ԹՈՒՐՔԻԱՆ ՇՈՅՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 


 

Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները նման են մարտ ամսվան` մերթ չափազանց ջերմանում են, մերթ էլ ի հայտ են գալիս սառնության նշաններ: Թուրքիան իր հարաբերութ յունները «կրտսեր եղբոր» հետ միշտ կառուցում է սեփական շահերի վրա` այսպես Ադրբեջանը դարձնելով իր ցանկությունների խամաճիկը: Հիմա էլ հավանաբար հերթական «աղունն աղալու» խնդիր ունի և սկսել է սիրաշահել Բաքվին` այնտեղ գտնվող իր դեսպանի միջոցով գովեստի խոսքեր շռայլելով Ալիևի իշխանությանն ու փնովելով Հայաստանը:

Դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգյունը լրատվամիջոցներին ասել է.

- ԵԱՀԿ Մինսկի խումբը հնարավորինս շուտ պետք է ԼՂ խնդրի լուծման ուղի գտնի:

Անտեսելով փաստը, որ դիպուկահարներին շփման գծից հրաժարվում է հեռացնել հենց Ադրբեջանը, Ջոշգյունը հայտարարել է, թե հիմնական մեղավորը Հայաստանն է և նրա կողմից վարվող քաղաքականությունը: Դեսպանը անդրադարձել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին և ասել.

- Առանց Ադրբեջանի թույլտվության ոչ մի երկիր չի կարող այստեղ որևէ միջոցառում իրականացնել:

Պարզվում է, որ այս դեսպանը չի տիրապետում դիվանագիտության դասական կանոններին, քանի որ նման հայտարարություններ անել, նշանակում է` խառնվել այլ պետությունների ներքին խնդիրներին: Բայց երևի Անկարայից եկած պաշտոնյան կարծում է, թե իրեն ամեն ինչ կարելի է: Սրան հետևող մեկ այլ հայտարարություն վերաբերում է Ղարաբաղի խնդրի կարգավորմանը. դեսպանը չի թաքցնում, որ շատ հաճախ Ադրբեջանում հարցերը լուծողը հենց Թուրքիան է, որ նա է հուշում, ուղղորդում: Դեսպանը «զգուշացրել» է Հայաստանին.

- Եթե դա տեղի չունենա, այդ դեպքում Ադրբեջանը հզոր ներուժ ունի` իր հողերն օկուպացիայից ազատելու համար:

Եվ ո՞վ է խոսում հողերի օկուպացիայի մասին: Այն երկրի դեսպանը, որը տեր է կանգնել Արևմտյան Հայաստանին, ոչնչացրել բյուզանդական հարուստ մշակույթը, զավթել Կիպրոսի մի մասը: Իսկ եթե հանկարծ Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը կոալիցիա կազմեն և իրենց ներուժը գործի դնելով` գնան ազատելու իրենց հողերը... Բայց երևի դեսպանը նման հեռահար հայացք չի ունեցել, պարզապես հայտարարություն է արել` դուր գալու համար Ադրբեջանին:

Հետաքրքիր է, թե այս անգամ ի՞նչ շահեր ունի Թուրքիան Ադրբեջանում: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան կամենում է սիրիական հակամարտության մեջ ներքաշել ամբողջապես Ադրբեջանին` հետագայում հրաժարվելու համար պատասխանատվությունից և մեղադրանքներից: Իհարկե, թուրքական զինյալների, որոնք ներկայանում են որպես սիրիացի ապստամբներ, շարքերում նաև ադրբեջանցիներ կան, սակայն դա քիչ է, որպեսզի Թուրքիան կարողանա չքմեղանալ: Դրա համար էլ հիմա ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պատասխանատվությունն ընկնի Բաքվի վրա:

Սրանից զատ այլ խնդիր էլ կա. Ադրբեջանն արդեն համաձայնությունն է տվել` իր տարածքը տրամադրելու Իրանի դեմ նախապատրաստվող ռազմական գործողությունների համար: Թուրքիայի համար Իրանի դեմ սկիզբ առած ցանկացած ռազմական գործողություն կարող է ողբերգական լինել, քանի որ հենց Թուրքիան կհայտնվի շրջափակման մեջ և կկորցնի իր տնտեսության բազմաթիվ երակներ: Ուստի, հարկավոր է Ադրբեջանին ներշնչել, թե նա շատ հզոր է, կարող է իր բանակով քաջագործությունների գնալ` այսպիսով նախատեսվող իրանական ռազմական կոնֆլիկտում Ադրբեջանին մղելով առաջ և նույն պահին հետ քաշվել ու հայտարարել, որ ինքը դեմ է Իրանի դեմ սանձազերծվող ռազմական գործողություններին...

Չի բացառվում, որ Հայաստանի և Ղարաբաղի հարցում` Թուրքիան իր «կրտսեր եղբորը» մղի պատերազմական արկածախնդրության` հորդորելով հարձակում գործել Ղարաբաղի վրա: Այս դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի օգնություն հայցել Թուրքիայից, իսկ վերջինս էլ կսկսի առևտուրը: Իհարկե, այս վերջին տարբերակն այնքան էլ հավանական չէ, որովհետև Թուրքիան լավ է գիտակցում, որ Ղարաբաղի դեմ ցանկացած ռազմական ոտնձգություն համազոր կլինի ադրբեջանական բանակի ինքնասպանության: Ուստի կարող է հորդորել, ոգևորել, խոստումներ տալ` միաժամանակ ստանալով այն ամենը, ինչն իրեն պետք է... Իսկ իրեն այս պահին էներգետիկ հզոր ռեսուրսներ են պետք, Ադրբեջանի տարածքն է պետք` այստեղ մի շարք փորձարկումներ անելու համար...