սամվել ՇԱՀԻՆՅԱՆԻ համոզմամբ`

- Հուշարձանը միայն իր պատմական միջավայրում է հուշարձան: Երբ կտրում ես միջավայրից, այն դառնում է հուշանվեր, ընդ որում` անհասկանալի, անիմաստ: Ի՞նչ տարբերություն` դրանք Երևա՞ն են բերվում, թե՞ տանում են որևէ մեկի բնակարան: Ճանապարհների խաչմերուկին, բարձրադիր վայրում կամ եկեղեցու մոտակայքում կանգնեցված խաչքարը երկար մտածված, լանդշաֆտի հետ ընդհանրություններ գտած, համապատասխան շինությունների հետ ներդաշնակ մտածված կառույց է: Այդ խաչքարն ինչպե՞ս են պոկում, բերում Երևան: Ինչի՞ համար: Եթե չեն ափսոսում իրենց միջոցները, տառապանքը, գոնե խաչքարն ափսոսան: Դա նույնն է, եթե ասենք հայը ծնվել է այստեղ, բայց վատ է ապրում, ուրեմն տանենք Ֆրանսիա, թող այնտեղ մահկանացուն կնքի: Չէ´, թողեք այստեղ, սա իր երկիրն է: Սոված է, թե ոչ, սա մեր երկիրն է: Եթե անգամ ջարդված է խաչքարը, թողեք մնա իր տեղում: Ուզո՞ւմ եք վերականգնել, խնդրեմ, տեղում վերականգնեք` հաշվի առնելով լանդշաֆտի ճարտարապետական, պատմական խնդիրները և տեղակցման հետ կապված բոլոր հարցերը: Երբևիցե չի կարելի որևէ հուշարձան տեղափոխել մեկ այլ վայր և ցուցադրել որպես հուշարձան:

Իր մտահոգությունն է կիսում նաև «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը.

- Կառավարության որոշմամբ մայրաքաղաք բերված 63 հուշարձաններից 11-ը Սյունիքի մարզից են: Կուզեի խոսել հատկապես բոլորիս հայտնի Բղենո Նորավանքի մասին, որը մասնագետների պնդմամբ` իր պատկերաքանդակային արժեքով զիջում է միայն Ախթամարի Սուրբ խաչին: Այնտեղ գտնվող 8 պատկերաքանդակներն ինքնանպատակ չեն: Դրանք ամբողջություն են կազմում` Աստվածաշնչյան ավետումից մինչև Համբարձում: Եվ դրանցից մեկը բերվել է մայրաքաղաք` խախտելով ամբողջությունը: Եթե որևէ մեկին հետաքրքրում է հուշարձանը, իմ խորին համոզմամբ` նեղություն կկրի, կգնա, կտեսնի, ոչ թե Պատմության թանգարանում կծանոթանա դրա մի բեկորին միայն:

- Ինչ վերաբերում է ջրի տակ անցնող հուշարձաններին, ապա ասեմ, որ օրինակ` Ագարակի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն չի սուզվում, այնտեղ եթե շատ էլ ցանկանանք, մի բաժակ ջուր անգամ չենք կարող գտնել:

Ինչ ու ինչքան էլ հայտարարեն, ամենամեծ անհանգստություն պատճառողը, թերևս դառը փորձն է: Ունենք մայրաքաղաք բերված հուշարձաններ, որոնք այդպես էլ չեն վերադարձվել իրենց վայրերը:

- Նոր Նորքում գտնվող ժայռապատկերները, Կարապի լճի մոտակայքում գտնվող վիշապների արձանների օրինակը չափազանց մտահոգող է: Դրանց այստեղ գտնվելը պարզապես աբսուրդ է: Չես հասկանում, թե ինչ գործ ունի այդ վիշապը ժամանակակից քաղաքում: Դա պիտի գտնվեր Գեղամա լեռներում: Վիշապների մասին եղած գիտական ամբողջ նյութը խմոր է: Դեռ վերջնականապես ամեն ինչ պարզված չէ: Իսկ ինչպե՞ս ենք պարզելու, եթե վիշապների մեծ մասը մայրաքաղաք է բերվել կամ Սարդարապատում է: Սա ողբերգութ յունների շարան է, որի ծայրը չի երևում,- համոզված է Ս. Շահինյանը:

Պատմաբան Արտակ Մովսիսյանի կարծիքով`

- Մենք ունենք շատ տխուր նախադեպեր: Հուշարձաններ են տեղափոխվել և դրանք այսօր չկան: Օրինակ` Նորքի զանգվածի այդ ամբողջ ժայռապատկերների շերտը, որոնցից ոչինչ չի մնացել: Խնդիրը քննարկման ենթակա չէ. հուշարձանը պետք է իր տեղում լինի: Այլ հարց է, եթե նաև վերականգնելու նպատակով են այդ նմուշները բերվել: Թե չէ մերոնք «Առագաստ» սրճարանի մոտ վիշապաքար են դնում` այն էլ պառկած վիճակում: Լավ է, որ հիմա գոնե ցուցանակ կա: Ժամանակին չկար:

Հ. Գ. ՀՀ մշակույթի նախարարությունը վստահեցրել է, որ բոլոր հուշարձանները վերականգնվելուց հետո կվերադարձվեն իրենց վայրերը:

Սամվել Շահինյանի` վերջերս հրատարակված «Խաչքար. Տիեզերական արարչագործության սրբազան համակարգ» գրքում կարդում ենք. «Դասական խաչքարը պատվանդանի և միջավայրի հետ կազմում է ճարտարապետական ամբողջություն, իսկ տեղադրման տարածքի հետ` սրբազան համալիր»:

Ասվածն, անշուշտ, վերաբերում է բոլոր հուշարձաններին, որոնք աղավաղելու, խեղելու, աղճատելու իրավունքը ոչ ոք չունի: Նույնիսկ` վերանորոգման պատրվակով: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ