ԻՆՔՆԱԱՐԴԱՐԱՑՈՒՄ` ԱՇԽԱՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ 


 

Օրերս մշակույթի աշխատողների արհմիության կենտկոմի նախագահ Ժանետա Թորոսյանը, որին, ի դեպ, ոլորտի շատ ու շատ աշխատողներ չեն ճանաչում, այսպիսի հայտարարություն է արել.  

- Մեր կազմակերպությանն անդամագրվելը կամավոր է և եթե մշակութային օջախների ղեկավարները կամ առանձին անհատ արվեստագետներ հարցեր ունեն, թող դիմեին ընդամենը 2 ամիս առաջ կայացած Մշակույթի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության 3-րդ համագումարին: Վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր չգիտեն նույնիսկ` իրենք արհմիության անդամ են, թե ոչ: Փորձը ցույց է տալիս, որ մեզ հիշում են միայն պրոբլեմ ունենալու դեպքում: Վստահեցնում եմ` արհմիությունը իր գործը կատարում է պատշաճ ու քաղաքակիրթ:

Անկեղծ ասած, շատ զարմացանք` իմանալով, որ համագումար է եղել, որ այդ ճյուղային կոմիտեն անգամ իր գործը կատարում է քաղաքակիրթ ձևով, իսկ մարդիկ դիմում են միայն պրոբլեմներ ունենալիս: Ինչպե՞ս են դիմում, երբ շատ-շատերը տեղյակ չեն կառույցի գոյության մասին, երբ մշակութային օջախներում երբեք չեն տեսնում տիկին նախագահին, երբ շատերը միայնակ կանգնում են դժվարությունների առջև` այդպես էլ չստանալով արհմիության աջակցությունը:

Ի վերջո, ի՞նչ քաղաքակիրթի մասին է խոսքը, երբ մարդիկ չգիտեն էլ, որ իրենք արհմիության անդամ են:

Նշանակում է, այս կոմիտեն վաղուց ի վեր դարձել է ինքնաբավ կառույց, որևէ մեկին պետք չեկող, քանզի հեռացել է մշակութային կազմակերպություններից, իր գործառույթները կատարելու վճռականությունից: Մենք հարցումներ կատարեցինք բոլոր թատրոններում, համերգակատարողական կոլեկտիվներում, թանգարաններում, գրադարաններում: Պատկերը պարզապես ան-մխիթարական էր: Որոշ տնօրեններ տեղյակ էին, որ կա այդպիսի կոմիտե, ոմանք հաստատեցին, որ իրենք ունեն արհկոմներ, սակայն համոզված են, որ բացի մարտի 8-ից ու Նոր տարուց, այդ կոմիտեների աշխատանքները չեն տեսնում: Իսկ սա նշանակում է, որ ակնհայտորեն տիկին Ժանետա Թորոսյանի գլխավորած կառույցը որևէ աղերս չունի արհմիութենական աշխատանքի և սկզբնական կազմակերպությունների հետ: Այն տպավորությունն է, որ տաքուկ տեղ է, ու տիկինն էլ իրեն վատ չի զգում, ձևական համագումարներ է հրավիրում, ինքն իրեն նախագահ ընտրում ու շարունակում անգործ «գործունեությունը»:

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ արհմիութենական կազմակերպություններ ունեցող մշակութային օջախներում մարդիկ բարեխղճորեն անդամավճարներ են տալիս, մինչդեռ երբեք չեն զգում արհմիության ներկայությունը: Իսկ այդ ներկայությունը պետք է բազմաթիվ աշխատանքային վեճերի, սոցիալական խնդիրների բարձրացման, դրանց լուծման ուղիների որոնման հարցերում: Տարիներ շարունակ մշակույթի ոլորտի մարդիկ բողոքում են չնչին աշխատավարձերի դեմ, տարիներ շարունակ բարձրաձայնում են, որ մի շարք պաշտոնների դրույքաչափեր սահմանված են նվազագույն աշխատավարձի չափով` միաժամանակ պահանջելով պարտադիր բարձրագույն կրթություն: Արհմիության կենտկոմը երբեք չի միացել այս խնդիրների բարձրաձայնմանը, երբեք չի մտահոգվել սոցիալական արդարության հաստատման հարցերով: Արհմիությունները չեն զբաղվել մշակույթի գործիչների բնակարանային, առողջապահական խնդիրներով, չնայած, հավանաբար, իրենց հաշվետվություններում փքուն զեկույցներ կլինեն` հանգստյան տների ուղե-գրեր տրամադրելու, հիվանդանոցային բուժօգնությանն աջակցելու ու էլի նման բաների մասին:

Ուրեմն, հարց է առաջանում, ինչի՞ համար է այդ արհմիությունը, ինչո՞վ է զբաղվում: Ինչի՞ մասին են խոսել համագումարում, այդ ո՞ր ձեռքբերումների համար են նորից Ժ. Թորոսյանին նախագահ ընտրել:

Արհմիությունների կոնֆեդերացիայում մեր այն հարցին, թե ովքե՞ր են մասնակցել համագումարին և ո՞վ է այդքան շահագրգիռ, որ ոչինչ անելու համար մարդիկ նորից վերընտր վում են, կատակով պատասխանեցին, թե բավական ներկայացուցչական համագումար է եղել, մասնակցել են բոլոր սկզբնական կազմակերպությունների ղեկավարները, իսկ տիկին Թորոսյանի «թիկունքն» էլ ինքն է:

Բայց ահա մի քանի օր շարունակ մեզ չհաջողվեց հանդիպել Ժանետա Թորոսյանին: Մեզ պարզաբանեցին, որ աշխատանքային օրը սկսվում է ժամը 9-ին և ավարտվում 18-ին: Ճյուղային արհմիության կենտկոմի նախագահը, պարզվում է, աշխատանքի է գալիս 10-30-ից հետո, իսկ հեռանում` երբ ցանկանա, ասենք, ժամը 16-ին: Վերահսկողություն չկա, որովհետև բոլոր ճյուղային արհմիություններն անկախ են, գործում են իրենց կամքով:

Էջը պատրաստեց Լ. ՄՈՒԹԱՖՅԱՆԸ