ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ 


 

Գուցե շատերը զարմանան` տեղեկանալով, որ ՀՀ 2013 թ. պետական բյուջեում նախատեսված մի շարք հատկացումներ մղում են մտածել, որ, չնայած երկրի նախագահի զգուշացումներին, ոմանք շարունակում են «ատկատների» գործը: Այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է հատկացվում 6 մլն 624 հազար դրամ` թրաֆիքինգի զոհերին սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու համար: Ստացվում է, որ պետությունն է իրականացրել թրաֆիքինգը ու հիմա էլ նույն պետությունը զբաղվում է վերականգնողական գործառույթներով: Հայաստանում մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ զբաղվում են թրաֆիքինգի խնդիրներով, ստեղծել են սոցիալ-վե րականգնողական կենտրոններ: Ինչու՞ է պետությունը ստանձնում այս գործառույթը և դեռ գումարներ էլ տրամադրում:

Ուշագրավ է մի հատկացում ևս. ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվում 106 մլն 932 հազար դրամ` կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների հետազոտման համար: Այսքան գումար ներդնելով` կարելի է բազմաթիվ համայնքների կարիքներ հոգալ, ոչ թե հաշվետվություններ գրել: Իսկ ահա մշակույթի նախարարությանն էլ 928 մլն դրամ է տրամադրվում` դպրոցական ֆիլհարմոնիայի գործունեության և համերգային ծրագրերի ստեղծման համար... Բայց երբ խոսում ենք նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու մասին` մեր իշխանավորները պնդում են, թե փող չկա...