41-րդը` ահաբեկիչների թիրախում 


 

Երկու օր առաջ 158 երկրների վարկանիշային մի նոր ցանկ է հրապարակվել, որը գնահատում է այդ պետություններում ահաբեկչական ներքին ակտիվությունը և ահաբեկչության հետևանքով մահացությունների, ավերածությունների ու տնտեսական կորուստների մակարդակը (հաղորդել է WΖshington TiΗes-ը): Միացյալ Նահանգներն այդ ցանկում 41-րդն է:

Ուսումնասիրության հիմքում Մերիլենդի համալսարանի` ահաբեկչության հետազոտությունների կենտրոնի վերջին 2 տարվա վիճակագրության վերլուծությունն է:

Ինչպես և կանխատեսելի էր` ցանկը գլխավորում են Իրաքը, Պակիստանը և Աֆղանստանը: Չորրորդ հորիզոնականում Հնդկաստանն է, ապա` Եմենը, Սոմալին, Նիգերիան, Թայլանդը: Առաջին տասնակի նախավերջին (9-րդ տեղում) հայտնված Ռուսաստանին հաջորդում է Ֆիլիպինները: Պատերազմող Սիրիան` 14-րդն է:

Վերլուծաբանների կարծիքով` ահաբեկչության աճն առավել բնորոշ է «խառնածին», ինչպես նաև` ոչ իրական ժողովրդավար և միապետական վարչակարգերին:

Վերջին երկու տարում ավելի են հաճախակիացել ահաբեկչություն սանձազերծելու փորձերը, չնայած` նվազել է դրանց զոհերի քանակը: 2007 թ. 10 հազար զոհի դիմաց 2011-ին սպանվել է 7,5 հազար մարդ: