Պառակտումի բազեները 


 

Վայրի այդ փետրավորներն, այո´, Մոսկվայի և Էր-Ռիյադի միջև միջազգային սկանդալ են հրահրել:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Ռուսաստանի տարածք է տեղափոխել 49 բազե` որսի նպատակով: Դրանց մեջ, սակայն, 16-ը եղել են եզակի տեսակի: Ու հիմա թագավորական ընտանիքի անդամը և արտգործնախարարի տեղակալը մեղադրվում է մաքսանենգության մեջ:

Իր մասնավոր ինքնաթիռով արքայական ընտանիքը ժամանել է Ռուսաստան` Կալմիկիայում թռչունների ցուցահանդեսին մասնակցելու: Եվ ՌԴ բնապահպանության գերատեսչությունը հանկարծ պարզել է, որ սաուդյան գահաժառանգն ապօրինաբար 49 բազե է բերել ու դեռ 16-ն էլ սակավ հանդիպող տեսակի են:

Մոհամեդ ալ Կաբիրայից բռնագրավել են թռչունները, բայց արքայորդուն ձերբակալել անկարող էին բնապահպանները: Ոչ թե խնայել են, այլ պարզապես իրավունք չունեին, որովհետև թռչնասեր Մոհամեդն ի պաշտոնե անձեռնմխելի է: Նույն օրը ևեթ նա հեռացել է Ռուսաստանից, սակայն բնապահպանության գերատեսչությունը կարծես չի պատրաստվում մոռանալ միջադեպը:

Վայելքները, մանավանդ օտար պետությունում, երբեմն խարազան են դառնում: Այս պարագայում` նաև միջազգային վարկաբեկություն: