Ու նորից կգա ՆՈՐ ՀԱՅԸ

Այսօր, վաղը և ընդմիշտ 


 

Դարավերջի մեր սրբազան պայքարում շատերը հերոսացան, դարձան հավերժի ճամփորդ, նրանք ապրեցին ու անմահացան` հանուն մեկ գաղափարի, հանուն վեհ առաքելության` հայրենիքի փրկության:

Ճակատագրի վճռով մեր շատ լրագրողներ նվիրվեցին Արցախամարտին, իրենց գրիչը ծառայեցրին հանուն մեկ այլ առաքելության` ներկայացնել մեր սրբազան պայքարի տարեգրությունը, հերոս նահատակների կյանքի դրվագները, նրանց սպասումները, չիրականացված հույսերը. նրանց կենսագրության հաճախ անհայտ մնացած էջերը:

Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձևը» հաղորդաշարի հեղինակ Գոհար ՄԱՐՏԻԿՅԱՆԻ անունն անխզելիորեն միահյուսված է Արցախամարտի թեմային: Մարդ, ում մեջ զարմանալիորեն ներդաշնակված են գրողը, լրագրողը, հերոսի մայրը... Նա իրեն հատուկ աննկարագրելի, ինքնաբուխ նվիրումով է ներկայացրել գոյապայքարի` մեր 850-ից ավել հերոսների կյանքի դրվագները, ապրեցրել նրանց սխրանքները, ապրել նրանց կորստի անսփոփ ցավը: Ներկայացրել է ցաված սրտով ու հպարտորեն:

Օրեր առաջ լրացավ Արցախյան գոյապայքարի նվիրյալ հերոսներից մեկի` ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, Անկախության բանակի հրամանատար, Ազատագրական բանակի հիմնադիր, ֆիզիկոս-գիտնական, լուսավոր անհատականություն, գաղափարակիր մարտիկ ու հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի 70-ամյակը: Հերոսները երբեք չեն մեռնում, նրանք մեր կողքին են իրենց հավերժ ներկայությամբ, իրենց պատգամներով ու դասերով: Պատահական չէ, որ Գոհար Մարտիկյանի հեղինակած նոր հերոսապատումը նվիրված է մեծն հայորդուն: Պատմավավերագիր-վիպերգ, որն առանց վարանելու կարելի է բնորոշել որպես թանկ նվեր` պատմությանն ու սերունդներին, քանի որ գիրքը ներկայացնում է Լեոնիդ Ազգալդյանի կյանքի համապարփակ ու ամբողջական պատմությունը: Նույն ծանոթ ձեռագրով, սրտի նույն թրթիռներով երկնած տողերից հառնում են հրամանատարի անբիծ նկարագիրը, կյանքի ուշագրավ ու ուսանելի դրվագները. կյանք, որ ծայրեծայր ինքնայրում ու սխրանք է:

«Սա Հայաստանն է և վերջ»... թևավոր խոսքի արժեք ստացած Լեոնիդ Ազգալդյանի այս խոսքերով է վերնագրված գիրքը:

«Սա Հայաստանն է և վերջ»,- խրոխտ ձայնով ազդարարում էր հերոսը` կանգնած Շահումյանի լեռներում: Սա´ է անվիճարկելի ճշմարտությունը, հանուն որի ապրեց և անմահացավ հերոսը: Հեղինակը խորին ակնածանքով ու երկյուղածությամբ է ներկայացնում Լ. Ազգալդյան անհատին ու նրա պատգամները հղում սերունդներին.

- Թերթիր այս գրքի էջերն, իմ ուշի´մ ընթերցող, որպես պատգամ ապագա այն սերունդներին, ովքեր փնտրում են ազնվորեն, ինքնայրումով, անձնուրաց նվիրումով, սիրով ու խաղաղությամբ ապրելու իրենց ճանապարհը:

Հերոսի ծննդավայրի, ծնողների մասին հանգամանորեն ներկայացված պատմություններն է´լ ավելի են ընդգծում նրա նկարագիրը, ապրած կյանքը, անցած ճանապարհը` էջ առ էջ, փուլ առ փուլ: Նախ ամբողջանում ու առավել ճանաչելի է դառնում` ինչպես հեղինակն է բնորոշում, դեռ մանկուց հրամանատար, առաջնորդ, ազնիվ ու շիտակ Լեոնիդը, ապա ուշիմ ու խելացի դպրոցականը, ուսանողը, գիտնականը, գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը, ապա և` Արցախյան գոյապայքարի նվիրյալ մարտիկն ու հրամանատարը:

Գրքի էջերից իրենց ջերմ հուշերն ընթերցողին են փոխանցում հերոսի մտերիմները, մանկության ու պատանեկության ընկերները, բոլոր նրանք, ում բախտ է վիճակվել ճանաչել Լեոնիդ Ազգալդյանին: Նրա մարտական ընկերները, ջոկատի տղաները խորին ակնածանքով են հիշում հրամանատարին, ով եզակի էր իր նկարագրով: Հրամանատար, ում պատգամներն արդիական են նաև այսօր, ում մասին դժվար է խոսել անցյալ ժամանակով: Հերոս, ով սովորեցնում էր կռվել` հաղթելու, այլ ոչ թե մեռնելու համար:

«Մենք պետք է քայլենք մեր բոլոր ճանապարհներով, քանի որ դրանք մեր ճանապարհներն են»: Սա էր նրա համոզմունքը, որ նաև փոխանցեց իր մարտիկներին: Հերոսներն անմահ են ու նրանց կյանքի թելը կտրող դավադիր գնդակն անգամ անզոր է ընդհատել նրանց անկասելի ճախրանքը:

«Ոգին և ոչ թե զենքն է հաղթում պատերազմում»,- ասել է Լեոնիդ Ազգալդյանը:

Գիտե՞ր, արդյոք, լեգենդ դաձած հրամանատարի վրա 1992-ի հունիսի 21-ին դավադիր գնդակներ արձակողը, որ այսուհետ Լեոնիդ Ազգալդյանի ոգին է ՀԱՅԻՆ դեպի հաղթանակներ առաջնորդելու:

... Քանզի փորձության ժամին չենք զլանալու, կանչելու ենք Լեոնիդին, և նա կհասնի օգնության:

... Ու նորից կգա ՆՈՐ ՀԱՅԸ: Այսօր, վաղը և ընդմիշտ...»:

Այսպես է ամփոփվում հերոսապատումը: Այսպիսին է հերոսի` դեռ անցնելիք ճանապարհը: Սա է հեղինակի հավատամքը: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ